Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ 1988-1992թթ․ և 2020-2023 թթ․ հայ փախստականության իրավունքների իրացումը դամոկլյան սրի պես կախված է սեփական վարչակարգի պարանոցին. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հունիս 24,2024 17:25

Ադրբեջանում պետական համակարգը հերթական հիստերիան է բարձրացրել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման առումով։ Մասնավորապես Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»։ Նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետություն, որը հսկայական միջոցներ է տրամադրում սպառազինությունների գնմանը, որը երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցություն է հաստատում տարբեր երկրների և դաշինքների հետ, որը ռազմատենչ հայտարարություններով է կերակրում սեփական հանրությանը՝ Հայաստանի դեմ պատերազմը և հայության ֆիզիկական ոչնչացումը որակելով որպես բնականոն և նույնիսկ անհրաժեշտ երևույթ։ Ադրբեջանական բանակը պարբերաբար իրականացնում է տեղական զորավարժություններ հենց Հայաստանի սահմանին, մասնակցում է միջազգային զորավարժությունների և Հայաստանին մեղադրում ռազմականացման և ռևանշիզմի մեջ։

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ, սակայն ինչու չի մեղադրում օրինակ Իսրայելին, որը մեծապես մասնակցել է Ադրբեջան զենքի մատակարարմանը, Պակիստանին, որը համակողմանի աջակցում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին, Բելառուսին, որը բոլորովին վերջերս խիստ ընտրանքաբար գովերգել է Ադրբեջանի հանցագործ պատերազմական վարքը, կամ այլ երկրների, որոնք «չեն տեսնում» Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում իրականացված էթնիկ զտումը, բայց հիանալի տեսնում են Բաքվի նավթային հնարավորությունները։

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջըզադեն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ սադրանքների ու քաղաքական շահարկումների մեջ և կոչ արել կատարել միջազգային պարտավորությունները։ Հարկ է հիշեցնել, որ անցած տարիների ընթացքում և նաև այսօր տարածաշրջանի միակ երկիրը, որը շարունակաբար չի կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ներառյալ՝ արդարադատության միջազգային դատարանի որոշումները, հենց Ադրբեջանն է։ Միջազգային պարտավորություններից խոսելիս կցանկանանք հիշեցնել Այխան Հաջըզադեին չմոռանալ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, քաղաքացիական բնակչության նկատմամբ պատերազմի, 150 հազար բռնի տեղահանված հայության և հայկական մշակութային միջավայրի էթնոցիդի մասին, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բռնի հայաթափման, 800 հազար հայության ունեզրկման, հայկական պատմամշակութային հետքի իսպառ վերացման մասին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական հիստերիան՝ Հայաստանին միջազգային հանրության աչքում որպես ագրեսոր և կարգազանց ներկայացնելու ջանքերը։ Նման քայլի գնալուց առաջ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ հայ փախստականության իրավունքների արդարացի իրացումը դամոկլյան սրի պես կախված է սեփական վարչակարգի պարանոցին՝ որպես ցեղասպանության դրվագներով ուղեկցված ռասայական խտրականության բարձրագույն դրսևորում։

«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930