Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում ասել էր, որ չի զղջում իր բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել է թե՛ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե՛ դրանից դուրս: Նաեւ նշել էր, որ պետք է համակերպվել այն ամենի հետ, ինչ կա եւ շնորհակալ լինել Աստծուն այն ամենի համար, ինչ տվել է: Մխիթարյանը ցավով փաստել էր, որ ազգային հավաքականի դռներն իր առջեւ փակ են:
Անդրադառնալով ֆուտբոլային աստղի հայտարարություններին՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում նշեց. «Հենրիխ Մխիթարյանը երիտասարդության ու բոլորիս համար ոգեշնչման աղբյուր է… Հենրիխն ասում է՝ կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց իր կարիերայից ավելի լավ կարիերա ոչ միայն անհնար է պատկերացնել հայի համար, այլ իտալացու համար, երբ ինքը խաղում էր Ինտերում, գերմանացու համար, երբ խաղում էր Բորուսիայում կամ անգլիացու համար, երբ խաղում էր Մանչեստր Յունայթեդում…Այդպիսի թիմերում խաղալը այդ ազգի ծնվածներն են համարում անհավանական կարիերա, իսկ Հենրիխն արել է ֆանտաստիկ, փառահեղ կարիերա»:
Ռեժիսորի խոսքով. «Հենրիխի եւ նման մարդկանց հանդեպ իշխանությունների չկամությունը գալիս է նրանից, որ հասկանում են՝ եթե վաղը իրենց աթոռներից շպրտեն դուրս, փոշին էլ մաքրեն, որեւէ մեկն իրենց չի հիշելու, իսկ Հենրիխի մասին խոսելու են, որ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ նման երեւույթ է եղել…Այդքան դժվարություններով եկել-հասել է նրան, որ Իտալիայի 100-ամյա պատմություն ունեցող թիմում ոսկե տառերով է իր անունը գրվել, որ այդ թիմի այսօրվա սիրտն է Հենրիխը…
Կարդացեք նաև
Նման բաները այս իշխանության համար չեն, սրանք հայտնի են իրենց ապականվածությամբ, սրանց մոտ թարսն է աշխատում…Դու ինչքան ոգեշնչման աղբյուր չես, այդքան լավն ես, ինչքան ստոր արարքներ ես գործում, այդքան լավն ես, ինչքան քո արարքները նորմալ մարդու նորմերից ցածր են, այդքան լավն ես, սա է կոնֆլիկտը…Հենրիխը ո՞նց կարող է խոսել սրանց մասին կամ վիճել սրանց հետ»:
Հովհաննես Գալստյանը նշեց, որ ինչ է թե աջակցել է Տավուշը հանուն Հայաստանի շարժմանը, իր ֆիլմի հետ կապված եւ 4 տարի առաջ փակված քրեական գործը վերաբացել են. «Ես հարցաքննություններից չեմ վախենում, որովհետեւ ձեր Հայաստանն ուղղակի կզելու է ՄԻԵԴ-ի որոշման տակ…Դուք մուծվելու եք իմ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ