Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլլի մաջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ արել է հերթական ծիծաղաշարժ հայտարարությունը՝ ասելով, թե «մենք գնահատում ենք այն սխրանքը, որը ադրբեջանցիները կատարել են Բելառուսը ֆաշիստներից ազատագրելիս»։ Զավեշտալի է, որ պատմության մասնագիտական որակավորում ունեցող Ալեքսանդր Լուկաշենկոն որպես պատմաբան այսքան մակերեսորեն է տիրապետում պատմական անցյալին, իսկ եթե ոչ, ապա Լուկաշենկոն դրսևորում է պարզունակ քծնանքի բարձրագույն մակարդակ՝ անարգելով այն բոլոր սխրանքները, որոնք իրապես գործվել են ոչ միայն Բելառուսի, այլև այլ երկրների նացիզմից ազատագրման համար։ Անհրաժեշտ է ընդամենը արձանագրել, որ 50 հազար հայեր են մասնակցել Բելոռուսի ազատագրմանը, որոնցից 15 հազարը զոհվել են մարտերում։ Նրանցից շատերը իրական սխրանքների համար պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, իսկ 11 զինվորներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից մեկն էր նաև ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ով, ի դեպ, ծննդով պատմական Գարդմանի Խաչինսար գյուղից էր, որն այսօր ադրբեջանական ֆաշիզմի հետևանքով ամբողջությամբ հայաթափված է։ Խաչինսարից էր նաև ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը։
Նման ձևակերպումներով Բելառուսի նախագահը պարզապես ծաղրում է այն հսկայական ավանդը, որ տարբեր ազգեր, այդ թվում հայերն ունեցել են մարդկության դեմ այդ խոշորագույն սպառնալիքի՝ նացիզմի ոչնչացման հարցում։ Սակայն խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում։ Բելառուսի նախագահը «գնահատում է» այն ժողովրդի սխրանքը, ով այսօր հերոսացնում է աշխարհամարտի սկզբից նացիզմի պարագլուխների հետ անմիջական կապ հաստատած, «Հիտլերի կողքին նստած» և, 1942 թվականից, երբ Բելառուսը դեռ փաստացի ֆաշիստական վերահսկողության տակ էր, նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծման աշխատանքներ տարած նախկին քաղաքական առաջնորդին՝ Մ․ Է․ Ռասուլզադեին՝ ադրբեջանական ազգայնականության և ծայրահեղականության հորը։ Դրանով Ալեքսանդր Լուկաշենկոն փաստորեն «գնահատում է» այն «արժեքները», որոնց դեմ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը 6 տարի կենաց և մահու պայքար է մղել, «գնահատում է» այն «արժեքները», որոնք վերածվել են հոլոքոստի, այն «արժեքները», որոնք այսօր միջազգային իրավունքով համարվում են մարդկության դեմ հանցագործություններ։
Ալեքսանդր Լուկաշենկոն ինքն է խոստովանում, թե «ես ուրախ եմ, որ մեզ մոտ համընկնում են արժեքները, կարծում եմ, որ ամեն ինչում»։ Սա նշանակում է, որ Լուկաշենկոն «ուրախ է» և «կիսում է» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, Լուկաշենկոն «կիսում է» 120 հազար քաղաքացիական բնակչությանը 10-ամսյա շրջափակման և սովամահության և մանկասպանության ելքով հումանիտար աղետի հարուցման «արժեքը», կիսում է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության էթնիկ զտման «արժեքը», Լեռնային Ղարաբաղում հայկական ազգային-մշակութային միջավայրի պղծման «արժեքը», պատմական Գարդմանի, Նախիջևանի, Շիրվանի բռնի հայաթափման, հայկական հետքի իսպառ ոչնչացման «արժեքը»։ Իսկ նման «արժեքներ կիսելուց» հետո պատրա՞ստ է արդյոք Ալեքսանդր Լուկաշենկոն և իր առաջնորդած երկիրը կիսել նման «արժեքների» բերած հետևանքների պատասխանատվությունը, պատրաստ է արդյոք կանգնել միջազգային դատարանների առաջ մարդկության դեմ գործած հանցանքների և դրանց խրախուսելու և «կիսելու» համար։ Մեկ հարցում գոնե թե Ալեքսանդր Լուկաշենկոն ճիշտ է, որ իրենք անձնապես և իրենց առաջնորդած հասարակությունները կիսում են ռասիզմի և այլատյացության խարանը՝ մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքների համակարգային ոտնահարումներով։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահի անհավասարակշիռ հայտարարությունները։ Մենք սթափության կոչ ենք անում Ալեքսանդր Լուկաշենկոյին և հորդորում հետևել իր «կիսած արժեքների» բնույթին և բովանդակությանը և վերընթերցել երկրորդ աշխարհամարտի պատմությունը՝ չմոռանալու համար, թե ովքեր են սխրանքներ գործել այն երկրի ազատության համար, որտեղ այժմ արդեն երեք տասնամյակ է, ինչ հաստատված է արևելասլավոնական մեկ այլ միապետություն՝ գահակալի ցմահ պաշտոնավարմամբ։
Կարդացեք նաև
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ