Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան պետք է, որ մնա միայն Թավշյա հեղափոխությունը, նա թուփը մեծացնում, դարձնում է ծառի չափ». Արամ Մանուկյան

Հունիս 24,2024 16:47

«Անթալոգիա կամ հանրագիտարան կարելի է կազմել Փաշինյանի այս վեց տարիների ստերի շարանով». Ասում է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ Aravot.am-ին ծավալուն հարցազրույցում։

– Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» Արցախի կորստի հարցով մշտապես մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և 20 տարվա թալանին։ Անցած շաբաթ ուղիղ մեղադրանք հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Ասվեց, որ իր հրաժարականը այդքան էլ հրաժարական չէր, այլ հայ ժողովրդի դեմ դավադրության մի մաս։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կատարվեց, որ սլաքներն արդեն ՀԱԿ-ի դեմ ուղղվեցին։

– Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հանում է իր դեմ, որպեսզի, իր պատկերացումներում, նա մնա միակը։ Նա մերժում, կեղծում և ուրանում է ամբողջ պատմությունը, որի միջով անգամ ինքն է անցել։

Նա հետևողականորեն վարկաբեկում է 1988-ից սկիզբ առած ազատագրական շարժումը, այն լուսավոր շարժումը, որի արդյունքում մենք ունեցանք երկու պատմական հաղթանակ՝ պետականության ստեղծում և Ղարաբաղի ազատագրում։ Մեր ժողովրդի զրկանքով 12 հազար քկմ ավելացնելը մեզ համար պատմական հաջողություն էր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձ է անում զրոյացնել և վարկաբեկել «Ղարաբաղ» կոմիտեի և քաղաքական հաղթած թիմի նվաճումները։

Պատկերացրեք, որ կա դաշտ, որտեղ կա մի թուփ և կողքը լիքը ծառեր։ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է այդ բոլոր ծառերը ոչնչացնել, որպեսզի այդ թուփը երևա ամենաբարձրը։ Ամենը ուրանալով և ցանկանալով մնալ միակը՝ նա Հայաստանում ստեղծել է, իր սիրելի բառով ասած, աննախադեպ մի իրավիճակ, որտեղ գնում է սևի և սպիտակի հակամարտություն։

Սևի մեջ նա ընդգրկել է 1988-ի շարժումը, ղարաբաղյան առաջին հաղթանակը, Տեր-Պետրոսյանի դիվանագիտական և ռազմական հաղթանակները։ Նա իր դեմ է հանել Եկեղեցուն, մտավորականությանը, կրթական և մշակութային համակարգերը։ Նրա քաղաքական պրոդուկտը միայն կոնֆլիկտն է, որովհետև նա շատ լավ կարողանում է չեղած տեղից կոնֆլիկտներ ստեղծել։ Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի դեմ նախորդ շաբաթվա անազնիվ և անբարոյական դեմարշը դրա հերթական դրսեւորումն էր։

– Բայց նա փորձում էր փաստարկել իր հայտարարությունները։

– Նա որևէ փաստ չի ներկայացրել, բայց քանի որ իր լրատվական միջոցները շատ ավելին են, իր կեղծիքներին լսում են, օրինակ, հազար հոգի, իսկ մեր հերքումներն ու փաստարկները լսում տասը կամ հարյուր հոգի, դրանք չեն դառնում համաժողովրդական։

Իր բացահայտ կեղծիքներից բերեմ մի օրինակ․ նա ասում է, թե Լիսաբոնից հետո հասարակությունը չի տեղեկացվել խաղաղության գործընթացի մասին, մենք խաբել ենք ժողովրդին։ Դա ծայրից ծայր սուտ է։ Իր թերթն էլ է գրել Լիսաբոնի մասին։ Լրատվական և քաղաքական դաշտում լայն քննարկումներ են եղել։ Այն ժամանակ չկային սոցիալական ցանցեր, կային տեղեկությունների տարածման այլ մեթոդներ։ Իր տրամաբանությամբ՝ հազար տարի առաջ ո՛չ ռադիո է եղել, ո՛չ էլ հեռուստատեսություն, ուրեմն ի՞նչ, ժողովուրդը բան չէ՞ր իմանում։ Թագավորի հրամանով տեղեկությունները արագ մասայականացվում էին։

Փաշինյանի շուստրիությունները պրիմիտիվ են, լկտի ստեր, ժուլիկություն։ Դա իր աշխատելաոճն է։ Խելառը մի քարը գցում է, հարյուր խելոքը պիտի փորձեն այդ գցած քարը հանեն։

Անթալոգիա կամ հանրագիտարան կարելի է կազմել Փաշինյանի այս վեց տարիների ստերի շարանով։ Այսօր իշխանության է մի մարդ, որի պատճառով մենք կորցնում ենք և՛ դրսում, և՛ ներսում։ Մեզ վրա ծիծաղում են։ Անլուրջ ղեկավար ունենալը դժբախտություն է։ Նիկոլը մեր դժբախտությունն է, մեր փորձանքը։

– Ըստ Փաշինյանի՝ 1996 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովը փաստեց, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս Ղարաբաղի հարցով, հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուզում եմ հարցնել Ձեզ․ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետությունից դուրս լինելու հնարավորություն ունե՞ր։

– Միշտ ուներ։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որին այդքան հղում են անում, Հայաստանն ընդունել է տասը վերապահումներով։ Դրանք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։ Մենք 1992 թվականի հուլիսին ընդունված օրենք ունենք, ըստ որի՝ Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի Ղարաբաղի ստորագրությունը կամ որի արդյունքում Ղարաբաղը կհայտարարվեր Ադրբեջանի մաս։

Մեր դիվանագիտությունը գնացել է հետևյալի ուղղությամբ՝ Ղարաբաղից դուրս տարածքները հանձնում ենք, որպեսզի ստանանք միջանկյալ կարգավիճակ։ Ըստ փուլային տարբերակի ՝ լրացուցիչ շրջաններից երկուսը պահում էինք, մինչև Ղարաբաղի կարգավիճակի հարցը չլուծվեր։

Մեր իշխանության ժամանակ մենք երբևէ չենք հռչակել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Դա արել է միայն Նիկոլ Փաշինյանը։ Դա մեծագույն պատմական սխալ էր, և դրա արդյունքում դատարկվեց Լեռնային Ղարաբաղը, իսկ ինքնորոշման գործիքը ոչնչացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։

Դրա հիմքը, սակայն, դրել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ նա երկու երկրի նախագահ պետք է լինի և որ Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի ձեռքին է։ Մենք դրանով ոչնչացրինք ինքնորոշման իրավունքը։

– Այսինքն` խնդիրը Արցախից դուրս գտնվող շրջանների վերադա՞րձն էր միայն։

– Փուլային տարբերակով հինգ շրջան վերադարձնում էինք։ Բլոկադան պետք է վերացվեր։ Ղարաբաղը ներկայացուցիչներ էր ունենալու արտերկրում։ Հայկական դրամն այնտեղ գործելու էր։ Ղարաբաղի զորքերը և ընտրովի մարմինները շարունակելու էին գործել։ [Հեյդար] Ալիևը համաձայն է եղել այդ ամենին։

Ահա մի թուղթ, որտեղ նախագահ Ալիևը խորհրդարանի փոխնախագահին նշանակում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների պատասխանատու։ Ալիևը պատրաստ էր Լեռնային Ղարաբաղի հետ բանակցել։ Դա էր ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ էր և կարող էր վարել բանակցություններ։ Եթե սա դիվանագիտական հաղթանակ չէր, ապա ի՞նչ էր։

– Այսինքն` աշխարհը Արցախն ընդունե՞լ էր որպես սուբյեկտ։

– Այո։ Մեր դիվանագիտության հաղթանակն էր այն, որ աշխարհի երկրները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջոցով մեզ առաջարկ ներկայացրին Ղարաբաղի լուծման հարցով։ Առաջարկի շրջանակներում՝ Ղարաբաղը հարցի կողմ էր համարվում։ 1994-ի Բիշքեքյան արձանագրության ստորագրողներից մեկը Ղարաբաղն էր, այսինքն՝ Ալիևը հաշվի է նստել Ղարաբաղի՝ գործոն լինելու փաստի հետ։

Եթե մեր արկածախնդիրները քյալագյոզությամբ չզբաղվեին, չհայտարարեին «Մենք մեր զրոյական կետից ենք սկսում», «Արցախը Հայաստան է և վերջ» մենք այսօր կունենայինք Ղարաբաղ և կլինեինք խաղացող։ Իսկ հիմա մեզնով խաղում են, որովհետև մենք աշխարհի հետ խոսելու այլևս ոչ մի գործիք չունենք։ Մեր լավագույն գործիքը Ղարաբաղն էր, իր ինքնորոշման իրավունքով։ Ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, ո՞ւր մնաց «անջատում հանուն փրկության» գաղափարը։

Գեղցու շուստրիությամբ և կարճ խելքով վարած քաղաքականության արդյունքում կորցրինք պատմական հազարավոր քառակուսի կիլոմետրեր, կորցնում ենք նաև Հայաստանի տարածքներ։

Երկրները չեն հանդուրժում, երբ ղեկավարները ցանցառ են։ Նրանք միայն կորուստներ են բերում։ Աբուլֆազ Էլչիբեյը նույնն էր։ Նա քյալագյոզ էր, հաշվարկով չէր շարժվում, դրա համար էլ այդքան կորուստներ ունեցավ։

Մեր հաշվարկված քաղաքականության արդյունքում ամբողջ պատերազմի ընթացքում մենք, բացի Ադրբեջանից այլ հակառակորդներ չունեցանք։ Արաբական աշխարհը մեզ երբեք չասաց՝ քո աչքի վերևը ունք կա։ Թուրքիայի տարածքով մենք վառելիք ենք ստացել, որը հենց պատերազմի մեջ ենք օգտագործել։ Թուրքիայի տարածքով մենք հաց ենք ստացել, ամերիկյան և եվրոպական օգնություն ենք ստացել։

– Հաշվարկված դիվանագիտությունից խոսեցիք։ Ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի նախագահի հանդեպ վարչապետ Փաշինյանի հայտնած դիրքորոշումը։

– Զենքդ, զինվորիդ և տարածքդ պահելու համար դու պետք է դիվանագիտություն կիրառես։ Այսօր Նիկոլը թշնամի է հռչակել Ռուսաստանին, Բելառուսին, ՀԱՊԿ-ին՝ չունենալով որևէ այլընտրանք կամ փոխարինող։

Վերջերս հրապարակվեց ԱՄՆ ութ նախագահների աշխատակազմերում աշխատած, Արևելքի մասնագետ, մեր հայրենակից Էդվարդ Ջերեջյանի հարցազրույցը Mediamax.am-ին։ Ուզում եմ շեշտել՝ նա ութ նախագահի է խորհուրդ տվել։ Նա հզոր մարդ է։ Այդ մարդն ասում է, որ մենք խելքի գանք։ Ամերիկացի դիվանագետն է ասում՝ չի կարելի Ռուսաստանին թշնամի համարել։ Ամերիկացիները ասում են՝ հանկարծ այդպիսի ապուշությունների չգնաք։

Ուզենք դա, թե չէ, մենք Ռուսաստանի հետ կապված ենք բազմաթիվ կապերով՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային։ Մենք այնտեղ սփյուռք ունենք։ Ինչպե՞ս թշնամանալ այդ երկրի հետ։

Ինչո՞ւ են դեմարշ անում Բելառուսի նկատմամբ։ Չկա՞ն դիվանագիտական լուծումներ։

– Ժողովրդի մի զգալի հատված ողջունում է Պուտինի և Լուկաշենկոյի հասցեներին հնչող իշխանական քննադատությունները։

– Որովհետև ժողովրդին մատուցվել է, որ այս ամենի մեղավորը միայն ռուսական իշխանություններն են։ Դրա հիմքը կա, իհարկե, որովհետև ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը մեզ հետ վարվեցին ոչ այնպես, ինչպես վարվում են ռազմավարական գործընկերների հետ, բայց մենք արեցի՞նք ամեն հնարավորը, որ այն ինչ եղավ, չլիներ։ Մենք էլ ենք նպաստել կատարվածին։

Ինչ էլ եղած լինի, ապաշնորհ են նրանք, որոնք բարեկամների թիվը կրճատում են։ Շնորհքով և լրջմիտ են նրանք, որոնք բարեկամների թիվն են ավելացնում։ Որքան բարեկամ ունես, այդքան ուժեղ ես։ Որքան փող ունես, այդքան ուժեղ ես։ Պետք է գնալ այդ ճանապարհով՝ ավելացնելով բարեկամների թիվը, փողը և զենքը։

Չես կարողանում բարեկամանալ, ապա գոնե այնպես արա, որպեսզի չեզոք մնան։ Առաջին պատերազմի ժամանակ Վրաստանը մնաց չեզոք։ Թուրքիան մնաց չեզոք։ Իսկ ի՞նչ եղավ այս երկրորդ պատերազմին։ Թուրքիան ղեկավարում էր պատերազմը։ Նիկոլը ազատ արձակեց Էրդողանի ձեռքերը։ Նա հաթաթա էր տալիս Անկարային, Բաքվին, Մոսկվային։ Փոքր երկիրը ո՞նց կարող է շանտաժով և հաթաթաներով անվտանգություն ապահովել։

Դիվանագիտությունը երեք հազար տարվա պատմություն ունի, և այս առումով պետք է հիշել ժողովրդական ասացվածքը՝ 7 մոր կաթ ծծած գառն է ամենախելոքը։

Դիվանագիտություն է այն, երբ դու բարեկամ ես այն երկրներին, որոնք իրար թշնամի են։

Զրույցը՝ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻ

Հարցազրույցի ամփոփիչ հատվածը՝ առաջիկա օրերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930