Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից մարդ եկա՞վ Լալային հրաժեշտ տալու… տղա մնացեք. Լեւոն Հարությունյան

Հունիս 24,2024 15:54

«Ես իմ առաջին քայլերը Լալայի հետ եմ արել, արել եմ Մետրո թատրոնում՝ 1992-93թթ…Այդ ժամանակվանից ինքն իմ կողքին է եղել…Լալան հիմա էլ կա: Բայց նաեւ կա շատ-շատ պատճառներով…Ինքը թողնում է հրաշք սերունդ, որը ստեղծելու է մշակույթի մի օդ, որը հետո շնչելու ենք: Լալան այդ տեսակն էր, մեծ էր, առանց որեւէ մեկին նեղություն տալու հանկարծակի գնաց… Ինքը բնության նման էր, ամեն ինչն ակնթարթի տակ էր որոշում, իր գնալն էլ այդպես էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լեւոն Հարությունյանը, որը եկել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին վերջին հրաժեշտը տալու:

«Տիկին Մնացականյանը մեզանից ամեն մեկիցս մի քիչ- մի քիչ տարավ իր հետ…Նման մարդկանց դեպքում բոլորս մի քիչ մեռնում ենք: Մենք դա չենք զգում, առավել եւս ղեկավարությունը…»,-նշեց դերասանը:

Ապա հարց ուղղեց լրագրողներին. «Մի հարց տամ էլի, վերեւներից այստեղ մարդ չի երեւացե՞լ… Կառավարությունից մարդ եկա՞վ Լալային հրաժեշտ տալու… Ուղղակի ուզում եմ նայեմ էդ աբիժնիկների աչքերի մեջ ու ասեմ՝ տղա մնացեք»,-ասաց Լեւոն Հարությունյանը:

Հավելեց, որ Լալա Մնացականյանը հաճախ էր թիրախում հայտնվում, որովհետեւ չէր ստում: «Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին։ Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետեւ ով մի քիչ այն չի խոսում, նեղանում են…»,- շեշտեց դերասանը:

Լեւոն Հարությունյանը նկատի ուներ 44-օրյա պատերազմից հետո Լալա Մնացականյանի քննադատությունը՝ ՀՀ իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչպես նաեւ դեմ արտահայտվելը տրանսպորտի թանկացմանը: «Սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում։ Դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Եթե այդպես շարունակեք, ապա ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է… Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացման դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, թե այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը, ինչպես կարելի է թանկացնել, իսկ հիմա մենք շատ լավ տրանսպորտ ենք բերել, պետք է թանկանա, որովհետեւ դուք օգտվում եք շատ լավ տրանսպորտից։ Այն ժամանակ էլ մարդիկ խցկված, իրար վրա դարսված երթեւեկում էին, հիմա էլ նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Փոխվել է ընդամենը ինչ-որ մի գեղեցիկ, պուպուշ տրանսպորտ, որտեղ մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին եւ խցկված հասնում են տեղ»,-ասել էր դերասանուհին:

Լալա Մնացականյանը 44-օրյա պատերազմից հետո քննադատել էր Նիկոլ Փաշինյանին իր ձեւակերպմամբ՝ մի ողջ ժողովրդի դաժանորեն խաբելու համար. «Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։ Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։ Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։ Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է։ Այն ԼՈՒՅՍ ԷՐԵԽԵՔԸ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, մեզ հանձնվելու իրավունք չեն տվել…Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ։ Եթե քո մեջ խղճի մի փոքր նշույլ դեռ մնացել է, դու պարտավոր ես ամեն գնով ազատել մեր գերիներին։ Եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, ապա պարտավոր ես ինքնակամ հեռանալ։ Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ»։

Նրա վերջին հրաժեշտի արարողությանը որեւէ պաշտոնյա չի մասնակցել: Հավաքվածները Լալա Մնացականյանին հրաժեշտ տվեցին ծափերով։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930