Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանավարտների մեկ խմբով հնարավոր չէ ժողովրդավարացնել երկիրը. Արմեն Սահակյան

Հունիս 24,2024 14:15

«Որոշեցինք մի պիլոտային ծրագիր իրականացնել, որը կոչվում է Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա: Նպատակն է այդ ձեւաչափի շրջանակում ավելի ակտիվացնել երիտասարդությանը՝ թե քաղաքական գործունեության, թե առաջնորդության առումով»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ ծրագրի հայեցակարգը ներկայացնելը արվել էր կարիքների գնահատում: «Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ երիտասարդներն այդքան էլ հակված չեն զբաղվել քաղաքականությամբ տարբեր գործոնների պատճառով, բայց հնարավորությունների ընձեռման դեպքում իրենք ավելի մեծ մոտիվացիա ունեին ներգրավելու»,-հավելեց նա:

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան միտված է տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապահով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության և տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը։

Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։ Ակադեմիան ներգրավել է քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքականությամբ հետաքրքրված ակտիվ անհատների՝ ուսումնական ծրագրում ներառելով ժողովրդավարության, քաղաքական համակարգերի և քաղաքականություն մշակելու թեմայով դասընթացներ, բանավեճեր, քաղաքական գործիչների հետ ոչ ֆորմալ հանդիպումներ, ինչպես նաև փորձի փոխանակում՝ Վրաստանի ուսանողների հետ։

Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Սահակյանը նախ ներկայացրեց Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի մասին, որը հիմնադրվել է 2000թ, Նիդերլանդների խորհրդարանի 7 կուսակցությունների ջանքերով: Նրա խոսքով, այժմ ակադեմիան աշխատում է ավելի քան 20 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, եւ իր առաջնային 5 ուղղություններից մեկը ժողովրդավարական կրթությունն է:

«Շատ ուրախ ենք Նիդերլանդների Թագավորության կողմից ունենալ ֆինանսավորում պիլոտային այս ծրագիրն անելու համար՝ ի դեմս Երեւանում գործող Նիդերլանդների դեսպանության, շատ ուրախ ենք նաեւ ՕքսԵՋենի հետ համագործակցությամբ: Ունեցել ենք 25 մասնակից շրջանավարտ, հույս ունենք շարունակել եւ զարգացնել ծրագիրը, քանի որ շրջանավարտների մեկ խմբով հնարավոր չէ ժողովրդավարացնել ցանկացած երկիր»,- ընդգծեց Արմեն Սահակյանը:

Նրա ձեւակերպմամբ, Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան կարող է դառնալ հարթակ հետագա ավելի լայն քաղաքական, հասարակական երկխոսության համար, քանի որ առանց երկխոսության հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանի խոսքով, դեսպանությունը 3,5 տարի է, ինչ գործում է Հայաստանում, եւ իրենց հիմնական առաջնահերթություններից է՝ նպաստել Հայաստանում ունենալու մարդու իրավունքների պատշաճ կառավարում, օրենքի գերակայություն եւ հաջողված կառավարում ընդհանրապես: Հավելեց, որ ի սկզբանե նպատակ ունեին աջակցել , որ քաղաքական կուսակցությունները երկխոսեն, հետագայում որոշեցին ներգրավել երիտասարդության թեւը եւ քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչներին:

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի շրջանավարտ Արևիկ Նավոյանը նշեց, որ ակադեմիան յուրահատուկ հարթակ է հանդիսացել բազմաթիվ երիտասարդների համար: Նրա խոսքով, բացի ակադեմիայի շրջանավարտներից, հետաքրքիր էր շփվել երիտասարդ դասավանդողների հետ, որոնք 6-շաբաթյա ուսումնառության ընթացքում իրենց հրաշալի փորձն են սիրով փոխանցել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930