Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն չի ցանկանում ֆինանսավորել որմնանկարների վերականգնումը. ցանկում 150 որմնանկար կա. «Հետք»

Հունիս 24,2024 12:20
«Հետք».  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 100 կառույցում առկա 150 որմնանկարների ուսումնասիրման և մշտադիտարկման ցանկ է կազմել։ Ցանկում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում  գտնվողներից բացի, ներառված են ժամանակակից որմնանկարները։ Խորհրդային տարիներին ստեղծված որմնանկարների քանակի, դրանց գտնվելու վայրի և պահպանության վիճակի մասին նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում։

Նախատեսում են որմնանկարների պահպանության, վերականգնման, փաստավավերագրման և ամրակայման գնահատում իրականացնել, որի համար գումար է անհրաժեշտ։ ԿԳՄՍ նախարարությունը «Հետք»–ին տեղեկացրել է, որ 2022թ․–ին որմնանկարների ցանկը և ծրագիրը ներկայացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին, սակայն ծրագիրը հավանության չի արժանացել։

ՊՈԱԿ-ը նույն ծրագիրը 2023թ․-ին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհին ու դարձյալ մերժվել է։ 2024թ․-ին կրկին փաթեթը ներկայացրել է նախարարության դրամաշնորհին, արդյունքները դեռևս հայտնի չեն։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Հարություն Վանյանը 2020թ․–ին տված հարցազրույցում հայտնել էր, որ կառավարությանը ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսվում է մոնիթորինգ իրականացնել՝ առավել վտանգված որմնանկարների ցանկը պարզելու համար։ «Ծրագրի հաստատումից հետո՝ սկսած 2021թ․–ից, կանցկացվի մոնիթորինգ՝ յուրաքանչյուր որմնանկարի ներկա վիճակը պարզելու և առավել վտանգված որմնանկարների ցանկը կազմելու նպատակով։ Եթե ծրագիրը չհաստատվի, տեղային, մասնակի լուծումներ պետք է գտնեն՝ արդեն ոչ թե 150, այլ առանձին որմնանկարների մասով»:

Ծրագիրը դեռևս ֆինանսավորում չունի, ԿԳՄՍ–ն տեղեկացրել է առանձին որմնանկարների հետ կապված առաջիկա անելիքների մասին։

Մշակույթի նախարարությունը որմնանկարների վերականգնմանը գործուն մասնակցությունը, կարծես թե, ընդհատել է 2019թ.–ից։ Այդ ժամանակ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը դրամահավաք էր հայտարարել Գյումրիի Գալվանոմետրերի նախկին գործարանում գտնվող Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերականգնելու համար։ Տեղեկացրել է, որ նախարարությունը հրաժարվել է աջակցել, հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել։ Վերականգնված «Ցերեկ» որմնանկարը կտեղափոխվի Ջաջուռի թանգարան, իս «Գիշեր»–ը վերականգնելուց հետո, ի պահ է տրվելու ֆինանսավորող կազմակերպություններից մեկին:

Այժմ ԿԳՄՍ նախարարությունն ունի վերականգնման ու պահպանման ենթակա որմնանկարների մի մեծ ցուցակ և դրանք վերականգնելու պարտավորություն, բայց իր հայտարարած դրամաշնորհն անգամ չի ցանկանում տրամադրել այդ նպատակին։ Ֆինանսավորման այլ աղբյուրները, որոնք նախկինում ներգրավվել են այդ կարևոր մշակույթի պահպանության գործին, ներկայումս հրաժարվում են գումար հատկացնել։

Գլխավոր լուսանկարում՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը», Մինաս Ավետիսյան տուն թանգարանի ֆեյսբուքյան էջից

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930