Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին ձեռնտու չէ փաստաթղթի ստորագրումը, այսպես ինքը ստանում է այն, ինչ իրեն պետք է»

Հունիս 24,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

– Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։ Դեռ բոլորովին վերջերս այս իշխանությունները հայտարարեցին, որ իրատեսական են համարում մեկ ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» կնքումը, հիմա գուժում են մոտալուտ պատերազմի մասին, ի՞նչ է կատարվում։

– Նախ նշեմ, որ Ադրբեջանը վերջին շրջանում իր հայտարարություններով ուղիղ միջամտություն է ունենում Հայաստանի ներքին գործերին։ Կլինի դա Սահմանադրության հետ կապված հարցերը, Հայաստան-Ֆրանսիա կամ այլ պետությունների հետ համագործակցությունը, այդ ամենի հետ կապված Ադրբեջանը  հստակ գնահատականներ ու միջամտություն է ցուցաբերում։ Եվ վերջին երկու հայտարարություններով ՀՀ ԱԳՆ-ն սկսել է անդրադառնալ այս գործընթացին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մեր Սահմանադրության հետ կապված թեման հենց Նիկոլ Փաշինյանն էր փետրվար-մարտ ամիսներին ակտիվորեն դրել շրջանառության մեջ։ Պարզապես կարծում եմ՝ հանրային բացասական արձագանքներից ելնելով՝ հասկացավ, որ այս գործընթացն առնվազն այս փուլում չի կարող առաջ մղել։ Իսկ Ադրբեջանը դա որպես հստակ նախապայման է դրել։ Եվ եթե ուշադիր լինեք, այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն եւ տարբեր այլ պաշտոնյաներ սկսեցին հայտարարել, որ մեկ ամսվա մեջ պատրաստ են, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր ստորագրել, Ադրբեջանն սկսեց ապատեղեկատվություն տարածել նույն Նախիջեւանի հետ կապված, թե իբրեւ հայկական կողմը սրացումների է գնում, ինչը ժխտվեց ոչ միայն հայկական կողմից, այլ նաեւ Հայաստանում առաքելություն իրականացնող եվրոպական դիտորդական քաղաքացիական առաքելության կողմից։ Այսինքն՝ հստակ ակնհայտ է, որ Ադրբեջանին այդ հնարավոր փաստաթղթի ստորագրումն ընդհանրապես ձեռնտու չէ։

Ադրբեջանին ձեռնտու չէ փաստաթղթի ստորագրումը, որովհետեւ ինքը գործընթացի ընթացքում ստանում է այն, ինչ իրեն պետք է։ Եթե, օրինակ, անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցին, ապա այդ հարցը փաստացի օրակարգից դուրս մղվեց՝ Ադրբեջանի ձեռնարկած բլոկադայի եւ ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքով։ Եվ դրանից հետո նույն ՀՀ արտգործնախարարը տարբեր մայրաքաղաքներում խոսում է բանակցային երկկողմ ձեւաչափում ձեռքբերումների մասին։ Փաստացի Ադրբեջանին պետք է գործընթաց, որի ընթացքում ինքն ստանում է այն ամենը, ինչ նպատակ իր առջեւ դրել է։ Ի վերջո, Ադրբեջանի վերջնանպատակը ո՞րն է, որպեսզի հասնի նրան, որ Հայաստանը ներկայացնի որպես «օկուպանտ ու ագրեսիվ» պետություն՝ դրանից բխող բոլոր ռազմական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու բարոյական հետեւանքներով։ Երբ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են իրավունքներից, երբ ամբողջությամբ հերքում են Արցախյան շարժման ամբողջ էությունը ու գալիս ասում են՝ եկեք արմատից հրաժարվենք, խելոք ապրենք, որ իբր թե երջանիկ ապրենք, այդ կոնտեքստում Ադրբեջանը մաքսիմալ շահած է դուրս գալիս։ Իրենք մեր պետության, մեր տարածքի ու մեր մշակույթի հաշվին իրենց համար գոյություն չունեցող ինքնություն են այսօր ձեւավորում ու չակերտավոր «պատմական հայրենիք», մենք մեր ամբողջ պատմությունից ուղղակի հրաժարվում ենք Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ձեռամբ։ Եվ դրա դիմաց բացարձակ ոչինչ չենք ստանում՝ բացի հնարավոր ագրեսիայի նոր վտանգից։

Բայց ես այստեղ մեկ այլ վտանգավոր միտում էլ եմ տեսնում։ Եթե հիշում եք՝ Տավուշի դեպքերին նախորդել էր հստակ կազմակերպված տեղեկատվական արշավ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածում, իբր թե զորքերի կուտակումներ են այդ տարածքում։ Դրանից հետո ԵՄ քաղաքացիական առաքելությունը գնաց ու հայտարարեց, որ այնտեղ որեւէ կուտակում չկա, ժխտեց Ադրբեջանի ապատեղեկատվությունը, բայց դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Տավուշի գյուղեր ու սկսեց ժողովրդին համոզել, որ եթե զիջումների ճանապարհով չգնան, պատերազմ է լինելու։ Այսինքն՝ Ադրբեջանի սկսած ուժի, ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը վերցրեց իր ձեռքը, ուղղեց ժողովրդի դեմ, որպեսզի իր միակողմանի զիջումներն արդարացնի։ Հիմա, ԱԳՆ-ն ասում է՝ վայ, տեսեք, եթե դուք այս ճանապարհով չեք գնում, ուրեմն կա պատերազմի սպառնալիք, մինչդեռ, այդ սպառնալիքը կար այն օրվանից, երբ Իլհամ Ալիեւն սկսեց Հայաստանի Հանրապետությունը կոչել «Արեւմտյան Ադրբեջան»։ Այդ սպառնալիքն այնքան ակնհայտ է, դրա համար պետք չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն անի, ընդհանուր քաղաքականությունը պետք է նայել։ Եվ այդ ֆոնին ադրբեջանական մեդիա տիրույթում ես գտնում եմ նոր նյութեր, որ, օրինակ, «Ադրբեջանը պետք է պատրաստվի նոր պատերազմի», «Ադրբեջանը պետք է գնա քայլերի, որպեսզի Հայաստանին դաս լինի»։ Կամ հանդիպում եմ տեսանյութեր, որտեղ ասում են՝ «եթե Հայաստանը չի փոխում իր Սահմանադրությունը, ուրեմն Ադրբեջանն իրավունք ունի գնալ հետագա գործողությունների»։ Այսինքն՝ ես չեմ բացառում, որ ՀՀ իշխանությունների հնարավոր ապագա զիջումների համար կրկին Ադրբեջանի ապատեղեկատվությունը, քարոզչությունը, ուժի սպառնալիքը վերցնեն որպես քաղաքականություն ու ուղղեն ժողովրդի դեմ։ Սա արդեն մի մահակ է, որը քանի տարի մեր դեմ է ուղղվում, ասում են՝ եթե սա չանենք, պատերազմ կլինի, եթե այն չանենք, պատերազմ կլինի։ Հետո եւ զիջումներն են ապահովում, եւ պատերազմը։

Այս քաղաքականությունը ոչ մի կետում կանգ չի առնում։ Ուղղակի այնքան շատ են այդ ողբերգությունները, աղետները, ցավը, որ մարդիկ շատ հաճախ մոռանում ու հեռացնում են իրենցից այդ ամենը։ Բայց ամեն անգամ սա գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զիջումը ոչ միայն խաղաղություն չի բերում, այլ հենց իրենց խոստովանությամբ՝ բերում է հնարավոր նոր պատերազմի։

– Դիմակայելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը, իշխանություններն այն թեզն են ներարկում հանրությանը, որ թույլ ենք, չենք կարող դիմակայել, պարտված կողմ  ենք։

– Դիմակայություն հնարավոր է, եթե Հայաստանում լինի այնպիսի քաղաքական ղեկավարություն, որը դիմակայելու որոշում կկայացնի։ Պատերազմը նախ եւ առաջ կանխում են նույն դիվանագիտական, քաղաքական գործիքակազմով։ Իսկ դրա համար պետք է, որ դու հստակ որոշում ու քաղաքականություն ունենաս, որ գնում ես Ադրբեջանի համար տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների միջեւ կոնսենսուսներ թույլ չտալու ճանապարհով։ Պատերազմ լինում է, երբ այդ պատերազմի կամ ագրեսիայի շուրջ միջազգային որոշակի հստակ կոնսենսուս է լինում կամ առնվազն չեզոքություն։ Հիմա Ադրբեջանը դրանք չունի, քանի դեռ Ադրբեջանը դրանք չունի, դու պետք է գնաս դրանք կանխելու ճանապարհով։ Բայց երբ նույն Նիկոլ Փաշինյանն ուղղակի հայտարարել է՝ մենք կոնֆրոնտացիայի չենք գնալու, դա նշանակում է, որ ինքը հայտարարել է, որ չի դիմակայելու։ Եվ իր կառավարման պայմաններում որեւէ դիմակայության մասին հնարավոր չէ խոսել, ինքը հստակ ասել է, որ չի դիմակայելու։

-Հայտարարվեց, որ Բաքվի հետ երկկողմ ձեւաչափով են բանակցում, այսինքն՝ փորձում են չեզոքացնե՞լ միջնորդներին։ Ուղիղ բանակցությունը ո՞ւր է տանում, եւ այս պայմաններում գերտերությունները չեն կարո՞ղ միջամտել գործընթացին։

– Ուղիղ բանակցությունը ո՞րն է, ուղիղ բանակցությունն այն կլիներ, եթե մի բան մի կողմը շահեր, մեկ այլ բան՝ մյուս կողմը։ Այստեղ կա Ադրբեջանի ուղիղ թելադրանք, ոչ թե բանակցություն։ Ադրբեջանը կանչել է, ասել է՝ մեզ մյուսները պետք չեն, անիմաստ տեղ են զբաղեցնում այս սենյակում, ես քեզ կասեմ՝ ոնց կլինի, դու էլ կգնաս կանես։ Եվ այդպես էլ անում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի բոլոր վախերը տեսնելով, պատերազմի հանդեպ բնական հակակրանքը հասկանալով, այդ ամբողջն ուղղում է պետության ու պետականության դեմ՝ գնալով հերթական զիջումների։ Սա է իրենց ուղիղ բանակցությունը։ Այնտեղ մեկ կետ չկա, որտեղ Հայաստանը շահել է։ Եթե գոնե Հայաստանը կարողանար հասնել բոլոր ռազմագերիների եւ պատանդ պահվող անձանց վերադարձին, այլ իրավիճակ կլիներ։ Բայց ես Ադրբեջանի քաղաքականությունը իմանալով՝ հստակ գիտեմ, որ պետք չէր Ադրբեջանին COP29-ը զիջել, որպեսզի Ադրբեջանը գոնե մեր գերիներին վերադարձներ։ Ադրբեջանն իր դիվերսանտներին վերադարձնելու համար գնում է ցանկացած քայլի։ Իսկ այս COP29-ը Ադրբեջանին պետք էր, որպեսզի իրեն մաքրի ագրեսորի, բռնապետի, էթնիկ զտում իրականացրածի պիտակից՝ դա ուղղելով մեզ, մեզ ներկայացնելով որպես տարածաշրջանում «բնապահպանական աղետ»։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, իհարկե, բոլորն իրենց շահերն ունեն։ Դու պետք է քո շահերը ձեւակերպես եւ դրան զուգահեռ վերլուծություն անես, հասկանաս՝ քո որ շահերը որ երկրների հետ են համընկնում։ Այսինքն՝ պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարել ու բոլորի հետ աշխատել, եւ դա պետք է լինի մեր շահերի շուրջ։ Իսկ երբ դու շահեր չունես, գալիս ժողովրդին ասում ես՝ եկեք այս խաչքարը մերժենք, որ խախանդ ապրենք, երջանիկ… Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե հայ ժողովուրդը երջանիկ չի ապրել, ինքը չարաչար սխալվում է՝ մինչեւ 2020 թվականի պատերազմը հայ ժողովուրդը երջանիկ ու ուրախ լինելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

– Արդարացիորեն նկատեցիք, որ ՀՀ իշխանությունները «պատերազմ» են հայտարարել մեր ինքնությանը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Իրենք ասում են՝ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի ատելությունը մեր հանդեպ մեր ինքնությամբ է պայմանավորված։ Իրենց տրամաբանությամբ այդ ինքնությունից հրաժարումը բերելու է ատելության վերացմանը, ինչը բերելու է նրան, որ իրենք թույլ տան, որ մենք խաղաղ, ես կասեի՝ խախանդ ապրենք։ Բայց իրենք չեն հասկանում, որ նույնիսկ եթե ժողովրդի մի հատվածին համոզեն ինքնությունից հրաժարվել, Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն մոռանալու, որ մենք հայեր ենք եւ ապրում ենք այս տարածաշրջանում։ Ինքնության հրաժարման կոչը նշանակում է ցեղասպանության արդարացում։ Պատկերացրեք, որ նման քաղաքականություն ինչ-որ մեկն իրականացներ Իսրայելում հրեաների հանդեպ։ Այս քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի իշխանությունը, ագրեսորին ու ցեղասպանին արդարացնելու քաղաքականություն է եւ ոչ մի կերպ չի կարող խաղաղություն բերել, որովհետեւ հակընդդեմ է խաղաղությանը։

– Այս ամենից հետո մենք տեսանք, թե Սյունիքում ինչ ընդունելության արժանացրին Նիկոլ Փաշինյանին։ Հասարակության վերաբերմունքն ի՞նչ է փաստում, մարդիկ չեն գիտակցո՞ւմ, թե իրականում ինչ է տեղի ունենում, աղետի մասշտաբները չեն գիտակցո՞ւմ։

– Ես կարծում եմ՝ մարդկանց հսկայական հատված, հատկապես մարզերում ապրող, մեդիագրագիտության լուրջ խնդիր ունի եւ գտնվում է «Հ1»-ի ազդեցության տակ։ Այսինքն՝ իրենց թվում է, որ այս քաղաքականությունն իրապես բերելու է հաջողության։ Երբ Կիրանցում այդ դեպքերը ծավալվել էին, ես այցելել էի ու խոսում էի մարդկանց հետ։ Այնտեղ ապրող մի տավուշեցի կին ասաց՝ «մենք մտածում էինք՝ ինքն ամեն տեղից կարող է զիջել, օրինակ, Սյունիքից, բայց Տավուշից չի զիջի»։ Այսինքն՝ մարդիկ հիմա մտածում են՝ Տավուշում զիջել է, բայց Սյունիքում հետ է բերելու ինչ-որ մի բան, որովհետեւ այդ քարոզչությունն է եղել։ Իսկ Իլհամ Ալիեւը Բաքվում նստած ասում է՝ ես ձեզ ոչ մի բան չեմ զիջելու, դա մոռացեք։ Եվ դու ոչ մի լծակ չունես իրեն զսպելու, որովհետեւ միակ լծակը միջազգային լծակն էր, իսկ դու միջազգային ֆակտորը գործընթացից դուրս ես թողել՝ ազատելով եւ իրենց, եւ քեզ։ Իրենք էլ կասեն՝ գնացեք իրար հետ պայմանավորվեք, մենք էլ ողջունում ենք, շատ լավ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
22.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930