Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու աղետալի ճանապարհների վարկն ու փոփոխված համաձայնագիրը համապատասխանում էր Սահմանադրությանը

Հունիս 24,2024 13:00

Սահմանադրական դատարան մուտքագրված այս կարգի գործերը սովորաբար չեն լուսաբանվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր ընթացակարգով են, ակտիվ քննարկումներ չկան, դիմումատուի թուղթը «գրավոր դատարանում» մրցում է պատասխանողի «բարաթի» դեմ:

Բայց քանի որ հազվադեպ է պատահում, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն է պատասխանող ճանաչվում, համաձայնագիրը վերաբերում է Գյումրի քաղաքի աղետալի փողոցներին, գյումրեցիներն էլ տարիներ շարունակ սպասում են կոնկրետ արդյունքների, ցանկանում եմ տեղեկացնել այս տարվա ապրիլի 25-ից ՍԴ-ում մուտքագրված դիմումի ընթացքի մասին:

Հունիսի 11-ին գրավոր ընթացակարգով քննված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում. համաձայնագիրը համապատասխանում էր գործող Սահմանադրությանը:

Գյումրի քաղաքին տրամադրվելիք վարկային ծրագրի նպատակն էր աջակցել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության հիմնական ճանապարհների վերանորոգման եւ արտաքին լուսավորության արդիականացման գործում՝ ներառելով` ասֆալտի եւ մայթերի նորացումը` այդ թվում` ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացումը, հետիոտների համար նոր տարածքների կառուցումը, փողոցային լուսավորության ենթակառուցվածքների վերանորոգումը, Գյումրու քաղաքապետարանի համար կայանման հայեցակարգի մշակումը, մասնավորապես, վարկառուի խնդրանքով աջակցելը նաեւ Անի եւ Ավստրիական թաղամասերի քաղաքային ճանապարհների բարեկարգմանը եւ հարակից փողոցների լուսավորությանն առնչվող մասերի իրականացման հարցում (Հիշեցնենք, որ այդ ծրագիրը գյումրեցիների կողմից բնութագրվել էր որպես «սահմանադրական հանրաքվեի ընտրակաշառք» – Ռ.Մ.):

Սկզբնական վարկային համաձայնագրի դրույթները, բացառությամբ «Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով» փոփոխված դրույթների, շարունակում են ամբողջությամբ մնալ ուժի մեջ:

Համաձայնագրով բանկը վարկառուին վարկային համաձայնագրով սահմանված կարգով պետք է տրամադրեր 14,600,000 եվրո գումարի չափով վարկ՝ չորս տրանշով՝ վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման համար:

Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով բանկի կողմից վարկառուին տրամադրման ենթակա վարկի գումարի չափը փոփոխվել է՝ կազմելով

17,320,000 եվրո, որը ենթակա է վճարման չորս տրանշով՝ հետեւյալ համամասնությամբ՝

1) Տրանշ Ա՝ 5,300,000 եվրոյի չափով,

2) Տրանշ Բ՝ 5,300,000 եվրոյի չափով,

3) Տրանշ Գ՝ 4,000,000 եվրոյի չափով

4) Տրանշ Դ՝ 2,720,000 եվրոյի չափով:

Հայաստանը ստանձնել էր պարտավորություններ:

Սակայն ըստ ՍԴՈ-1738 որոշման. «Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում» առկա են իրավաբանական տեխնիկայի առերեւույթ անճշտություններ եւ կիրառված եզրույթների իմաստային անորոշություններ: ՍԴ-ն արձանագրել էր, որ հավելված 1-ի 6-րդ կետում պարտավորավճարի հաշվեգրման ժամանակացույցը սահմանելիս յուրաքանչյուր Տրանշի հաշվեգրման ժամկետը նշվել է առանձին կետով՝ աճման կարգով՝ ընդհանուր 5 կետով, սակայն այդ կետերը թվագրելիս երկու հաջորդական ժամկետները թվագրվել են միեւնույն 3-րդ կետով. «Բացի դրանից, վարկառուի, ըստ էության, համընկնող պարտավորությունը նկարագրելիս կիրառվում են տարբեր եզրույթներ՝ պարտավորավճար եւ պարտավճար, համաձայնագրի տեքստից պարզ չէ եզրութային տարբերության պատճառը եւ կողմերի փոխադարձ ֆինանսական հաշվարկներում նշյալ տարբեր եզրույթների օգտագործման իրավական եւ փաստական հետեւանքները»: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, նշյալ թերությունները չեն կարող ազդել համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գնահատման վրա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
22.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930