Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրագնդակի Հայաստանի պատմության մեջ թերեւս մի նոր ու հաստատուն ուղի է գծում «Բարձունքի Հենոն»

Հունիս 24,2024 12:30

Պատերազմը տարավ գեղեցիկ ու երազանքներով լի մի սերունդ, որոնք անկյունաքարային արժեք ունեին հայրենիքի ու ազգի համար բոլոր առումներով։ Հենրիկ Հակոբյանը մեկն էր այդ պատանի սերնդից, ում ժամկետային ծառայությունը ընդհատեց 44-օրյա պատերազմը։ Գուրգեն եւ Մարինե Հակոբյանների միակ զավակը ննջում է իր փառքի բարձունքում, Եռաբլուր պանթեոնում, հազարավոր եռագույնների փողփողումի մեջ Հենրիի դրոշն էլ կա։ Պատանի տարիքում արդեն իսկ Հենրին գնացել էր հոր՝ ջրագնդորդ, մարզիչ Համիկ՝ Գուրգեն Հակոբյանի հետքերով, սպորտը նրա կյանքի կարեւորագույն մասն էր, շախմատ, արեւելյան մարտարվեստ, ջրագնդակ:

Երեւանում, Հիլլզ սպորտային համալիրում Հենրին աշխատում էր, որպես մարզիչ եւ փրկարար, բոլորի սիրելին էր, լավ ընկերն ու աշխատակիցը, ում «Հիլլզի Հենո» էին ասում…

Հունիսի 17-ին, պատերազմից հետո, արդեն 4 տարի, ավանդաբար տեղի է ունենում Հենրիկ Հակոբյանի ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարը: Ասպետական ոգի ունեցող հայորդուն հարգանքի տուրք էին մատուցում բոլորը, թե ներկաներն ու թե ջրագնդակի հավաքականները։ Հենրիկ Հակոբյանը կդառնար 22 տարեկան, նրա 22 ընկերներն իր հարազատ դպրոցի փառքի հուշատախտակի մոտից պատանի ջրագնդորդի պատկերն ու անունը կրող գավաթը եւ խորհրդանշական քսաներկու աղավնիները ձեռքներին հասցրեցին Հիլլզ սպորտային համալիր, որտեղ թմբկահարների ելույթից հետո տրվեց բացման մեկնարկը։ Արդեն միջազգային բնույթ կրող հուշամրցաշարի բացման արարողությանը չխանգարեց անգամ տեխնիկական խոտանը, Հայաստանի հիմնը մարդիկ երգեցին բառացի, զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանի ձայնակցումով, երբ անակնկալ հովհարային անջատում տեղի ունեցավ հիմնի ձայնագրության հեռարձակման ժամանակ։ Միջոցառման բացումը կատարեց զինհաշմանդամ, պարալողորդ Գարիկ Միքայելյանը, ով Համիկ Հակոբյանի սանն է եւ լողի իր ցուցադրական ելույթում լողաց բոլոր չորս լողաոճերով, 100 մետր լողը 2 րոպե 35 վայրկյան ցուցանիշով։ Հուշամրցաշարի մասնակից 6 թիմերի մեջ էր նաեւ «Զինվորի տան» ջրագնդակի թիմը, որի գոյությունը Համիկ Հակոբյանի մեծ ջանքերի ու նվիրված աշխատանքի արդյունքն է, բացի այն, որ առողջական առումով այս սպորտաձեւը տարբեր հաշմանդամություն ունեցող զինվորների համար կարեւոր եւ առաջնային էր, այն նաեւ հոգեբանական առումով ինքնավստահություն հաղորդելու լավագույն աղբյուրն էր։

Նվիրական աշխատանքի, որդու հիշատակն ու անունը, նրա ու իր չհասցրած երազանքներն ի կատար դարձնելով ու ամեն տարի նոր առաջընթացներով ու քայլերով հերոսի ոչ պակաս հերոս ծնողը իր օրինակով հաստատում է հայ մարդու ոգու անպարտելիությունը։ Ջրագնդակի Հայաստանի պատմության մեջ թերեւս մի նոր ու հաստատուն ուղի է գծում «Բարձունքի Հենոն» (այդպես էին նրան կոչում), իր ոգեղեն ներկայությամբ առաջ տանելով նոր ավանգարդիստական մի սպորտային շարժ, զարգացում, ինչպես միշտ՝ որպես խորհրդանիշ ու մղիչ ուժ՝ միշտ գնալով առջեւից։ Կարճ ապրած, պատերազմի արհավիրքով ընդհատված կյանքի բոլոր դրվագներից ժպտում է ջրագնդակի պատանի ասպետը իր խոհուն, հասուն հայացքով, թողած լուսավոր հետքով, որը նրան ճանաչած յուրաքանչյուրի սրտում ունի իր մնայուն տեղը։

Գոռ Սուջյանի կատարումները հուշամրցաշարի մթնոլորտը հագեցրին հուզմունքով։ Հպարտության, ափսոսանքի զգացումները հաջորդում էին իրար ու մի համառ, աննահանջ միտք, որ հերոսների կիսատ թողնվածը պարտավորեցնում է ավելին անելու, անհնարը հնարավոր դարձնելու գնով թեկուզ:

Հակոբյանների ընտանիքում, շուտով, երկար սպասումներից հետո, համալրում կլինի, փոքրիկ Հենրին վերածննդի ու բարձունքում մնացած երազանքների նոր փարոսը կդառնա:

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

արվեստաբան

 «Առավոտ» օրաթերթ
22.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930