Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական իրողության մեջ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի, «արեւմտյան Ադրբեջանի» հարցերի ընկալումը շատ թյուր է, չկա ռիսկերի գնահատում, եւ հակազդումը բացակայում է»

Հունիս 24,2024 10:40

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

 

Տիկին Ավագյան, հունիսի 20-ին Փախստականների միջազգային օրն էր։ Արցախից բռնի տեղահանումից հետո հայ փախստականների թիվն ավելացավ, ի՞նչ իրավիճակ ունենք այս ոլորտում։

-Փախստականության երեւույթը անընդհատ բացահայտում է հայության գոյութենական խնդիրը, հայության՝ իր կենսատարածքի վրա ապրելու եւ արարելու մղումն ու ձգտումը, հայկական պետականության՝ որպես հայության կենսատարածքի պաշտպանության ու հարատեւման եզակի գործիքի ներուժը։ Այո՛, թե հայ փախստականության ձեւավորման ընթացքը ու թե դրա հետագա պաշտպանվածությունը հայկական պետականության կայացվածության վկայությունն ու կարեւոր չափանիշներն են։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած արցախահայության փախստական դառնալու փաստը, ողջ Արցախի Հանրապետության շրջափակման մեջ հայտնվելն ու հայության դեմ առնելը հերթական ցեղասպանության ընթացքին, բացահայտեցին վերջին 30 տարիների համար հայկական պետական մտածողության բացակայության իրականությունը, դրա ռազմաքաղաքական մոտեցումների անհեռանկար ու անճար վիճակի մասին։

Հետպատերազմյան Հայաստանը, երբ դեռեւս չի լուծվել 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների բնակարանային հարցը, այսօր բախվել է շուրջ 120 հազար արցախահայերին բնակարանով ապահովելու խնդրին, եւ ոչ միայն։ Այո՛, հայ փախստականների հոգսերի «լուծման» խնդիրը ներքին կեղեքիչների սեփական բարեկեցության ապահովման լավագույն աղբյուրը լինելով՝ մինչ օրս արգելափակել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների նաեւ բնակարանային խնդիրների լուծման հարցը։ Ու ոչ մի «թավիշ» էլ այդ հարցին անգամ չանդրադարձավ, քանի որ խնամի-ծանոթ-բարեկամ շղթան կոռուպցիայի լավագույն հենարաններից է մնում ու այն այսօր էլ ամրանում ու երկարում է։ Քանի որ պետական մակարդակով մինչեւ Արցախի ամբողջական հայաթափումը հայտարարվել է, որ փախստականների հարցը պետական քաղաքականության մաս չէ, ապա ակնհայտ այսօր էլ փախստականության խնդիրը չի մտել պետական քաղաքականության տիրույթ։ Այն որոշումները, որոնք տարբեր առումներով կառավարությունում ընդունվում են արցախահայությանը աջակցության նպատակով, դառնում են տարընթերցումների, կասկածների պատճառ, անվստահության ու նոր անջրպետների բերում, աղճատում հայությանը մասերի, տեղի տալիս հակահայ հիբրիդային պատերազմի։ Ու պետական մշակված ռազմավարության բացակայության պարագայում դյուրին է խթանել հակահայ հիբրիդային պատերազմը, ու սա այն է, որ ինչքան Երկրին վատ, այնքան այդ պատերազմը վարողների համար բարերար ու պարարտ միջավայր։

Այսօր արցախահայի համար առանցքային խնդիր է բնակարանային հարցը, բայց փոխվարչապետի առաջարկած ծրագրով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արցախահայերը։ Ու կրկին բազմաշերտ չհասկացված հարցրեր՝ սկսած ՀՀ քաղաքացու մի անձնագիրը մեկ այլ համարժեք անձնագրով փոխարինելը, որտեղ արդեն բացակայում է Արցախի Հանրապետության ծածկագիրը։ Եվ թե ի՞նչ ռիսկեր են սրանք կուտակում հայության դեմ մի օր պայթելու համար, արդյոք հնարք չէ Արցախի հարցը վերջնական մոռացության տալու։

Իսկ եթե արցախահայը չի փոխում Արցախի ծածկագրով անձնագիրը, ապա ի՞նչ է սպասվում, մի՞թե հայ մարդու ու հայ ընտանիքի արժանապատվությունը նսեմացնող այն նույն 30 տարիների ընթացքը։ Հայկական պետականությունն այսօր պետք է հաղթահարի փախստականների դեմ տարվող նախորդ 30 տարիների ստորացնող ու ավերիչ ժառանգությունը, եթե ո՛չ, ապա այլեւս չի հաղթահարվի գոյութենական փոսը, ու սա սպառնալիք է հայկական պետականությանը։

-Դուք ճիշտ նկատեցիք, որ հայ փախստականների հարցերը պատշաճ չեն բարձրաձայնվում ՀՀ իշխանությունների կողմից, օրինակ, միջազգային ատյաններում Արցախից բռնի տեղահանված փախստականների հարցով ի՞նչ աշխատանք է տարվում, դուք ի՞նչ տեղեկություն ունեք։ Այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է կեղծ թեզեր առաջ քաշում այս ոլորտում, այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարց է բարձրացնում։

-Արցախի Հանրապետությունից փախստականների խնդիրը միջազգային ատյաններում պետք է դառնա հայության դեմ շարունակական տարվող ցեղասպանության զսպման միջոց։ Կարծես մեզ ընտելացրել են ցեղասպանվելուն, ու մենք չենք կառուցում դրա զսպման դիմադրական համակարգ։ Արցախահայ փախստականների հարցը նախ եւ առաջ ցեղասպանության զսպման դիմադրական համակարգ է, որի ձեւավորման համար պահանջներն են՝

  • Արցախի դեմ ընթացող ցեղասպանության ճանաչում եւ օրենսդրական ակտի ընդունում, դրա կասեցման համար միջազգային ատյաններում արցախահայության վերադարձի հարցի ամրագրում։
  • Շուրջ 120 հազար փախստականներին փախստականի կարգավիճակի եւ դրա վկայականի տրամադրում։
  • Մինսկի խմբի գործունեության վերականգնման պահանջ եւ քայլեր դրա ուժեղացմանը միտված։

 

Ակնհայտ է, որ նման գործողությունները պահանջում են ճկուն, նպատակասլաց ու հեռատես արտաքին քաղաքականություն, սակայն այստեղ էլ 30 տարվա ժառանգության իներցիան ակնառու է, նախաձեռնողականության բացարձակ պակաս ու կրավորական կեցվածք, միայն ծույլ ու ամուլ հակադարձման արձագանք հակահայ այս կամ այն իրողությանը՝ նաեւ երկրից դուրս գործող դեսպանատների կողմից։

Ինչ վերաբերում է թրքական կեղծ թեզերին, դրանք նոր չեն, պարզապես նոր թափ են առել, ու այո՛, այդ կեղծ թեզերի ակտիվ շրջանառման մեջ մեծ մասնակցություն ունի նաեւ հայկական պատմագիտական շերտը։ Տեսե՛ք, թե ինչպես են հավատարիմ այդ կեղծ թեզերն այսօր էլ շրջանառում։ Այո՛, նրանք շրջանառում են կեղծ ադրբեջանական թեզերը, ասենք, մի դեպքում աղավաղելով ՄԱԿ-ի փախստականի բնորոշումն ու Արցախյան ազատամարտի ընթացքը՝ Հայաստանից, երբեմնի յոթ շրջաններից ու ԼՂԻՄ-ից հեռացածներին կոչում են փախստական։ Կամ էլ ունենալով իրենց անձնական ազդեցությունը գործող իշխանությունների վրա, արգելափակում են նրանց փորձը շրջանառելու Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 800 հազար հայ փախստականների թիվը, կրկին գործող իշխանությունների վզին փաթաթելով ադրբեջանական կեղծ թիվը՝ շուրջ 500 հազար։ Մեկ այլ հանգամանք էլ, կարեւոր հանգամանք, հայկական պատմագիտական շերտը արգելափակում է «Սումգայիթ- Բաքու-Կիրովաբադ-Շահումյան-Գետաշեն-Մարաղա-Արցախ»-ը ցեղասպանություն ճանաչելու ընթացքը, ընդհանրապես դրա քննարկման ընթացքն է արգելափակում։ Իհարկե, դրանք երբեմն քչփչում են մտերմիկ միջավայրում, թե դա ցեղասպանության շղթա է, բայց ռեալ կյանքում արգելափակում են անգամ դրա քննարկումը։ Միգուցե խնդիր ունեն սիներգիզմի օրենքով ուժեղացնել «ադրբեջանցի փախստականների» վերադարձի՞ հարցը։

Ընդհանուր առմամբ այսօր հայկական իրողության մեջ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի, «արեւմտյան Ադրբեջանի» հարցերի ընկալումը շատ թյուր է, չկա դրանց ռիսկերի ռեալ գնահատում, եւ հակազդումը բացակայում է, քանի որ ողջ «ոլորտը» մնում է ինքնակոչիկների, իշխանամոտ սատելիտների խանդոտ ազդեցության ոլորտում, երբ առաջնայինը երկրի անվտանգային համակարգը չէ, այլ սեփական «թիմի» հանրային տեսանելիությունն ու բարեկեցությունը։ Տեսնո՞ւմ եք, թե Արցախյան փախստականությունը ինչպես է բացում հայկական պատմաքաղաքական մտքի ախտահարված լինելու փաստը։

Ասացիք, որ անկախության շրջանում փախստականների հարցերով վարած քաղաքականություն շատ վատ եք գնահատում, այդ քաղաքականության պատճառը ո՞րն է։ Եվ բռնի տեղահանված հայ փախստականների թիվը որքա՞ն է կազմում։

-Ես հասկացել եմ մի բան, թե ինչպես է վարվում հայկական պետական համակարգը փախստականության հետ, թե ինչպես է այդ համակարգը հայ հանրությանը տրամադրում փախստական երեւույթի դեմ, այդքանով էլ այդ հայկական պետական համակարգը պատրաստ է գոյատեւել ու պաշտպանել հային ու նրա կենսատարածքը։ Ինչպես 2003 թվին համառորեն վերացվեց փախստականության մասին պետական քաղաքականությունը, մինչ օրս այդ քաղաքականությունը բացակայում է։ Այո՛, այսօր գործող իշխանությունները փախստականության հարցում վարում են 2003 թվին վերջնականապես կազմավորված հակահայ, հակափախստական քաղաքականությունը։ Ինչո՞ւ հակահայ, կրկնում եմ, քանի որ հայ փախստականը ցեղասպանության արդյունքում է ձեւավորվել, ապա փախստականության մասին պետական քաղաքականության բացակայությունը ակամա վկայում է ցեղասպանության կանխման ու կասեցման հարցում անտարբեր, անկարող, անընդունակ, անճար պետական համակարգի մասին։ Կարելի է ասել, որ 30 տարիներին իշխանական համակարգը հենց դրանով էլ զբաղվել է, ավերելով փախստականության հարցը, ավերել է ցեղասպանության կանխարգելման ու կասեցման մղումը, մղում, որ նույնիսկ Սումգայիթում շատ ու շատ հայերի փրկեց, Բաքվում փրկեց, իսկ Կիրովաբադում այդ մղումը փրկեց ողջ գանձակահայությանը։ 2020 թվականին էլ գործում էր հայ զինվորի ցեղասպանության զսպման բնազդը, ռազմաքաղաքական վերնախավը վաղուց էր պարտված ու այդ պարտությունը փաթաթեց հայ զինվորի ու հայ ժողովրդի ոտքերին։

Այսօր Հայաստանում կան հայ փախստականներ նաեւ Սիրիայից, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթած մարդիկ ծերացել են, հեռացել ծանր կյանքից։ 2018-ին մոտ 80 հազար էին։

Ես մի ամիս չկա, որ հերթական նամակն եմ հղել ՀՀ վարչապետին խնդրանքով, որ նախաձեռնեն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներին բնակարանով ապահովելու հաջորդ փուլը։ Նամակի ընթացքից մի քիչ տեղյակ եմ, եթե դա իրողություն դառնա, ապա կլինի նաեւ վերահաշվարկ այսօր ապրող փախստականների թվի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930