Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գուցե ամենեւին էլ նախկին դեսպանը չէ»

Հունիս 24,2024 14:00

Սկիզբը՝ նախորդ համարում

«Ինձ թվում է, որ երբեմնի «Ելք» դաշինքը չի դադարել գոյություն ունենալուց, պարզապես տարբեր ժամանակներում կրում է տարբեր դրսեւորումներ»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

– Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է ակտիվացել՝ քարը-քարին չթողնելով քննադատում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով շարժման հետեւում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ու Վեհափառի ականջները, նա Սերժ Սարգսյանի ականջներն է տեսնում: Դա հատուկ հանձնարարությա՞մբ է, ըստ Ձեզ, թե՞ ռացիոնալ քաղաքական հաշվարկով: Ասում է՝ «Մենք հիմա զբաղված ենք ձեւավորելու մի պլատֆորմ, որը մերժում է համագործակցությունը բոլորի հետ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան» ու համախմբելու են այն ընտրազանգվածին, որը դեմ է թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին:

– Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գուցե ամենեւին էլ նախկին դեսպանը չէ ու գուցե ներկայումս նույնպես շարունակում է կատարել հատուկ հանձնարարությունները, պարզապես տեղի է ունեցել դերաբաշխում՝ մեկը մնալով իշխանության ղեկին, գործընթացների ետեւում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները, մյուսը, գործուղվելով ընդդիմադիր դաշտ, որոնում է Սերժ Սարգսյանի ականջները, քանի որ Էդմոն Մարուքյանը, լինելով իր իսկ ձեւակերպմամբ՝ կլասիկ քաղաքական գործիչ, չէր կարող չիմանալ, որ երբ ընդդիմության պայքարի ամենաթեժ հատվածում հարվածում ես հենց ընդդիմությանը, դրանով ծառայություն ես մատուցում իշխանությանը։ Սա քաղաքական պարզ այբուբեն է, որը միայն քաղաքականապես տգետը կարող է չիմանալ, իսկ Էդմոն Մարուքյանը տգետ չէ։

Բացի այդ, Բագրատ Սրբազանը բազմիցս հայտարարել է, որ այս շարժումը լայն հասարակական կոնսոլիդացիա է, համերաշխության շարժում, որի դռները բաց են բոլորի առաջ, նա նույնիսկ ՔՊ-ականներին էր հրավիրում մասը կազմել այդ համերաշխությանը։ Այս ֆոնին առնվազն տարօրինակ է Էդմոն Մարուքյանի ցանկությունը, ըստ որի, պետք է կոնսոլիդացվեն բոլորը, ներառյալ Նիկոլ Փաշինյանի հետ բազմիցս համագործակցած անձինք, իսկ նախկին նախագահները պետք է դուրս մղվեն համերաշխության ձեւավորումից։ Եվ առհասարակ ինձ թվում է, որ երբեմնի «Ելք» դաշինքը չի դադարել գոյություն ունենալուց, պարզապես տարբեր ժամանակներում կրում է տարբեր դրսեւորումներ։

– Ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեռա՞վ, թե՞ իշխանականների հայտարարություններն այդ մասով չափազանցված են: Փաստացի, շարժումը չկարողացավ կասեցնել Կիրանցում անօրինական սահմանազատում-սահմանագծումը: Ի՞նչ քաղաքական զարգացումներ ակնկալել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնվելիք հայկական տարածքների հերթական չափաբաժնին՝ Արարատի մարզում Տիգրանաշենի մասին է խոսվում, Տավուշում՝ Սոֆուլու, Բարխուդարլու… Վերին Ոսկեպար, զուգահեռ:

– Իշխանությունների կողմից շարժումը մեռել է կամ մարել է ու նմանատիպ այլ հայտարարությունները ոչ թե չափազանցություն են, այլ ընդամենն իրենց ցանկությունը, ինչն իրականության հետ կապ չունի։ Այս շարժումը չի կարող մարել թեկուզեւ այն պատճառով, որ այն ոչ թե մեկ քաղաքական ուժի պայքարն է հանուն իշխանության, թեպետ դասական քաղաքական առումով, դա նույնպես նորմալ է, ընդդիմությունը փորձում է գալ իշխանության, իշխանությունը փորձում է պահել իր դիրքերը, այն ժողովրդի պայքարն է ընդդեմ հայրենահանձնման, հանուն պետության ապագայի ու նաեւ գոյության։ Եթե կոնկրետ մեկ քաղաքական միավոր կարող է ֆիասկո ապրել, ապա ժողովուրդը չի կարող, պարզապես ցանկացած պայքար կարող է փոխել իր մարտավարությունը, գործիքակազմը, խոսնակներին եւ այլն, ցանկացած պայքար կարող է ունենալ ե՛ւ ակտիվ ժամանակաշրջան, ե՛ւ հարաբերականորեն պասիվ՝ պայմանավորված նշածս մարտավարության փոփոխությամբ՝ թողնելով մակընթացության ու տեղատվության տպավորություն, ինչն էլ շահագրգիռ ուժերի կողմից միանգամից կարող է պիտակավորվել «մարում»։

Առհասարակ, շատերի մոտ պայքարը ասոցացվում է ինչ-որ հախուռն գործողություններով, որը մի քանի օրում պետք է պսակվի հաջողությամբ, բայց դա այդպես չէ, սովորաբար այն պայքարն է հաջողությամբ ավարտվում, որն ընթանում է համբերությամբ, մշակված ու ճշգրիտ քայլերով։ Եկեք չմոռանանք, որ 1988-ին սկիզբ առած շարժումը միայն 1991 թվականին հասավ Հայաստանի Հանրապետության անկախացմանը եւ 1994 թվականին վերջնականապես ազատագրեց Արցախը՝ Ադրբեջանին ստիպելով կնքել զինադադարի պայմանագիր։

Մենք, իհարկե, այդքան ժամանակ չունենք սպասելու, սա սոսկ օրինակ էր, քանի որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերջնականապես կկործանի, բայց, այնուամենայնիվ, եթե ուզում ենք հաղթական արդյունք, պետք է զինվենք համբերությամբ։

Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, ապա Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ե՛ւ հայտարարել, ե՛ւ ապացուցել, որ պատրաստ է հանձնել ցանկացած տարածք, որը պահանջում է Ադրբեջանը։ Դատարկաբանություն են նրա ասածները, որ մենք Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չենք հանձնում։ Ամբողջ ստորությունը կայանում է նրանում, որ նա նախ այդ տարածքները հռչակում է ադրբեջանական, հետո նոր հանձնում։ Որքանով կշարունակվի այս ընթացքը, կախված է մեզանից յուրաքանչյուրիցս։

– Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ COP 29-ից հետո Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակում է նախապատրաստում, պաշտոնական հաստատումն էր նրա, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ձախողվել է, եւ առաջիկայում պետք է սպասել նոր պատերազմի։

– Խաղաղության գործընթաց երբեւէ տեղի չի էլ ունեցել, այլ եղել է ընդամենը տարածքների միակողմանի հանձնում Հայաստանի կողմից, ինչն էլ իր հերթին չի բացառել որեւէ նոր էսկալացիա։ Իր բնույթով ՀՀ ԱԳ հայտարարությունն էլ նորություն չէ, նույն ԱԳ-ն էր դեռեւս ժամանակին հայտարարել, որ սահմանազատման գործընթացը ոչ թե վերացնում է, այլ ընդամենը նվազեցնում է Ադրբեջանի կողմից հարձակման ռիսկերը։ Հայտարարության թերեւս միակ նորությունը ժամկետների նշումն է՝ 2024 թվականի նոյեմբեր։

ԱԳ այս հայտարարությունը կարող է տեղավորվել ձեր նախորդ հարցում մատնանշված սպասվելիք քաղաքական իրադարձություններին։ Եկեք չմոռանանք, որ օրերս Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման, այլ խոսքով նոր տարածքների հարցով հնարավոր է անցկացնեն հանրաքվե։ Բացի այդ, նշվեց, որ սահմանազատման գործընթացները հաջորդը լինելու են Գեղարքունիքում, Սյունիքում ու այդպես հաջորդաբար, ընդհուպ «Զանգեզուրի միջանցք»։ Այդ գործընթացների հանդեպ հանրության, հատկապես հանձնվելիք տարածքների բնակչության դիմադրությունը մեղմելու համար անհրաժեշտ է պատերազմի նոր սպառնալիք, ինչը, կարծես, որոշ չափով իր ազդեցությունը թողնում է։ Գորկին ասում է. «Եթե մարդուն անդադար ասես, որ ինքը խոզ է, ի վերջո կսկսի խոզի պես խռնչալ»։ Հիմա եթե մարդկանց անդադար ասես, որ պատերազմ է լինելու, ի վերջո մարդիկ պատերազմի վտանգ են տեսնելու նույնիսկ այն դեպքում, երբ դու ցանկանաս ընդամենը բասկետբոլի վահանակը փոխել։

Այս ամենը ստոր քարոզչություն է՝ միտված հանրության մարտունակությունը, դիմադրողականությունը կոտրելուն։ Եվ այո՛, պատերազմի վտանգ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանն իր խմբակով։ Իրական խաղաղության հասնելու առաջին քայլը իրենց հեռացումն է իշխանությունից ու քաղաքական գրագիտությամբ, պետական մտածելակերպով ու հայրենասեր մարդկանցով փոխարինումը։ Եկեք չմոռանանք, որ անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն զենքերի քանակով, այլ ճիշտ դիվանագիտական քայլերով ու քաղաքական ճշգրիտ հաշվարկներով։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 «Առավոտ» օրաթերթ
22.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930