Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրա՞ստ ենք զոհողության…»

Հունիս 24,2024 12:00

Ճանաչված խորեոգրաֆը` հայտնի «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի սցենարի եւ իր նույնանուն բալետի լիբրետոյի մասին

Օրերս «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ մեզ քաջածանոթ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:


«Լա Բոհեմ» բալետային ներկայացումը  մեր հանդիսատեսին ծանոթ է դեռեւս 2017 թվականից, որի պրեմիերան կայացել է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին ներկա էր նաեւ Շառլ Ազնավուրը։ Դա նրա վերջին այցն էր Հայաստան։

Հիշեցնենք, որ «Լա Բոհեմը» բեմադրվել է մեծանուն շանսոնյեի 12 երգերի հիման վրա եւ հանդիսանում է նրա կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների մետաֆորան: Խորհրդանշական է, որ տարիների ընդմիջումից հետո այս բալետը վերականգնվեց Շառլ Ազնավուրի համար հոբելյանական տարում եւ լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Հանդիսատեսի համար, բնականաբար, նորույթ էր Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետը, որը հանդիսատեսի շրջանում իրավացիորեն հարց առաջացրեց. ինչո՞ւ է լիբրետոն տարբերվում համանուն ֆիլմի սցենարից։ Այս եւ այլ հարցերի պատասխանը լսելու ակնկալիքով երեկոյի ավարտից հետո դիմեցինք վերոնշյալ բալետների խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին։


– Պարոն Խառատյան, սկսենք այն իրողությունից, որ երկար ժամանակ է՝ չենք վայելում ձեր բեմադրած ներկայացումները, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Հիմնական պատճառն այն է, որ վերջին տարիներին ավելի շատ ժամանակ եմ տրամադրում դասավանդմանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարի ռեժիսուրայի բաժնում եւ կարող եմ արդեն հպարտությամբ փաստել, որ այս տարի ունեցա առաջին ավարտական կուրսը: Ուսանողները ներկայացրին իրենց աշխատանքները։ Պետք է բարձրաձայնեմ, որ ունենք բացառիկ մտածելակերպ ունեցող երիտասարդ ստեղծագործողներ: Կկիրառե՞ն իրենք այդ հմտությունները հենց պարարվեստում, թե՞ հետագայում կդառնան, ասենք՝ քաղաքական գործիչ կամ…, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ հայ ազգի մեջ ձեւավորվել են մտածողներ, որոնք իրենց ներդրումը կբերեն երկրի զարգացման գործին:


– Անդրադառնալով Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետին, պետք է նշենք, որ հանդիսատեսը կարծես սպասում էր համանուն ֆիլմի սյուժեով ներկայացման…

– Որպես բեմադրության հիմք վերցրել եմ երաժշտությունը, ոչ թե ֆիլմի սյուժեն: Ես ունեմ իմ ասելիքը, որը մարմնավորել եմ տարբեր պարային ոճերի եւ սյուժետային գծի օգնությամբ: Թե՛ Ազնավուրը, թե՛ Լեգրանն իրենց ենթագիտակցության մեջ կրում են հայի էությունն ու զգացողությունները: «Շերբուրգյան հովանոցներ» բալետի մեջ ես ցանկացա, որպեսզի հայկական ոգին ընդգծվի եւ որոշեցի դա անել, օրինակ՝ խորեոգրաֆիայի մեջ ներառելով յարխուշտայի տարրեր: Հանդիսատեսը բեմում տեսնում է դասական բալետի արտիստներին, հիփ-հոփ պարող երեխաներին…, կարճ ասած՝ ամեն մեկը իր գործն է կատարում: Հանդիսատեսն է ընտրում` որին հետեւի, սյուժետային որ գիծն է իր համար կարեւորը:

Ինչ վերաբերում է կոնկրետ սյուժեին, սա բոլոր ազգերի եւ ներկայումս մեզ համար շատ կարեւոր մի թեմա է. առաջնայինը հայրենի՞քն է, թե՞ անձի զգացմունքները: Իմ բեմադրության մեջ հերոսը կանգնում է ընտրության առաջ՝ գնալ բանակ եւ պաշտպանել հայրենի՞քը, թե՞ մնալ սիրած աղջկա հետ: Արդյոք մենք պատրա՞ստ ենք զոհաբերել մեր անձնականը հանուն հայրենիքի, պատրա՞ստ ենք հայրենիքի շահերը վեր դասել անձնականից:

Իմ լիբրետոյում տղան՝ զոհաբերելով անձնականը, ընտրում է հայրենիքի պաշտպանությունը եւ ապագա ստեղծում գալիք սերնդի համար, որը կարող է ապահով ապրել, սիրել եւ ստեղծագործել իր հայրենիքում: Այս ֆոնի վրա հանդիսատեսը տեսնում է մյուս կերպարների զարգացումը, ապրումները եւ կորցրած սիրո ցավը: Սակայն ներկայացումն ավարտվում է բեմում բազմաթիվ երեխաների ներկայությունով, որը խորհրդանշում է մեր երկրի ապագան եւ, հուսամ՝ լավատեսություն ներշնչում մեր հանդիսատեսին:

Տեսարաններ՝ «Լա Բոհեմ» եւ «Շերբուրգյան հովանոցներ» բալետներից։

– Ի դեպ՝ լավատեսության մասին. ի՞նչ ծրագրեր ունեք:

– Շատ կարեւոր եմ համարում, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի կողմից առաջարկ ստացա շարունակել դասավանդումը: Մոտ օրերս իմ նախագահությամբ կայանալու են պարի ռեժիսուրայի նոր խմբի ձեւավորման քննությունները: Հիմնական ժամանակս կրկին կտրամադրեմ ինստիտուտում դասավանդմանը: Մեկ այլ ծրագրով նախատեսվում են դասական պարի դասավանդման դասընթացներ՝ իմ մեթոդով, թե կատարողների եւ թե պարուսույցների համար:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռուդոլֆ Խառատյանը եւ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը` արտիստների հետ։

 «Առավոտ» օրաթերթ
22.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930