Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է օրակարգ թելադրող լինենք թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին մարտահրավերների դիմաց»․ Բագրատ սրբազան

Հունիս 23,2024 21:08

Երբ մտա այս հրապարակ, շատերիդ հայացքում կասկած տեսա, ով կասկածում է, հենց հիմա կարա գնա։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Հավաքված մարդիկ անմիջապես բացականչեցին՝ ոչ, ոչ։

«Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են անկախ նրանից թե մենք բարձունքի վրա ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք»,-ասաց սրբազանը։

Նրա ներկայացմամբ՝ այս շարժումը զտվող շարժում է, զուլալվող, որպեսզի հետո ավելի կենսունակ դառնա։

Այս օրերին, ըստ սրբազանի, դադարի ժամանակն է եղել, այն օրերին, որ հրապարակում ակտիվ էին, շատ ավելի թեթեւ էր, քան դադարի այս մի քանի օրը․ «Որովհետեւ երբ ակտիվ գործողությունների մեջ ես, այլ կերպ ես զգում, շատ բաներ կան, չես տեսնում, շատ բաներ կան, չես անդրադառնում, շատ բաներ լրիվ բարի են աչքիդ առջեւ, վստահությունդ ամենաբարձր աստիճանի վրա է։ Բայց այդ դադարը շատ կարեւոր է, որ մենք անդրադարձ ունենանք, հասկանանք եւ այդ դադարը պատճառ է լինելու շատ բաների քանդվելուն, որոնք միգուցե ավելորդ էին»։

Նա ասաց, որ այն, ինչ սկսել են, ավարտին պետք է հասցնեն, դա անհրաժեշտություն է, ոչ թե հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտություն է․ «Եթե հաստատել ենք, որ դա անհրաժեշտություն է, ուրեմն գործողությունները միտված են լինելու այդ անհրաժեշտությունը լուծելու եւ փոփոխությունը բերելու։ Մենք արդեն իսկ փոփոխված ժամանակներում ենք ապրում։ Մեզ մնում է ուղղակի ֆիզիկապես, թղթի վրա վավերացնել դա։ Յուրաքանչյուրիդ  մասնակցությունը չափազանց կարեւոր է»։

Սրբազանի խոսքով՝  ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի ամեն մարդ իր բաժին պատասխանատվությունը ստանձնի․«Գուցե իմ կամ մեր պատճառով է, որ այս շարժման մեջ դիտորդներն ավելի շատ են, քան թե ուսերին պատասխանատվություն կրողները։ Բայց մենք պետք է դա հավասարապես բաշխենք, մեկին՝ քիչ, մեկին՝ շատ»։

Շարժման անդամները, ինչպես ասաց սրբազանը, այցելելու են մարզեր, գյուղեր։

Կիրանց այցին անդրադառնալով՝ սրբազանն  ասաց, որ Փաշինյանի նշած սահմանային ցանկապատը չկա․ «Դա, ինչպես ոսկեպարցի պապիկներից մեկն ասաց, միայն իր հեռախոսի մեջ է։ Մեր գնալուց հետո այնտեղ ինչ-որ ձողեր են դրել, նկարել ուղարկել են»։

Ասաց, որ Տավուշ գնալիս, սկզբում հինգ մեքենայով էին, մինչեւ հասել են Իջեւան, մեքենաների թիվն ավելացել էր, դարձել մոտ 70 մեքենա․ «Առանց մեր ասելու, առանց հրավիրելու։ Ես Կիրանցում գանգատվում է մեր շարասյան մասնակիցներից, ասում էի՝ ինչու եք եկել, խանգարում եք, մարդիկ ասացին՝ լավ են արել, եկել են։  Մենակության զգացում է մարդկանց մոտ։ Երբ տեսել են տարբեր տեղերից եկած իրենց հայրենակիցներին, քաջալերանք են զգացել»։

«Այս հրապարակում, այս հարթակից, այս եկեղեցու հովանու ներքո պետք է կառուցենք գալիք Հայաստանի տեսիլքը։ Մենք պետք է օրակարգ թելադրող լինենք թե երկրի ներսում, թե արտաքին մարտահրավերների դիմաց։ Մեր երկիրը անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը»,-ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ այսօր մի խումբ մարդկանց ձեռքին որոշումներ կայացնելու հնարավորություն կա, որը ոչ մի աղերս չունի ժողովրդային կյանքի հետ։

Անդրադառնալով սահմանազատմանը, ասաց՝ դա ոչ մի ձեւով սահմանազատում չէ․ «Կիրանցում, Բերքաբերում մեր զինվորները լքել են դիրքերը, այդտեղ տեղակայվել են ադրբեջանցիները, մեկ սանտիմետր չեն նահանջել այն համաձայնությամբ, որն իբր թե համաձայնություն էր։ Այսպես լինելու է ամեն քայլափոխի, հարավից հյուսիս։ Սա չդադարող պատերազմի ընթացք է, մենք գալիս ենք այդ խաղաղությունը հաստատելու եւ կնքելու, նորմալ, բանական, ընկալելի, վստահելի ու երկարաժամկետ ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930