Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է՝ ժողովուրդն ասում է՝ չենք ուզում այլեւս մաքառել, չենք ուզում գոյատեւել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»

Հունիս 23,2024 20:30

«Մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական գաղափարախոսություն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել։ Սովորաբար մեկուսացած էլիտաները իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղված իրենց որդեգրած գաղափարախոսությունները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, հաճախ պարտադրել են պետական, վարչական  լծակներով, նույնիսկ՝ բռնի ուժով»,-այս մասին երեկ Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ իր ելույթում ասել է  վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Այդ գաղափարախոսությունն, ըստ Փաշինյանի, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ժողովրդի մտածածն  է, որը իշխող էլիտան՝ ՔՊ-ն պետք է ձեւակերպի որպես քաղաքական ասելիք եւ իրականացնի որպես  քաղաքականությունը։

Փաշինյանը մեկնաբանեց, թե որն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ասաց, որ անընդհատ այդ քարտեզն են ցույց տալիս, բայց դրա տակ բովանդակություն կա։

Նրա խոսքով՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է՝ երբ ժողովուրդն ասում է մեզ եւ բոլորին՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, չենք ուզում գոյատեւել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել․« Ժողովրդի ուղերձն իր էլիտարներին եւ կառավարող մեծամասնությանը հետեւյալն է՝ կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես լավ ապրենք։ Այսինքն, ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով  քարշ տանք դեպի վերեւ կամ ներքեւ, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանավանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք՝ պետությունը։ Բայց կարո՞ղ եք պետությունն ընկալել, որպես այստեղ ապրող մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը հնարավոր դարձնելու եւ ոչ թե միջոց, եւ ոչ թե պլացդարմ, ֆորպոստ, հավերժական ինչ-որ պայքարի համար։

Այս բանավեճն է այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում։ Ի վերջո, ՀՀ-ն հավերժական պայքարի գործի՞ք է, թե՞ ՀՀ-ն ապրելու գործիք է, մարդկանց կյանքը, երջանկությունը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք»,-ասաց Փաշինյանը։

«Քաղաքացիական կուսակցության» առաքելությունը, Փաշինյանի ներկայացմամբ, կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր  քաղաքացիներին լավ պարելու մղմանը եւ դրա հնարավորությունը տալ։

Նա ասաց, որ մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանը ազատություն տրված չէ, որովհետեւ լավ ապրելու համար, լավ ապրել ձգտելու համար մենք ունենք տասնյակ խոչընդոտներ, մենք ունենք «շեյմինգի» (ամոթանքի՝ Ն․Բ․) մթնոլորտ լավ ապրելու համար. «Ասում են՝ ինչո՞ւ ես կանաչ շոր հագել, ինչո՞ւ սեւ չես հագել, եթե մենք ուզում ենք մեր երկիրը եւ քաղաքականությունը ֆունդամենտալ հասկանալ, մենք պետք է այս շերտերի մեջ խորանանք, մենք խորացել ենք»։

Ըստ Փաշինյանի՝ այս գաղափարախոսության իրագործումն ունի լրջագույն սպառնալիքներ ու մարտահրավեր․«Կան մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել։ Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, եւ այդ ամեն ինչի միջոցով գաս ինձնից փրկություն աղերսես ու ես պետք է գամ քեզ փրկեմ, որովհետեւ եթե չփրկեմ, էլ ոչ մեկ չի լինի, որ մաքառի, տառապի, կոտորվի, փրկեմ, որ դու քո ցիկլը շարունակես։ Հետեւաբար, դու լա՞վ ես մտածել, որ ուզում ես կյանքի գաղափարախոսությունը որդեգրես, որովհետեւ դա կարող է նշանակել քո ինքնության ոչնչացում։

Հաջորդ արտաքին մարտահրավերն Ադրբեջանն է, հատկապես Ադրբեջանը, որի ասածը հետեւյալն է՝ Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես, պիտի վրեժս քեզանից լուծեմ։

Մնացած միջազգային ամբողջ կոնյուկտուրան ՀՀ շուրջ այս երկուսի հիբրիդն են տոկոսային տարբեր հարաբերակցությամբ կամ վերաբերմունք են այս  երկու հայեցակարգերին։ Մենք այս մարտահրավերը պետք է կառավարենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930