Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղեստի՞ն, թե՞ Արցախ․ Նիկոլ Փաշինյանն ընտրեց Պաղեստինը

Հունիս 23,2024 18:38

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2024թ. հունիսի 21-ի հայտարարությամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին» ճանաչում է Պաղեստինի պետությունը:

Այս առնչությամբ ողջամտորեն առաջանում են, մասնավորաբար, հետևյալ հարցերը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինի պետությունը, պետությանը ներկայացված ո՛ր չափանիշ(ներ)ին է բավարարում Պաղեստինը, որին չի՛ բավարարում Արցախի Հանրապետությունը:

Եթե Նիկոլ Փաշինյանի վարչակազմը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին, ապա ինչո՞ւ չի ճանաչել միջազգային իրավունքի բծախնդիր պահպանմամբ իր անկախությունը հռչակած և պաշտպանած, ինքնիշխան Արցախի Հանրապետության անկախությունը:

Դեռևս 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ ընդունել են «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան, որի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝ 1. մշտական բնակչություն, 2. որոշակի տարածք, 3. կառավարություն և 4. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

Նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ մինչ ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը…»:

Հիմնվելով բացառապես փաստերի վրա՝ տեսնենք, թե արդյոք Արցախի Հանրապետությունը բավարարել է հիշյալ հռչակագրում արձանագրված պետությանը ներկայացվող պահանջներին, թե՝ ոչ:

ա) մշտական բնակչություն

Համաձայն Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության՝ 2015թ. դեկտեմբերի 1-ի մարդահամարի տվյալներով Արցախում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 145.053 մարդ: Այս վերջին մարդահամարի տվյալները գրեթե կրկնում են 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ գոյության օրոք անցկացված մարդահամարի տվյալներով տարածաշրջանում հայ ազգաբնակչության թիվը՝ 145.5 հազար մարդ: 2005թ. անցկացված մարդահամարի տվյալներով էլ Արցախի Հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 137.737 մարդ:

  Մարդահամարների անցկացման տարիները
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում Արցախի Հանրապետության տարածքում
  17.12.1926 17.01.1939 15.01.1959 15.01.1970 17.01.1979 12.01.1989 2005 2015
Ընդամենը 125.3 150.8 130.4 150.3 162.2 189.1 137.737 145.053
Այդ թվում՝                
Հայեր 111.7 (89.1%) 132.8 (88.1%) 110.1 (84.4%) 121.1 (80.6%) 123.1 (75.9%) 145.5 (76.9%) 137.380       (99.7%) 144.683 (99.7%)
Ադրբեջանցիներ 12.6 (10.1%) 14.1 (9.4%) 18.0 (13.8%) 27.2 (18.1%) 37.3 (23.0%) 40.7 (21.5%)
Ռուսներ 0.6 (0.5%) 3.2 (2.1%) 1.8 (1.4%) 1.3 (0.9%) 1.2 (0.7%) 1.9 (1.0%) 171 (0.1%) 238 (0.1%)
Այլ 0.4 (0.3%) 0.7 (0.5%) 0.5 (0.4%) 0.7 (0.5%) 0.6 (0.4%) 1.0 (0.5%) 186 (0.1%) 132 (0.1%)

Որքան էլ խորհրդային տարիներին անցկացված 6 մարդահամարների ու անկախության շրջանում անցկացված երկու մարդահամարների տվյալները տարածքային (առաջին 6-ն անցկացվել են ԼՂԻՄ-ում, վերջին 2-ը՝ Արցախի Հանրապետությունում), մեթոդաբանական, առումով համադրելի չեն, այդուհանդերձ, մշտական բնակչության բացարձակ թվերը վկայում են, որ թե՛ ԽՍՀՄ գոյության օրոք, երբ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը հեռահար քաղաքական նպատակներով ու միտումնավոր անգործությամբ թերզարգացած էր պահում ԼՂԻՄ-ը, փորձում աստիճանաբար փոխել ժողովրդագրական կազմն ու հայաթափում այն, ինչպես արեց Նախիջևանում, թե՛ անկախություն հռչակելուց հետո՝ պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում, Արցախի Հանրապետությունն ապացուցել է մշտական, կայուն, բազմազգ բնակչություն ունենալու իր կարողությունը:

բ) որոշակի տարածք

Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12.000 քառակուսի կմ, որն ամբողջությամբ օկուպացված է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից: Այդ տարածքը և նրա վրա ապրող բնակչությանը պաշտպանելու կարողություններ Արցախի նորաստեղծ Հանրապետությունը ցուցաբերել է թե՛ 1991-1994թթ.՝ Ադրբեջանի սանձազերծած քառամյա պատերազմին դիմակայելիս, թե՛ մասնավորապես 2016թ. ապրիլի 2-5-ը՝ նրա նախահարձակումը հետ շպրտելու ժամանակ:

գ) կառավարություն

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ Արցախի Հանրապետությունն ունի կառավարություն: Արցախի Հանրապետությունն ընտրել և ունեցել է հինգ նախագահներ (Ռոբերտ Քոչարյան (1996-1997), Արկադի Ղուկասյան (1997-2002, 2002-2007), Բակո Սահակյան (2007-2012, 2012-2017, 2017-2020), Արայիկ Հարությունյան (2020-2023), Սամվել Շահրամանյան (2023-ից մինչ օրս))՝ անցկացնելով 6 համաժողովրդական նախագահական ընտրություններ: Անկախությունից ի վեր Արցախի Հանրապետությունում կազմակերպվել են 7 խորհրդարանական, 7 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և 2 սահմանադրական հանրաքվե: Չնայած միջազգային չճանաչվածությանը՝ բոլորի ժամանակ առկա են եղել նաև միջազգային դիտորդական առաքելություններ:

դ) այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն

Սույն կետի բավարարման համար առաջնահերթ հիմք են համարվում այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրանից բխող հետևանքներով: Այս իմաստով Արցախի Հանրապետությունը 1992թ. ապրիլից սկսած աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես համաշխարհային քաղաքականության մեջ քաղաքական եղանակ ստեղծող պետություններում, հիմնել է յոթ մշտական ներկայացուցչություններ: Միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողության մասին են վկայում մինչև ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմը Հայաստան-Արցախ հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսական աջակցությունն Արցախին, Արցախի հարաբերությունը չճանաչված կամ մասնակի ճանաչված այլ պետությունների հետ և այլն:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունը լիովին բավարարել է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 1-ին և 3-րդ հոդվածներով պետությանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ներկայացվող չափանիշներին և սահմանումներին:

Վերոնշյալը անհրաժեշտ և բավարար հիմք էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը: Բայց, նա չարեց դա:

Նիկոլ Փաշինյանն ուներ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ևս երեք աներկբա հիմք:

  • 2020թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, դուրս գալով ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում ընթացող բանակցություններից ու կոպտորեն խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:
  • 2023թ. ապրիլի 23-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ և ինը ամիս շրջափակման մեջ պահել արցախահայությանը՝ ենթարկելով ցեղասպանության:
  • 2023թ. սեպտեմբերի 19-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Բոլոր հարմար դեպքերում էլ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Նա չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ոչ թե ելնելով քաղաքական աննպատակահարմարությունից, այլ որովհետև Արցախը համարել է Ադրբեջանի մաս: Այս համոզմունքը նրա մոտ ունի առնվազն գրեթե երկուսուկես տասնամյակի պատմություն: Դեռևս 1999թ. ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը, որպես «Օրագիր» թերթի խմբագիր, հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են:»:

Այսպիսով, ունենալով բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերն ու պատճառները Նիկոլ Փաշինյանը չի ճանաչել հազարամյակների հայկական արմատներ ու պատմություն ունեցող, իրավական առումով անթերի հռչակված Արցախի Հանրապետության անկախությունը:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր վարչակազմերը ևս ունեցել են հարմար առիթներ՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն նրանք նույնպես ձեռնպահ են մնացել գնալու այդ քայլին:

Իսկ ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Haroutyun says:

    Why not double colonization (from USSR and Azerbaijan), Then DeColonization and Last ReColonization

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930