Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետեւ իրական Հայաստանը, որպես գաղափարախոսություն, այս օրերին եւ նախորդող շրջանում հաստատվում է ՀՀ-ում եւ ընկալվում է ժողովրդի կողմից: Այս մասին երեկ Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը համոզված է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընկալվում է ժողովրդի կողմից, նա դրանում համոզվել է, իր խոսքով՝ մարդկանց հետ անմիջական շփումներով, իրեն ուղղված նամակագրությունը կարդալիս, սոցիալական ցանցերի որոշակի հետազոտությունից հետո։
Նրա խոսքով՝ սա շատ զարմանալի փաստ է․ «Ինչպե՞ս կարող էր ժողովուրդն այսքան ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության լիարժեք եւ ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը ամիսներ կամ մոտ երեկու տարի առաջ։ Իմ գնահատմամբ՝ այդ գաղափարախոսությունը ոչ այնքան կառավարող մեծամասնության, այլ հենց ժողովրդի գաղափարախոսությունն է, որ, ի վերջո, Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձեւակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսության օբյեկտն է, այլ՝ սուբյեկտը, ժողովուրդն այդ գաղափարախոսության ակունքն է եւ աղբյուրը, պարզապես կառավարող մեծամասնությունը վերջապես հասկացել է այն, ինչ ժողովուրդը երկար ժամանակ փորձում է բացատրել: Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ ժողովուրդը ինքը առանցքային քաղաքական գործոն է, բայց կոմունիկացիոն խողովակ չունի, ասենք մամուլի խոսնակ չունի»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ Հայաստանում կառավարող մեծամասնությունը եւ կառավարությունը երբեք չի եղել ժողովրդի խոսնակ, կառավարությունը եղել է ժողովրդին ասողը․«Մենք այս առումով ենք ունիկալ կառավարող թիմ, որը ի վերջո հայտնվել է մի իրավիճակում, երբ հասկացել է, որ ինքը ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ ինքը պետք է ընկալի ժողովրդի գաղափարախոսությունը, դա ձեւակերպի որպես քաղաքական ասելիք եւ իրականացնի որպես քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ