Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեճ ոչնչի մասին»․ «Հայացք Երևանից»

Հունիս 23,2024 10:00

ՀՀ գոյության առաջին իսկ օրերից իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջեւ առանձնակի հակասություններ չեն զգացվել։ Պահպանվում էր մի տեսակ հավատարմության մթնոլորտ։ Սակայն ժամանակի ընթացքում՝ իշխանության քաղաքական որակի փոփոխություններին զուգահեռ, սկսեցին նկատվել այլ միտումներ։ Հայաստանում իշխանության օլիգարխացումը հանգեցրեց նրան, որ ՀԱԵ-ն բռնեց քաղաքական համակարգի հետ միաձուլվելու ուղեգիծ՝ դրանով իսկ ընտրելով միմյանց հակասահմանադրական հավակնությունները բավարարելու ճանապարհը։ Եկեղեցին իր ընտրությունը կատարեց՝ ելնելով Հայաստանի ներսում քաղաքական զարգացման միտումներից։

Այս հանգամանքը որոշիչ դարձավ Հայաստանում եկեղեցու եւ պետության միջեւ հարաբերությունների զարգացման գործում։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտը նշանավորվեց որակական, քաղաքական փոփոխություններով. Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը, որ Քոչարյանի զինակիցն էր, 2006 թվականից սկսած, դեռ Հայաստանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, սկսեց իրականացնել իր քաղաքական ռազմավարությունը՝ հիմնված խոշոր սեփականատերերի շերտի վրա։ 2006-ից սկիզբ առավ ամենաազդեցիկ քաղաքական եւ տնտեսական խմբերի համախմբումը իշխող՝ Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության դրոշի ներքո։

Հայաստանի այն ժամանակվա շատ ընդդիմադիր ուժեր այս ընթացքը որակեցին որպես լայնածավալ «հանցագործ համախմբում»՝ երկրում իշխանությունը զավթելու նպատակով։ Անկասկած, իր դիրքերը զարգացնելու խնդիր է դրվել նաեւ ՀԱԵ-ի առջեւ։ 2006թ. հուլիսի 22-ին կայացած ՀՀԿ համագումարը ցույց տվեց քաղաքական իրավիճակի հիմնական միտումը. ՀԱԵ-ի պատրաստակամությունը՝ ամեն կերպ օրհնելու այս քաղաքական կազմակերպությանը։ Նշված համագումարում ՀԱԵ-ն ցույց տվեց իր ընտրությունը. այդ ժամանակվանից ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կերպարը։

ՀԱԵ այս բարձրաստիճան պաշտոնյան էր, որ 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների ժամանակ անհավատալի եռանդ դրսեւորեց եկեղեցու՝ քաղաքականություն մտնելու ուղին արմատավորելու համար, ընդ որում՝ բացառապես գործող իշխանություններին կատեգորիկ աջակցության տեսքով։ Կարելի է պնդել, որ հենց այս պահից երկրում սկսեց տիրել քաղաքական-գաղափարական սիմբիոզ։ Հասկանալի էր Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության շահագրգռվածությունը նման սիմբիոզով։

Ձեւականորեն քարոզելով «նժդեհականության» նեղ ազգայնական գաղափարախոսությունը՝ ՀՀԿ-ն իր գաղափարական կերպարը համալրեց եկեղեցու կրոնական աուրայով։ Սա զգալի քաղաքական նշանակություն ունեցավ։

Առաջատար քաղաքական ուժի լիակատար ապագաղափարականացման պայմաններում նրան իրական գաղափար էր պետք։ Ընդհանուր շահը դարձել էր մարդու իրավունքների հայեցակարգը հասարակության գիտակցությունից հեռացնելը։ Հիմնական համախմբող գաղափար հայտարարվեց միասնությունը՝ ի տարբերություն անհատական ​​ազատության: Դա, կարծես, «ազգային» եկեղեցու եւ «ազգային կուսակցության» միասնությունն էր։ Հայաստանում կրոնի հանդեպ բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր գործարարների կիրքն արտահայտվեց ոչ միայն նրանով, որ գործարարների ջանքերով ավելի ու ավելի շատ եկեղեցիներ կառուցվեցին։ Աստվածաշնչից բերված բանաձեւերը լրացնում էին պետական ​​պաշտոնյաների ելույթները եւ դառնում հանդիսավոր բոլոր ելույթների լեյտմոտիվները: Բարձրագույն պաշտոնյաները դարձան եկեղեցական զուտ կրոնական բնույթի բոլոր միջոցառումների պարտադիր մասնակիցներ։

Ընդդիմադիր մամուլն այս գործընթացն անվանել է «Խաչի եւ սրի միությունը 21-րդ դարի Հայաստանում»: Այս միության էությունը «ստվերի» պահպանման համակարգն էր, տոտալիտար նախատրամադրվածությունը, մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումը եւ այլն։ Համարվում էր, որ միայն ձեռք ձեռքի տված կարելի է պահպանել նման արտոնյալ պետությունը։ Սակայն ՀԱԵ-ի այս դիրքորոշման վերաբերյալ ինչ-որ պահի զանգվածային դժգոհության ի հայտ գալը միանգամայն սպասելի էր։

2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ժխտողականություն է դրսեւորել ՀԱԵ-ի նկատմամբ. զանգվածային համաժողովրդական շարժման արդյունքում ՀՀԿ իշխանությունը տապալած այս գործիչը ՀԱԵ-ում առաջին հերթին տեսնում է քաղաքական հակառակորդի։ ՀԱԵ-ի նկատմամբ ոտնձգությունները սկսվեցին ՀՀԿ-ի` իշխանական դիրքերից հեռանալուց անմիջապես հետո, ինչը վկայում է այս պատճառի մասին։ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ապամոնտաժել հնարավոր ռեւանշի ցանկացած աջակցություն՝ տեսնելով այդպիսի հենարաններից մեկը ՀԱԵ-ում։ Բայց, ինչպես երեւում է, միայն սա չէ ՀԱԵ-ի հանդեպ Հայաստանի իշխանությունների ժխտողականության պատճառը։

Ամեն դեպքում՝ գործ ունենք ավանդական ինստիտուտների եւ նրանց գաղափարների առճակատման՝ մեր օրերի քաղաքական իրողությունների հետ, որտեղ կիրառվում է պետական ​​ինքնիշխանության գաղափարը։ Եվ այստեղ դժվար է պնդել, որ ՀԱԵ-ն երկար դարերի ընթացքում առաջնահերթություն է տվել ինքնիշխանության ավանդույթներին։ Ամենայն հավանականությամբ՝ ՀԱԵ ռազմավարական մոտեցումը Հայաստանում քաղաքական իշխանության բացակայության ժամանակաշրջանում պայմանավորված էր այստեղ իշխող ուժերին ենթարկվելու ավանդույթով։

Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից ինքնիշխանության ըմբռնումը նույնպես բավական հակասական է։ Փաշինյանի որդեգրած հայկական պետության նոր հայեցակարգը, որը ենթադրում է «հայրենիք» հասկացության ամբողջական վերանայում, լուրջ առճակատում է առաջացնում հասարակության մեջ։ Ըստ այդմ, ընթացիկ վեճերի էությունն առայժմ կարելի է գնահատել որպես «վեճ ոչնչի մասին»։ Նման անպտուղ վեճի սպառումը, կարծես թե, հնարավոր է միայն նոր քաղաքական ուժերի ի հայտ գալով եւ ՀԱԵ-ի բարեփոխման ինչ-որ ծրագրով։ Առայժմ այս մասին Հայաստանը միայն երազել կարող է։

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930