«Երիտասարդների համախմբվածությունը խոսում է նրա մասին, որ այս շարժումը հաջողություն է գրանցել, քանի որ կարողացել է միասնական դարձնել երիտասարդության ու հասարակության տարբեր շերտերի՝ չնայելով կուսակցական պատկանելիությանը կամ քաղաքական հայացքների։ Սա սրբազան պայքարի այն հավաքներից էր, որը խոսում է այդ կոնսեսուսի մասին, որը ձևավորվել է երիտասարդների շրջանակում։ Մարդիկ եկել են լսելու սրբազանին և չեն համարում, որ շարժումը մարած է, կամ ավարտված է։ Մեզ համար հայրենիքի համար պայքարը հավերժ է»,- Երևանի մանկական այգում Բագրատ սրբազանի՝ երիտասարդների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նա հայտարարեց՝ ՀՀԿ-ն լինելու է յուրաքանչյուր պայքարի առաջամարտիկ․ «Մենք այստեղ ենք պետական գաղափարախոսությունը առաջ տանելու, սպասարկելու սկզբունքների հետ համահունչ մեր բոլոր քայլերն անելու համար՝ վերականգնելու հայկական օրակարգը, ՀՀ-ում ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սերը, որը եղել է մինչև 2018-ը»։
Կարդացեք նաև
Հենրիխ Դանիելյանը վստահեցրեց՝ մենք հաղթանակած սերունդ ենք․ «Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ի հետ միասին պարտության խորհրդանիշը։ Հայ երիտասարդությունը հաղթանակած երիտասարդություն է, և Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն են դասալիք, ոչ թե երիտասարդությունը կամ հայ ժողովուրդը։ Մեզ համար հայկական Արցախի էջը փակված չէ, և այս երիտասարդներն այդ պնդման, երազանքի վստահությունն են, որ մեր հայրենակիցները կարող են տեսնել։ Մեզ համար հայկական երկու հանրապետությունների էջը փակված չէ։ Վառ ենք պահելու պայքարի ջահը։ Մենք չենք հիասթափվում, հիասթափությունը մեղք է»։
Նա վստահեցրեց՝ երիտասարդության շրջանում կա համախմբվածություն․ «Սա հայկական երազանքի սկիզբ է և հաղթական քայլարշավ, որի ընթացքը պետք է տանի նաև երիտասարդությունը։ Չպետք է հիասթափվել, պետք է քայլեր ձեռնարկել, որ այս համախմբվածությունը լինի վարակիչ ու շարունակական»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ