«Էդ պետք է ադրբեջանցիներին հարցնես՝ թե իմ մասին ինչ են ասում․ ասում են Իրանի ներդրածն է»,- Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարի մասին հարցին, այսպես արձագանքեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Կեսկատակ ասաց․ «Հյուսիսն ասում է՝ գործակալ եմ Լոնդոնից, արևմուտքն ասում է՝ ռուսների շահի համար է, Ադրբեջանն ասում է՝ Իրանի ներդրածն է, էլ ոչ մեկ գլխի չի ընկնում՝ ես ով եմ։ Բոլոր երկրների գործակալ»։
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ ասաց․ «Սա այն բացառիկ դաշտն է, որ բոլոր հարաբերությունները երկուստեք օգտակար են։ Ինչպես ասում են՝ կյանքում, ինչպես գործի մեջ, դու չես ստանում այն, ինչ ուզում ես, ստանում ես այն, ինչ բանակցում ես։ Հիմա հայ-իրանական հարաբերություններում այն բացառիկ դեպքն է, որ այդ բանակցություններում երկուսն էլ շահում են՝ և դաշնակից որպես սահմանով, մշակութային փոխհարաբերություններով՝ անկախ նրանից, որ այնտեղ իսլամական կրոն է, մեզ մոտ քրիստոնեական։ Արժեքային դաշտում էլ են մեր հարաբերությունները նույնը, պատմական դաշտում էլ, սահմանային իրավիճակների մեջ էլ։ Մեր հարաբերությունները ոչ միայն փոխշահավետ են, այլ երկուստեք շահավետ, և դա անընդհատ պետք է խորացնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիք» էջի