«Շարժման ընթացքում չակերտավոր հետաքրքիր դրվագ եղավ։ Լրիվ ապօրինի կերպով մեր ՍՊԸ-ներից մեկի գովազդային վահանակները՝ ժամացույցները, քաղաքապետարանն ապամոնտաժեց. վստահ եմ՝ նրա համար, որ մենք մեր քաղաքացիական դիրքորոշումն էինք արտահայտել: Այն, ինչ համահունչ էր մեզ, բխում էր մեր հավատամքից, տեղադրել էինք մեր ժամերի վրա։ Սրբազան շարժման բոլոր հանդիպումները և կարգախոսը տեղադրել էինք մեր ժամերի վրա, որ մարդիկ իմանան ու հասկանան, որովհետև այդպես ճիշտ է»,- Երևանի մանկական այգում Բագրատ սրբազանի՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արատտա» կրթամշակութային ազգային կենտրոնի հիմնադիր Արազ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ ժամացույցները ևս սոցիալական ձեռնարկատիրության մոդելով էին աշխատում․ դրանք ստեղծվել էին, որ ժողվարպետների աշխատանքներն այնտեղ ցուցադրվեին, մարդիկ այդ աշխատանքները ճանաչեին։
Արազ Բաղդասարյանը պատմեց իրենց կենտրոնի մասին․ «Մենք զբաղվում ենք ազգային մշակույթի հանրահռչակմամբ, ժողվարպետների համար նոր հնարավորություններ բացահայտելով ու ստեղծելով, նրանց փորձը երիտասարդներին փոխանցելով։ Վստահ եմ, որ այս հարթակը ոչ վերջին անգամ է լինելու մեր հավաքատեղին»։
Ելույթի ավարտին նա վստահեցրեց․ «Սա մեր հավատամքն է, և ուղղակի, սրբազան, Ձեզ հետ չլինել չենք կարող մինչև վերջ, մինչև ճշմարտության հաղթանակը։ Սա հանունի պայքար է, վստահ եմ, որ ազգայինի, մեր լինելիության, մեր երջանկության, հանուն մեր առաքելության, հայի տեսակի պահպանման պայքար է։ Ով դեմ է, նա է դեմ այդ ամենին։ Ու այդ հանունի համար հանգիստ գնալու ենք մեր ճանապարհով։ Տիրոջ օրհնությամբ է այս ամենը կատարվում, իսկ եթե Աստված մեզ հետ է, կապ չունի՝ ով է մեր դեմ»։
Կարդացեք նաև
Այնուհետև Արազ Բաղդասարյանն առաջարկեց թաշկինակներով ֆլեշմոբ կազմակերպել՝ տարբեր գույների՝ միայն սև ու սպիտակ չլինի․ «Ցանկացած գույնի թաշկինակ, որը մենք ունենք, թաշկինակների վրա գրեք երազանքների մասին և կպցրեք, թող ողողվի մեր երկիրը մեր երազանքներով ու դրական էմոցիաներով։ Նկարենք ու տեղադրենք մեր սոցիալական ցանցերում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ