«Փոփոխությունը դժվար է լինում, շատ դժվար բան է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ՝ խաղաղ, բայց մեռած։ Հետևաբար առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, ջրտուքը, փոփոխության կրողը դուք եք»,- Երևանի մանկական այգում երիտասարդների հետ հանդիպմանը դիմելով երիտասարդներին՝ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա վստահեցրեց՝ ինչպես ասում են՝ փոփոխության կամուրջը, միջոցը, բերողը, կրողը երիտասարդությունն է․ «Դուք եք, սիրելի աղջիկներ ու տղաներ, շատ սիրելի զավակներ»։
Բագրատ սրբազանն ասաց՝ իրենց պայքարը իշխանափոխությունից ավելի է․ «Ոմանց մտքի մեջ՝ մանավանդ քաղաքական միտք ունեցողների մտածողության մեջ, թիրախն իշխանափոխությունն է, բնական է դա, մանավանդ, երբ, շատ հարգարժան կերպով եմ ասում, այդ միտքը կուսակցականացված է։ Յուրաքանչյուր կուսակցության ձգտումը՝ ՀՀ-ում, թե ՀՀ-ի սահմանից դուրս, իշխանափոխության հասնելն է։ Եթե չկա նման ձգտում, ուրեմն դատարկ տեղ է զբաղեցնում այդ կուսակցությունը, նշանակում է փող աշխատելու համար է։ Սա բնական է, մեր քաղաքական դաշտում լայն իմաստով դժվար պատկերացնելի է, որ իշխանափոխությունից ավելի էլ կարող է արժեք լինել։ Այո, կարող է լինել և է՝ մանավանդ մեր միջավայրում։ Սա լայն իմաստով արժեքների փոփոխության մասին է, քաղաքակրթական, մեր կյանքի՝ ուղղակի ներսից դեպի դուրս դարձնելու մասին է, ամբողջը վերափոխելու մասին է»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը, դիմելով երիտասարդներին, ասաց․ «Պետք է խորությամբ հավատաք, որ կարող եք իրականություն դարձնել․ շարժումը կարողության մասին է։ Մեզ թերահավատությամբ են նայել, մեզ ծաղրել, այլ աչքով են դիտել, մենք կարող ենք դա անել, մեր ներսի ներուժը կարող ենք դարձնել վարքագիծ, գործողություն և իրականություն»։
Բագրատ սրբազանը հայտնեց, որ հուլիսին նաև ճամբարային այցելություններ կունենա, և ցանկանում է, որ երիտասարդներն էլ ներգրավված լինեն։ Նա հորդորեց երիտասարդներին խորհուրդ ձևավորել, որ իրենց օրինակը տարածվի ողջ Հայաստանով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջից