«Մեր վաղվա Հայաստանը, որի տեսիլքով 90-ականներին մեր հայրերը պայքարի մեջ էին, այդ վաղվա Հայաստանը, մենք վստահ ենք, որ գալու է։ Բնականաբար, երիտասարդներն ունեն հարցեր, սիրում են ավելի ուսումնասիրել, փառք Աստծո, որ շարժումը բավարար նյութ է տվել, որ որևէ երիտասարդ կարողանա ուսումնասիրել ու ստանալ պատասխաններ»,- Երևանի մանկական այգում Բագրատ սրբազանի՝ երիտասարդների հետ հանդիպման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը:
Նա կոչ արեց երիտասարդներին մեդիագրագիտության տեսանկյունից նայել շարժմանը, չմնալ ինչ-որ ուժերի ազդեցության տակ, զբաղվել շարժման մասին ինքնակրթությամբ։ Թովմաս Առաքելյանը վստահեցրեց՝ երիտասարդության մոտ ոչ թե հուսահատություն է, այլ վճռական դիրքորոշում․ «Շարժման վերադասավորման փուլում, երբ մենք ավելի վստահ շարժումը վերաձևակերպում ենք գալիք հաղթանակի տեսիլքով, երիտասարդները հանձնառու են այն ամենին, ինչ մենք անում ենք։ Սա անկուսակցական արժեհամակարգային երիտասարդության ակտիվություն է։ Շարժման ձեռքբերումներից մեկը անկուսակցական, արժեհամակարգային երիտասարդների՝ այս ակտիվությունն է։
Կարդացեք նաև
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամենատարբեր կուսակցության երիտասարդներին, որոնք այստեղ են ոչ թե նեղ կուսակցական, այլ արժեհամակարգային հարցերով։ Իրենք գտել են, որ իրենց կուսակցությունն այդ արժեհամակարգային հարցերը վառ պիտի պահի։ Այնպես որ թե′ անկուսակցական, թե′ վերկուսակցական գաղափարախոսությունը, թե′ կուսակցական երիտասարդությունն ուս ուսի հանուն արժեհամակարգի կարող է միախումբ լինել, հաշտության օրակարգի հաղթանակից հետո մենք կգնանք դեպի արդարության օրակարգ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ