Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարամ փող է, ես չեմ ուզում». Կիրանցեցին փոխհատուցմանը համաձայնել է, մոտ 12.5 միլիոն դրամ են առաջարկում, բայց որդին դեմ է

Հունիս 22,2024 20:47

«Ազատություն». Կիրանցի տներից մեկն ու հարևանությամբ գտնվող վագոն-տնակն այլևս իրենց տեղում չեն. վագոն-տնակը գյուղի մյուս ծայր են տեղափոխել, իսկ Կիրանց բերող ճանապարհի առաջին՝ Մհեր Սիմոնյանի տունը հիմնովին քանդվել է, նա ավելի վաղ էր հայտնել սեփականության վկայականով իրեն պատկանող շինությունը հողին հավասարեցնելու մտադրության մասին։ Ընտանիքը բարեկամների հարկի տակ է տեղավորվել, մինչ նոր տուն կառուցեն։ Տեսախցիկի առջև ընտանիքի անդամները խոսել չցանկացան, բայց պատմեցին՝ ուզում են գյուղի մյուս ծայրում տուն կառուցել։

Թե ի վերջո պետությունը կիրանցեցիներին ինչ սկզբունքով ու ինչ ծավալի փոխհատուցում է տրամադրել, չի հանրայնացվում։ Գործընթացն իրականացվում է Կառավարության ընդունած մի որոշման հիմքով, որը չեն գաղտնազերծում:

Սահմանազատման հետևանքով Կիրանցում չորս շինություն է ադրբեջանական կողմն անցնում, եթե շաբաթներ առաջ տարածքում ակտիվ շարժ էր, բնակիչները հավաքվում զրուցում էին, այժմ տեղում միայն ծառայություն իրականացնող ուժայիններին նկատեցինք, ընդ որում՝ այդ վայրում նկարահանում անել «Ազատությանը» չթույլատրեցին։

Կիրանցում ունեցած տարբեր զրույցների համաձայն՝ կադաստրի վկայական ունեցող շինությունների համար տասնյակ հազարավոր դոլարներ են վճարվում։ Դրանցից զատ, սակայն, սահմանի այն կողմում է հայտնվել հինգ տասնյակ այլ սեփականություն նույնպես՝ բնակիչների վարելահողերը, որոնց հասանելիություն գյուղացիներն այլևս չունեն:

«Ադրբեջանն ա՞ տվել մեր կադաստրի դակումենտը, Հայաստանն ա տվել, չէ՞, Հայաստանի Հանրապետությանն ա չէ՞ էդ դակումենտը», – «Ազատության» հետ զրույցում ընդգծեց տունը կորցրած Մհեր Սիմոնյանի հորեղբայրը՝ Աբգար Սիմոնյանը:

Հողակտորներից մեկը նրան է պատկանում։ 8 հազար քառակուսի մետր ցորենի դաշտի կեսն է այն կողմում հայտնվել, չի պատկերացնում, թե այս դեպքում մյուս կեսն ինչպես են օգտագործելու: Տղամարդը փոխհատուցմանը համաձայնել է, ասում է՝ մոտ 12.5 միլիոն դրամ են առաջարկում, բայց ընտանիքում տարաձայնություն կա, որդին դեմ է. – «Հա, ասել եմ, բայց իմ տղեն չի ուզում, իմ տղեն ասում ա՝ «հարամ փող ա, ես չեմ ուզում»: Իմ անունով ա, բայց իմ տղեն էլ ա դակումենտով ինձ հետ, էլի»։

Ռոբերտ Զարգարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազատություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930