Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ էլ, որ ժամանակ ունենաք, կհիշեցնեք էլի՝ այդ երբվանից եք նման գործերով դիմակավորված անձանց միջոցով դարպաս ջարդում ու մեքենա առգրավում»

Հունիս 22,2024 17:53

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը պատասխանել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի պնդումներին, թե Արցախի նախագահին սպասարկող մեքենան առգրավել են էական նշանակության հանգամանքներ պարզելու համար։ «Թեև դրանով մենք քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք, բայց քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, և այդ վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է տվյալ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում», – «Ազատությանն» ասել էր Աբրահամյանը: Խոսքը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։ Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց գործի քննությունը շարունակվում է։

Ռոման Երիցյան

«ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը հայտարարում է՝ իբր Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի առգրավումը քաղաքական ենթատեքստ չունի։ Հավելում է, որ մեքենան քրեական վարույթի համար ներկայացնում էր որոշակի հետաքրքրություն, ինչն էլ առգրավման պատճառ էր դարձել։

Այս անձը կարծես թե մոռանում է, որ այդ նույն ավտոմեքենան նույն վարույթի շրջանակում արդեն առգրավել, խուզարկել և քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չհայտնաբերելու հիմքով վերադարձրել էին։

Անիմաստ հայտարարությունների փոխարեն, խոսնակը լավ կլիներ՝ պարզաբաներ, թե դեպքից 4-5 ամիս անց կամ Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին ինչու հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան։ Մեքենա, որում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կարծես չէր հայտնաբերվել։

Թե բա, մեքենան վարվում էր հետախուզման մեջ գտնվող համարանիշով։ Նախ՝ դա ի՞նչ կապ ունի թմրանյութ իրացնելու վարույթի հետ։ Երկրորդ՝ չհաշվառված համարանիշով մեքենա վարելը երբվանի՞ց է հանցանք որակվում։ Երրորդ՝ այդ նույն չհաշվառված համարանիշը ո՞վ կամ ո՞ր մարմինն էր տվել։ Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք նման հիմարություններից խոսում։ Չորրորդ՝ մոռացե՞լ եք, որ այդ համարանիշը 4 ամիս առաջ առգրավել էիք։

Այ խոսնակ ջան, ձեր առջև դրված քրեական դատավարության օրենսգրքով բնակարան համարվող տարածքից (ծառայողական շինությանը հարակից տարածք, որն ընդգրկված է սեփականության վկայականում) առգրավման համար դատարանի որոշում չի՞ պահանջվում։ Պաշտպանության իրավունք, առգրավման արձանագրություն, արձանագրությանը ծանոթանալու իրավունք, մասնակիցների ստորագրություն և այլն, այսպիսի հասկացությունների մասին երբևէ լսե՞լ եք։

Մեկ էլ, որ ժամանակ ունենաք, կհիշեցնեք էլի՝ այդ երբվանից եք նման գործերով դիմակավորված անձանց միջոցով դարպաս ջարդում ու մեքենա առգրավում, բայց արցախցիների նկատմամբ սպանության փորձ գործած և նրանց գանգոսկրերը կոտրած անձին ձերբակալելու փոխարեն գործընկերոջ հարսանիքը տոնում։

Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում։ Որ ասում էր՝ բա ինձ սխալ են զեկուցել, ինքնագլուխ որոշումներ են կայացրել, տեղյակ չէի ոչնչից, ես ասել էի՝ այս վարույթը քաղաքապետների վարույթներին կցեն և այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930