Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան խնդիրը փակված չէ․․․ որևէ մեկն այն փակելու, մեզ հայրենազրկելու իրավունք չունի։ Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի հանձնվել. Լիլիթ Գալստյան

Հունիս 22,2024 17:30

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը միանալու և Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի քայլը աշխարհաքաղաքական մեծ ներուժ ունի։

Իհարկե, ցանկալի կլիներ, եթե ԱԳՆ հայտարարության տեքստում «միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքների» շարքում նշվեր նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքը։

Բայց ՀՀ իշխանություններին թույլ տրվող «քաջության սահմանն» այսքանն է։

Ինչևէ, ՄԱԿ-ի օրակարգում այս խնդրի ներառումն ու նման լուրջ բանաձևի ընդունումը խոսում է միջազգային քաղաքական օրակարգում տեղաշարժերի, բարոյական քաղաքականության սկզբունքների արթնացման, նաև միջազգային կառույցների առաքելությունների, միջազգային իրավունքի ու սկզբունքների հնարավոր վերադարձի մասին։ Պարզորեն՝ սա նաև դեմք փրկելու գործողություն է․․․, որը լրջագույն աշխարհաքաղաքական պոտենցիալ ունի։

Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է և անշրջելի, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը։ Բայց սա չի նշանակում, թե Արցախի կոնֆլիկտը լուծվել է, կամ այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը համադարման է։

Բոլորովին հակառակը՝ Պաղեստինի նախադեպը՝ երկու պետությունների խաղաղ համակեցության մոդելը, նաև միջազգային դիսկուրսում բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ խոսելու ագրեսիայի, պատերազմի ճանապարհով խնդիրի լուծման անընդունելիությունը, միջազգային իրավունքի և սկզբունքների ոտնահարման մասին, ինչպես նաև առաջ տանելու միջազգային իրավունքով, մի շարք միջազգային կոնվենցիաներով/ Մարդու իրավունքների հռչակագիր և այլն/ ամրագրված ՎԵՐԱԴԱՐՁԻ իրավունքը։

Պաղեստինը երկար է սպասել այս օրվան, շատ ծանր հատուցելով, բայց չի հրաժարվել պետություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու կամքից։

ՀՀ իշխանությունները մեզ ամենօրյա ռեժիմով նվաստացնում են, պարտությունն իբր անխուսափելի իրողություն փաթաթում մեր վզին, մեր նվաստացումը դարձնելով անշրջելի, պետության ապագան՝ հարցականի տակ։

Սա իշխանությունը սեփական ձեռքում կենտրոնացած մեկ՝ մարդու արժեհամակարգ է և հանձնառություն՝ մեզ պարտադրվող դավադիր ծրագիր։

Արցախյան խնդիրը փակված չէ․․․ որևէ մեկն այն փակելու, մեզ հայրենազրկելու իրավունք չունի։ Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի հանձնվել․․․

Արտաքին քաղաքական նոր դիսկուրսի պայմաններում ՀՆԱՐԱՎՈՐ է, բայց ՈՉ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՈՎ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄՆԵՐՈՎ։

Խնդիրը մեր մեջ է՝ չհանձնվել, Հանուն Հայաստանի բեկել այս իրականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930