Լրահոս
Օրվա լրահոսը

«Իքիբիրանոց գործիչ… Ինքը իմ համար, էդ ասածներով հանդերձ, անհեթեթություն է, ես նման անուն ազգանունով քաղաքական գործիչ չեմ ճանաչում». Շարմազանովը՝ Մարուքյանին

Հունիս 22,2024 22:00

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանը Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդմանը, խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մեղադրանքների մասին, որ Բագրատ սրբազանը իր ոտքով գնացել է Ձորաղբյուրում Սերժ Սարգսյանի տուն, շարժումը մատաղ է արել նրան, գործարք է եղել ու Սերժ Սարգսյանին դատարանում արդարացրել են՝ ասաց. «Ես նման անհեթեթ գնահատականերին անդրադառնալու կարիք չեմ տեսնում: Եթե կարիք լիներ, ինքը՝ սրբազանը կանդրադառնար: Որքան ես գիտեմ, նույնիսկ Բագրատ սրբազանը հարկ չի համարել էդ հիմարությունները մեկնաբանել: Ես կերկրորդեմ նրան, կխնայեմ ժամանակը, նման քաղաքական «իքիբիրանոց» գործիչներին չեմ անդրադառնա: Իսկ ով որ ասում է՝ նախկիններ, Հայաստանում չկան նախկիններ, կա պետականամետ ու թրքամետ: Ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, նրա ջրաղացին ջուր է լցնում, կամա թե ակամա Հայաստանի պետականության կործանման թիմակիցն է»:

Հարցին՝ մեղադրանք կա, որ Նիկոլ Փաշինյանը հերիք չի Վեհափառին ու Քոչարյանին է տեսնում շարժման հետեւում, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս, մի բան էլ նրան դատարանում արդարացման վճիռ է լինում, դրանք իրար հետ կապվա՞ծ են, թե՞ չէ՝ Շարմազանովը պատասխանեց. «Դուք հա ուզում եք մեկնաբանեմ մեկին, ով իմ համար ու ոչ միայն իմ համար, առհասարակ քաղաքական նշանակություն չունի: Չեմ ուզում անցնեմ անձնական վիրավորանքների դաշտ, բայց ձեր ասած մարդը, ինքը Նիկոլ Փաշինյանի գործընկերն է եղել, որոշ մարդկանց կարծիքով հաճախորդն է եղել, որոշ մարդկանց կարծիքով՝ շարունակում է մնալ հաճախորդ: Թող գնա Նիկոլին հարցնի՝ ինչի Նիկոլը մարդկանց անունը տալիս է, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս: Օրինակ, հասարակության մի լուրջ հատված կարծում է, որ ինքը դեռ մինչեւ օրս իրականացնում է Նիկոլի պատվերը: Ինքը իմ համար, էդ ամբողջ ասածներով հանդերձ, անհեթեթություն է, ես նման անուն ազգանունով քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետությունում չեմ ճանաչում: Ժամանակին միամիտ լոռեցի, նորմալ գործիչ էի ճանաչում: Հիմա նման քաղաքական գործիչ չեմ ճանաչում»:

Հարցին՝ Գառնիկ Դանիելյանին քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, նա պատասխանեց. «Ազգային գործիչ եմ ճանաչում»:

Հարցին՝ Գառնիկ Դանիելյանն ասել է, որ Մարուքյանը Սերժ Սարգսյանին ինչ-ինչ խնդրանքներով է դիմել ժամանակին, ի՞նչ խնդրանքների մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանը քրիստոնյա մարդ է, բարի, ներող, հազարումի մարդու լավություն է արել, օգնել է, կարող է այդ շարքի մեջ դա էլ մի բանով դիմած լինի, ի՞նչ իմանամ: Սերժ Սարգսյանը էն մարդը չի, որ մեկին օգնի, հետո նստի խոսի դրա մասին»:

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանի ներկայացրած պատմության մասին, որ իրեն այսպես ասած շնորհքով առեւանգել են ու տարել Հրազդան, Շարմազանովն ասաց. «Չի կարելի քաղաքական գործիչ անվանել մեկին… Չեմ էլ ճանաչում նրան: Շարժման ղեկավարը կիմանա՝ ով է, ինչ է, ինչ դերակատարում ունի, ես շարժման անդամ չեմ, աջակից եմ: Ես ոչ մեկին չեմ միացել, իմ շարժմանն են շատերը միացել, որովհետեւ երբ ես 2018-ի ապրիլի 23-ից պայքարում էինք Նիկոլ Փաշինյանի դեմ, շատերը Նիկոլ Փաշինյանի կենացն էին այդ ժամանակ խմում: Ձեր ասած մարդու հարցազրույցը չեմ նայել, երկրորդը՝ ինձ հետաքրքիր էլ չի, երրորդը՝ հստակ մի բան գիտեմ՝ ով որ ուզում էր Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ օրը այնտեղ էր: Ես այնտեղ էի, իմ ՀՀԿ-ական ընկերներն էլ, շարժման անդամ չէի, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Մանե Թանդիլյանը, շատ մարդ կար այնտեղ, բայց ձեր ասած մարդուն չեմ տեսել: Ամեն հարցազրույց տվող քաղաքական գործիչ չի: Մարդ կա ֆիգուր դառնում է, մարդ կա՝ փչում են, հետո պայթում է, մարդ կա՝ ինքն իրանով կանգնում է, ընկնում է»:

Հարցին՝ շատերն ասում են, որ Սուրեն Պետրոսյանը ՀՀԿ-ի պրոյեկտն է, սերտ կապեր ունի ՀՀԿ-ի հետ, դա այդպե՞ս է՝ նա պատասխանեց. «Ես իրեն չեմ ճանաչել: Հետո իմացել եմ, որ ինքը ՀՀԿ-ական եղել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930