Հայկական Ավտոշոուի շրջանակներում ZEEKR էլեկտրամեքենայի ներկայացման միջոցառման ժամանակ «սկանդալային» միջադեպ է գրանցվել հունիսի 21-ի երեկոյան․ բեմ է բարձրացել «ակտիվիստ» ներկայացած կինը եւ ներկ է լցրել ZEEKR ավտոմեքենայի վրա։
Իրականում սա մի փոքրիկ ներկայացում էր, իսկ կինը հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն էր, որը Հայաստանում ZEEKR ավտոմեքենայի առաջին գնորդներից է։
Կարդացեք նաև
Հերմինեն հարցադրումներ հնչեցրեց միջոցառումը վարող հաղորդավար Էրիկ Անթառանյանին՝ արդյոք ZEEKR ավտոմեքենաները էկոլոգիապես մաքո՞ւր են, չեն աղտոտո՞ւմ օդը, անաղմո՞ւկ են։ «Այս մեքենան էլեկտրական մեքենա է, էկոլոգիապես մաքուր է, արտանետում չունի։ ZEEKR-ի փիլիսոփայության մեջ է մտնում բնությունը պահպանելը։ ZEEKR մեքենաները նաեւ անաղմուկ են»,- պարզաբանեց Էրիկ Անթառանյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 21-23-ն անցկացվում է Armenian Auto Show-ն, որը Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող աննախադեպ ծավալի միջազգային ավտոցուցահանդես է։
Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ ZEEKR էլեկտրամոբիլները։ Արդեն մոտ մեկ ամսից հայ հաճախորդները կկարողանան ձեռք բերել ZEEKR ապրանքանիշի պրեմիում դասի էլեկտրամոբիլները, որոնք Հայաստանում պաշտոնապես ներկայացված կլինեն «Մուրան» ընկերության կողմից։ ZEEKR-ի հետ համագործակցության հուշագիրը դեռ այս տարվա ապրիլին էր կնքվել Պեկինում։ Հայկական և չինական կողմերի համաձայնությամբ` արդեն օգոստոսից հայ հաճախորդին հասանելի կլինեն ZEEKR -ի չորս մոդելները՝ 001, 007, 009 եւ X՝ երաշխիքային հատուկ պայմաններով։
ZEEKR-ն այսօր հանդիսանում է Չինաստանի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկի՝ GEELY հոլդինգի ընտանիքի անդամ։ Եվ Հայաստանում «Մուրան» ընկերությունը, շարունակելով GEELY-ի հետ արդեն իսկ հաջողված համագործակցությունը, պաշտոնապես ներկայացնում է ZEEKR ապրանքանիշը։
«Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Զախարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Կարող ենք ասել, որ ZEEKR-ն արդեն Հայաստանում է, նոր մեքենաները ճանապարհին են, Հայաստան կհասնեն 1-1,5 ամսից։ ZEEKR-ը հանդիսանում է էլեկտրամոբիլների արտադրության խոշոր ընկերություն, ամենամեծ առավելությունը սա է՝ մեքենաներն էկոլոգիապես մաքուր են եւ մատչելի, ունեն պաշտոնական երաշխիք։ Շուկան ուսումնասիրել ենք, Հայաստանում էլեկտրամոբիլների պահանջարկը բավական մեծ է։ Եվ կարող ենք ասել, որ պրեմիում դասի մեքենաները ZEEKR-ի հետ դարձել են ավելի հասանելի»։
Արսեն Զախարյանի խոսքով՝ Հայաստանի բնակչության համար մեքենաների գները հասանելի են․ հանդիսանալով պրեմիում դասի մեքենաներ՝ գներն սկսվում են 14 մլն դրամից։ Հայաստանի ճանապարհներին այս մեքենաներն ամբողջովին հարմարեցված են, ունեն ԵԱՏՄ հավաստագրեր։ Հայաստանում ներկայացվում է 4 մոդել, մեքենաների հզորությունը 288 ձիաուժից մինչեւ 789 ձիաուժ է՝ տարբեր մոդելների համար։
Երեկ երեկոյան տվյալներով՝ Հայաստանում արդեն վաճառվել էր ZEEKR-ի 4 էլեկտրամոբիլ, եւս 8 մեքենայի համար հաճախորդները դիմել էին բանկեր՝ փորձելով ֆինանսավորում ստանալ առաջարկվող հատուկ պայմաններով։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, ողջունելով ներկաներին, ասաց, որ Չինաստանի տնտեսությունը թեւակոխում է զարգացման նոր փուլ՝ արագ զարգացումից դեպի բարձրորակ զարգացում։ «Մենք ակտիվորեն զարգացնում ենք նոր որակյալ արտադրողականություն եւ ձգտում ենք կառուցել զարգացման նոր մոդել։ Որակյալ արտադրողականությունը նշանակում է բարձր տեխնոլոգիաներ, բարձր արդյունավետություն։ Չինական էլեկտրամոբիլները, որպես չինական արտադրության նոր այցեքարտ, դառնում են ավելի մրցունակ եւ առաջատար։ Հույս ունեմ, որ ZEEKR մեքենաներն ավելի լայն տարածում կստանան Հայաստանում։ GEELY ընկերությունը հայտնի չինական արտադրող է, որի էլեկտրական մեքենաների ZEEKR ապրանքանիշը եւ այլ ապրանքանիշներ մշտապես ընդլայնում են իրենց ազդեցությունը եւ ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասաց նա։
Ըստ դեսպանի՝ հանդիսանալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միացած առաջին երկրներից մեկը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել գործնական եւ բարեկամական համագործակցությունը Չինաստանի հետ տարբեր ոլորտներում։ Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 2․127 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 21․3 տոկոսով։
«Այս թվերը վկայում են երկկողմ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մեծ ներուժի եւ լայն հեռանկարների մասին։ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ զարգացմանը, էլեկտրական մեքենաների ներմուծման արտոնյալ քաղաքականությունների ներդրմանը եւ ընդլայնմանը, որի շնորհիվ էլեկտրական մեքենաները դարձել են երկու երկրների համագործակցության ընդլայնման նոր կետ։ Շատ ուրախ եմ, որ Երեւանի փողոցներում գնալով ավելանում են չինական արտադրության ավտոմեքենաները։ Վստահ եմ, որ ZEEKR մեքենաները հայ սպառողի կյանքն ավելի հարմարավետ կդարձնեն»,- հավելեց դեսպանը։
ZEEKR ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյսոն Լին նշեց, որ GEELY ընկերությունը Չինաստանում մեծ վարկանիշ ունեցող ընկերություն է, հայտնի է՝ որպես ամենաորակյալ մեքենաներ արտադրող։ «Մարդիկ Հայաստանում էլ են հետաքրքրված ZEEKR մեքենաներով, այսինքն՝ բրենդը նաեւ Հայաստանում է ճանաչված։ Դա է վկայում այն, որ այս ցուցահանդեսի շրջանակներում մեր տաղավարը շատ այցելուներ ունի։ Գնորդներին տրվում է գործարանային պաշտոնական երաշխիք»։
Ջեյսոնի Լիի խոսքերով՝ հայ հաճախորդը մեքենաների տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրներ չեն ունենա, քանի որ տեխսպասարկման կենտրոնը հագեցված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, մասնագետները վերապատրաստված են, իսկ առաջին անհրաժեշտության պահեստամասերն էլ արդեն առկա են»,- ասաց Ջեյսոն Լին։
«Ավտոգրուփ» ընկերությունների խումբը, որի մեջ մտնում է նաև ZEEKR-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերությունը, Ավտոշոուին ներկայացրել էր եւս մեկ հետաքրքիր առաջարկ։ Ընկերության մյուս տաղավարում, որտեղ ներկայացված են միջին դասի ամենագնաց Nissan Qashqai-ը և Renault Megane-ը, այցելուները հնարավորություն ընտրություն կատարելու այդ եւ այլ մեքենաների մոդելների միջեւ ու ձեռք բերելու այդ մեքենաները իրենց իսկ առաջարկած գնով։ Պարզապես անհրաժեշտ է աճուրդային տրամաբանությամբ մեքենայի մոդելն ընտրելուց հետո լրացնել համապատասխան թերթիկը ու գցել արկղիկի մեջ։ Հատուկ պայմաններով մեքենաների վաճառքը կիրականացվի հաճախորդի պատկերացրած ամենացածր, բայց առաջարկների մեջ ամենաբարձր գինը տվողին։