Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով, դա ավելի շատ նման է հանձնվելու, քան խաղաղության համաձայնագրի, ինչպես էլ որ այն կոչվի». Սան Դիեգոյի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Ֆիլիպ Գամաղելյան

Հունիս 22,2024 16:48

«Ամերիկայի ձայն». Հարավային Կովկասի ամենավիճելի սահմաններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղն ու շրջակա յոթ շրջանները գրեթե ամբողջությամբ հայտնվեցին հայկական կողմի վերահսկողության ներքո, սակայն 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից ու 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո, Լեռնային Ղարաբաղն ու շրջակա բոլոր տարածներն անցան Բաքվին, իսկ ավելի քան հարյուր հազար հայեր տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից Հայաստան, ինչ առաջացրեց մարդասիրական լուրջ ճգնաժամ:

«Ներկայումս Հայաստանը շատ թույլ դիրքերից է հանդես գալիս և բանակցում: Իմ կարծիքով, դա ավելի շատ նման է հանձնվելու, քան խաղաղության համաձայնագրի, ինչպես էլ որ այն կոչվի: Այն կարելի է անվանել խաղաղության համաձայնագիր, բայց, ըստ էության, սա համաձայնություն է պատերազմում պարտությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, որ [Հայաստանի ]կառավարությունը գործում է շատ դժվար պայմաններում, թույլ դիրքերից և շատ քիչ ռեսուրսներով» ,-ասում է Սան Դիեգոյի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Ֆիլիպ Գամաղելյանը:

2022 թվականին Պրահայում Բրյուսելի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Մաքրոնն ու Եվրախորհրդի նախագահ Միշելը, ԵՄ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ուր փաստեց, որ կողմերը համաձայնության են եկել տարածքային փոխադարձ ճանաչման հարցում՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի հիման վրա:

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմաթիիի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար...»,- հայտարարեց ԵՄ-ը Միշել-Մաքրոն-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո:

Այսպիսով, Երևանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծեցին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով՝ երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, որը պետք է զբաղվեր սահմանների ճշգրտման հարցով:

«Կարծում եմ, որ այստեղ մենք գործ ունենք ավելի շատ լայնածավալ բռնության հնարավորությունը նվազագույնի հասցնելու հնարավորության, այլ ոչ թե համապարփակ խաղաղության հաստատման հետ»,- պնդում է Գամաղելյանը:

Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով փորձագետ Զաուր Շիրիեւը, «GEOpolitics» հանդեսում վերջերս հրապարակած հոդվածում, որը վերահրապարակել էր «Ալիք մեդիան» գրում է. «Կողմերը հասկանում են, որ սահմանագծումը երկար ժամանակ կպահանջի։ Հետեւաբար, համատեղ սահմանային հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերից ավելի հաճախ է հանդիպել։ Այս ջանքերը հուշում են, որ, չնայած բարդ խնդիրների առկայությանը` փոխադարձ ընդունելի լուծում գտնելն, այնուամենայնիվ, հնարավոր է։»

Չնայած այս զարգացումներին՝ Երևանի ու Բաքվի միջև սահմանային լարվածությունը պահպանվում է, ինչը, բնականաբար, խաթարում է խաղաղ գործընթացը: Նախորդ մի քանի տարիներին երկու երկրների միջև արձանագրվեցին սահմանային բախումներ, որոնցից ամենարյունալին 2022 թվականի սեպտեմբերին էր: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժելու և այնտեղ ռազմական ուժեր պահելու մեջ:

«Երեւանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի սահմանային գոտուց երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը: Բաքուն էլ պնդում է, որ 2021 եւ 2022 թվականներին սահմանային բախումների ժամանակ որոշ ռազմավարական բարձունքներ է գրավել Հայաստանի ներսում, սակայն հերքում է հայկական տարածք գրավելը եւ դեմ է արտահայտվում ուժերի որոշակի հեռավորությամբ հետ քաշվելու մոտեցմանը՝ պնդելով, որ ցանկացած պահանջ եւ հակընդդեմ առաջարկ պետք է լուծվի սահմանազատման գործընթացի շրջանակներում»,- գրում է Զաուր Շիրիեւը:

Փաստորեն, խորհրդային քարտեզների ընտրության հարցում անորոշությունը, կողմերի միջև անկլավների ու էքսկլավների խնդիրը, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում են խոչընդոտել սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

«Երեւանը կողմ է 1974-1976 թվականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզին եւ ցանկանում է, որպեսզի երրորդ կողմի միջնորդությամբ լուծվեն բոլոր այն վեճերը, որոնք կողմերը միայնակ չեն կարողանում լուծել: Իր հերթին Բաքուն գտնում է, որ մեկ քարտեզի վրա հիմնվելը (ինչն ըստ Ալիեւի ձեռնտու է Հայաստանին) անհիմն է։ Ադրբեջանը կողմ է արտահայտվում խորհրդային ժամանակների բոլոր համապատասխան քարտեզները եւ տեխնիկական փաստաթղթերը հաշվի առնելուն եւ դեմ է վեճերի լուծման համար երրորդ կողմի ներգրավմանը: «Անկլավային եւ էքսկլավային գյուղերը», որոնք խորհրդային վարչարարների կողմից մոռացության են մատնվել հակառակ կողմում ավելի կանոնակարգված սահման ունենալու համար, խորացնում են խնդիրները»,- պնդում է Շիրիեւը:

Այս տարվա ապրիլին, սակայն, կողմերը համաձայնության եկան Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս հատվածներում սահմանազատում իրականացնելու շուրջ՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Երևանի ու Բաքվի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ի նիստում նախնական համաձայնեցվեցին սահմանի առանձին հատվածներ: Արդյունքում, Ադրբեջանին վերադարձվեցին չորս գյուղերի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ էին 1990-ականների սկզբից, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում հայտնվեցին մի քանի տասնյակ սահմանային սյուներ:

«Այսպես թե այնպես կլինեն որոշակի անհարմարություններ և տարածքների կորուստ այս կամ այն կողմից, բայց սկզբունքային համաձայնությունն ավելի կարևոր է, և այդ առումով, կարծես թե, հայկական կողմն ընտրել է [Ալմաթայի հռչակագիրը] որպես հիմք բանակցելու համար: Թվում է, թե այն ուժեղ հակազդեցություն չունի նաև Ադրբեջանի կողմից։ Այնպես որ, լավ կլինի, որ ինչ-որ պաշտոնական փաստաթղթի շուրջ կողմերի միջև լինի պայմանավորվածություն»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Ֆիլիպ Գամաղելյանը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930