Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նոր օրակարգն ու նոր էլիտան, ըստ իս, պիտի մի գլուխ բարձր լինեն գործող իշխանությունից ու ընդդիմությունից, որակապես ու արժեհամակարգով ոչ մի առնչություն չունենան դրանց հետ. Գեղամ Բաղդասարյան

Հունիս 22,2024 14:50

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ կարճ խելքով՝ ատելության ու փոխբզկտման այս համատարած մթնոլորտը ոչ միայն ելք չի հուշում, այլ փակում է հենց ելքի դուռը։ Ագրեսիվ ու կտրական է դառնում նույնիսկ մտածող ու պարկեշտ մարդկանց մի մասը, մարդիկ, որոնք հուսահատությունից մտնելով այս կամ այն կոնկրետ քաղաքական օրակարգի մեջ՝ չեն ներում նույն այդ օրակարգի մեջ մտնել չցանկացող իրենց երբեմնի գաղափարակիցներին և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրանց բարոյական «պրեսինգի» են ենթարկում: Ու այս մթնոլորտում էլ ավելի է պառակտվում առանց այն էլ պառակտված հանրությունը։ Դե, մեղմ ասած, ոչ պարկեշտ մարդկանց մասին էլ չեմ խոսում՝ նրանք ուղղակի տեռորի են ենթարկում իրենց հակառակորդներին, ու սա վերաբերվում է թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը։

Հանրությունն իր զգալի մասով ընտրել է ամենահեշտ ուղին՝ որոշել է միակ մեղավորին ու փրկչի փնտրտուքի մեջ է։ Ամենահեշտն է այն առումով, որ բացառում է սեփական լուրջ պատասխանատվությունը։ «Միակ մեղավորի» վրա բարդել է բոլոր մեղքերը ու ապագայի համար ողջ պատասխանատվությունն էլ բարձել է «փրկչի» մեջքին։ Սա, իհարկե, բարդող-բարձողների համար հոգու անդորր չի ապահովում, բայց ահա մտքի անդորր փոքրիշատե ապահովում է, նաև պատասխանատվության շարունակական «տարկետման» հնարավորություն է տալիս:

Շատ ավելի բարդ է երկրի առջև ծառացած մարտահրավերները համարժեք ընկալող, այդ մարտահրավերներին դիմակայելու հստակ ծրագիր ու մարտավարություն ունեցող, ազգային դարավոր բարդույթների հաղթահարմանը միտված, քաղաքական նպատակները մարդկանց նսեմ զգացմունքների վրա չխարսխող, հնարավոր բարեկամների ու չարակամների հետ արժանապատիվ հարաբերություններ ունենալու կամք ունեցող քաղաքական ուժի ու քաղաքական էլիտայի ձևավորմանը նպաստելը։ Երիտասարդ ու նոր կադրեր առաջարկելն ու առաջմղելը, նրանց գործունեության համար սեփական պատասխանատվությունը գիտակցելը, նրանց ինքնակազմակերպմանն ու քաղաքական փորձի ձեռքբերմանն ու բավարար հանրաճանաչության ապահովմանը նպաստելը, քաղաքական նոր գաղափարների ու քաղաքական նոր օրակարգի քաղաքակիրթ ու կառուցողական քննարկումների համար նոր հարթակների ստեղծմանն ու քաղաքական մրցակցության նոր մշակույթի ձևավորման հարցում գործուն մասնակցություն ունենալը։

Թե անենք՝ սա՛ պիտի անենք: Քաղաքականության ներառականության սկզբունքի իրացումն, իմ կարճ խելքով, սա է: Ու տևական-հետևողական ջանքեր է սա պահանջում: Նաև՝ որոշակի մակարդակ: Ու շատ ավելի որոշակի պատասխանատվություն: Ու սկսել, կարծում եմ, պետք է քաղաքական այս նոր օրակարգի ու քաղաքական այս նոր էլիտայի հանրային պահանջվածության սերմանումից ու արմատավորումից, ինչը հընթացս կնվազեցնի արկածախնդրությունը քաղաքական դաշտում:

Իշխանությունն ու ընդդիմությունը ոչ միայն չեն կարող խանգարել այս գործընթացին, այլև իրենց ապաշնորհ գործունեությամբ ակամա բարենպաստ պայմաններ են ստեղծելու և ակամա անընդհատ շեշտելու են նոր գործընթացի անհետաձգելիությունը:

Իմ կարճ խելքով, անիմաստ է մտասևեռվել ու այդքան ջանք թափել՝ ապացուցելու համար, որ իշխանությունը վատն է, որ իշխանության որակն ու մեր առջև ծառացած մարտահրավերների որակն ահավոր անհամապատասխան են: Քաղաքականապես ակտիվ հանրության զգալի մասն արդեն համոզվել է դրանում: Ավելին՝ փորձագիտական-քաղաքագիտական հանրույթում արդեն կարողանում են ուրվագծել գործող իշխանության ընտրազանգված-հենարանն իր լոկալ աշխարհագրությամբ: Մնում է խելամիտ ու հասցեական գործել: Հանրության այդ «արտահենարանային» հատվածին այլընտրանք է պետք: Քաղաքական համարժեք այլընտրանք՝ առաջադեմ ու քաղաքակիրթ:

Քաղաքական նոր օրակարգն ու նոր էլիտան, ըստ իս, պիտի մի գլուխ բարձր լինեն գործող իշխանությունից ու ընդդիմությունից, որակապես ու արժեհամակարգով ոչ մի առնչություն չունենան դրանց հետ: Շախմատում ժամանակին մի շատ հետաքրքիր և իմաստուն կանոն կար՝ եթե աշխարհի չեմպիոնի ու գլխավոր հավակնորդի մենամարտն ավարտվում էր ոչ ոքի, ապա չեմպիոնը պահպանում էր կոչումը: Իմաստը ոլորտի զարգացումն էր՝ նորը պիտի ավելի ուժեղ, ավելի խելացի ու ավելի լավը լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930