Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ապրել չէ, որ մենք ապրում ենք, մարդիկ տները ծախում ու գնում են, մեզ ուժեղ ղեկավար է պետք, որ զիջումներ չանի»․ Ջերմուկում հոսքը նվազել է

Հունիս 22,2024 14:09

Վայոց ձորի մարզի զբոսաշրջային Ջերմուկ քաղաքը 2022 թվականի պատերազմից հետո կորցրել է իր գրավչությունը․ շատ զբոսաշրջիկներ այսօր խուսափում են այցելել Ջերմուկ։ Եվ նախկինում զբոսաշրջիկներով լեցուն քաղաքն այսօր կիսադատարկ է։

Ջերմուկի զբոսայգում ավանդաբար առեւտրով զբաղվող անձինք եւս հաստատում են՝ զբոսաշրջիկների թիվը շատ է նվազել։ Հիմա արդեն տուրիստական սեզոնն է, բայց ակտիվություն դեռ չկա։ Նաեւ Ջերմուկի բնակիչներից շատերն են արտագաղթել քաղաքից։

«Մի լավ ղեկավար ունենանք, թուրքերին մի քիչ հեռացնեն, մենք էլ մեր շատ սիրուն քաղաքը վայելենք։ Ով իմ հայրենիքի համար մի լավ բան կանի, այս հողերը թուրքերից կմաքրի, շատ ուրախ կլինենք։ Մեզ ուժեղ ղեկավար է պետք, որ ձեռքը խփի սեղանին, թե չէ՝ ինչքա՞ն կարելի է զիջել»,- ասում է Ջերմուկի բնակչուհի Վիկտորիան։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց այս տարի մի փոքր առաջընթաց կա, նախորդ տարի շատ քիչ էր հոսքը։

Քանի՞ տոկոսով է նվազել զբոսաշրջիկների թիվը, այս հարցին տեղացիները տարբեր պատասխան են տալիս, 40-70 տոկոս հոսքի նվազման մասին են խոսում։

«2022 թվականի դեպքերից հետո քաղաքը դատարկվել է, երիտասարդությունը, որը գնացել է, կարծես թե դա պատճառ էր, էլ հետ չեկան։ Այդ ահ ու սարսափը մեջներն էր։ Բայց մեր նմանները մնում են, եթե բոլորս գնանք, ուրեմն` այսպես թե այնպես այս հողերը տալիս ենք այդ անասուններին։ Մեր նպատակն ընդհանրապես մեր երկրի կայունությունն է։ Դա բոլորիս ցանկությունն է, անկախ նրանից, թե ով կլինի։ Վատ բանի համար բոլորս շատ ենք ցավում, կոնկրետ ես որդեկորույս մայր եմ, որդիս զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մտածում եմ՝ որդուս կորցրել եմ, գոնե նպատակ լինի, ափսոս մեր երկիրը, մեր սերուցքը գնաց կորավ»,- ասում է Ջերմուկի բնակչուհի Սոֆիան։

«Սա ապրել չէ, որ մենք ապրում ենք, քաղաքում արդեն մարդ գոյություն չունի, մարդիկ տները ծախում ու փախնում են։ Թուրքերը սաղ սարերի վրա նստած են, մի հատ դըմփոց է գալիս, վախենում ենք»,- ասում է մեկ այլ բնակչուհի։ Նա նշում է, որ նախքան պատերազմը Ջերմուկի առողջարանները գերբեռնված էին աշխատում, մարդիկ ամիսներ առաջ էին ամրագրումներ անում, բայց այսօր զբոսաշրջիկների թիվը շատ է քչացել։

«Տները վաճառել` գնացել են, արդեն քաղաքում շատը զինվորականներ են ապրում։ Տուրիստներն էլ նայում են, եթե ինտերնետը տալիս է, որ թուրքերը սարի վրա են, չեն գալիս, վախենում են։ Իրենք սարերի վրա նստած մեզ նկարում են, այս պայմաններում ո՞նց ապրենք»,- նշեց Ջերմուկի բնակիչներից մեկը։ Քաղաքում ինտերնետ կապը շատ թույլ է, տեղացիներն ասում են՝ «թուրքերն են խլացնում»։

Ջերմուկի բնակիչ Գերասիմ Մուշեղյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ 2022 թվականի ռազմական գործողություններին, Ջերմուկում փեթակների արտադրության արտադրամաս է հիմնել, զբաղվում է նաեւ մեղվապահությամբ։ Նախկինում արտագնա աշխատանքի մեկնած Գերասիմն ասում է, որ հիմա հստակ որոշել է՝ Ջերմուկից չի հեռանալու։ Նրա բիզնեսին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագրի շրջանակներում։

Ռիսկայի՞ն չէ արդեն սահմանամերձ դարձած Ջերմուկում բիզնես հիմնելը, հարցին Գերասիմը պատասխանում է․ «Ռիսկային է ամբողջ Հայաստանը, ինձ համար տարբերություն չկա, արդեն Երեւանն էլ է ռիսկային»։ Այնուհետեւ հավելում է, որ Ջերմուկում նոր հյուրանոցներ են կառուցում, մարդիկ չեն վախենում մեծ ներդրումներ անել, ինչո՞ւ պետք է ինքը վախենա։ «Հենց հիմա նոր շենք են կառուցում, մարդիկ միլիարդավոր դոլարներ են դնում, ներդրումներ են անում քաղաքում։ Եթե նայում ենք ապագային, պետք է ստեղծենք, որ ինչ-որ բանի հասնենք։ Եթե այնպես նայենք, որ վաղը ռիսկային է, այստեղ ապրելու իմաստ չկա»,- նշում է նա։

Գերասիմը պայքարելու կոչ է անում, ասում է՝ հայ ազգին այսօր պարտվողական թեզեր են ներարկում, այնինչ պետք է քայլեր ձեռնարկել, որ թշնամու զորքերը դուրս գան ՀՀ տարածքից, այդ թվում՝ Ջերմուկի բարձունքներից։ «Չպետք է նահանջենք, 44-օրյա պատերազմի օրերին իմ ընկերներից մեկը եկավ, ասացի՝ ինչո՞ւ ես եկել, ասաց՝ նահանջի հրաման են տվել։ Ասացի՝ դե զենքդ լուսամուտից հանիր, սպասիր թուրքերի գալուն»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930