«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
– Ինչո՞ւ հանկարծ Հայաստանը որոշեց ճանաչել Պաղեստինի անկախությունն ու որքանով դրա հետ կապ ունի Էրդողան- Փաշինյան հեռախոսազանգը:
– Նախ շատ պարադոքսալ բան պիտի ասեմ, բայց վերջապես ինչ-որ ճիշտ որոշում կայացրեցին, երևի առավոտից սխալվել էին, բայց պատահական ճիշտ որոշում ընդունեցին: Շատ ողջունելի է, որովհետև Պաղեստինում տեղի է ունենում ցեղասպանություն, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, որը կատարվում է Միացյալ Նահանգների օժանդակությամբ, Միացյալ Նահանգների զենքով և փողով և Իսրայելի ուժերով, իսկ Իսրայելն այն պետությունն է, որի զենքով սպանեցին մեր տղաներին՝ հինգ հազար տղա սպանվեց Իսրայելի զենքով: 70 տոկոսն Իսրայելի մատակարարած զենքերն էին, և Իսրայելի ազդեցությունն է, որն ուզում է, որ մեր տարածաշրջանում տարածվի Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը՝ ի վնաս Իրանի և ի վնաս Հայաստանի:
Այսինքն, դա ճիշտ քայլ էր, ողջունելի է, հնարավոր է, որ Թուրքիայի կողմից ինչ-որ ազդեցություն եղել է, որովհետև Թուրքիան այդ հարցում շատ ճիշտ է իրեն պահում և խոսում է Պաղեստինի, Գազայի ժողովրդի իրավունքների մասին: Ինչպես գիտեք, մոտավորապես 35 հազար անմեղ քաղաքացիական զոհ են ունեցել, որից կեսը երեխաներ են և մայրեր, որը շատ և շատ ամոթալի է, այսպես կոչված, դեմոկրատական, մարդու իրավունքներ սիրող, դեմոկրատիա, միջազգային օրենք սիրող երկերեսանի Արևմուտքի համար:
Կարդացեք նաև
-Պաղեստինի անկախություն ճանաչելն ինչպե՞ս կարող է հայկական կողմն իր օգտին ծառայեցնել: Օրինակ` մեր հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը շատ բարեհաջող այս կամ այն ուժային կենտրոնին են վաճառում իրենց այս կամ այն քայլը: Մե՞նք ինչպես կարող ենք դա ծառայեցնել մեզ:
-Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ՝ ռազմա-ստրատեգիական դաշնակիցներ են Իսրայելի հետ: Թուրքիան երկակի դեր ունի, համ Իսրայելի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերություներ ունի, չնայած բավականին լարված, և իհարկե, դատապարտում է Պաղեստինում տեղի ունեցողը՝ իր վրա վերցնելով մահմեդական աշխարհի լիդերի դերը, բայց մյուս կողմից չի խզում հարաբերություններն Իսրայելի հետ:
Ինչ վերաբերում է մեզ, կարծում եմ Իսրայելը կարող է ավելի ակտիվ ձևով օգնել Ադրբեջանին՝ զենքի մատակարարումներն ավելի ակտիվացնել: Բայց իմ կարծիքով, սա ճիշտ որոշում է. ինչպե՞ս շահարկել՝ կարծում եմ դեռ շուտ կլինի ասել, բայց գոնե միջազգային հանրությունից մենք այս հարցով գոնե չենք կտրվի՝ չնայած դա ոչ մի ռեալ բան դա մեզ չի տա:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում