Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը

Հունիս 22,2024 09:43

Հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը. «Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»:

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։

Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։

Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Լալա Մնացականյանը մասնակցել է հոսանքի թանկացման, տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին, 2018-ի հեղափոխությանը:

Սակայն 2020-ին 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց. «Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։

Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։

Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։

Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է։
Այն ԼՈՒՅՍ ԷՐԵԽԵՔԸ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, մեզ հանձնվելու իրավունք չեն տվել։

Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ։
Եթե քո մեջ խղճի մի փոքր նշույլ դեռ մնացել է, դու պարտավոր ես ամեն գնով ազատել մեր գերիներին։
Եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, ապա պարտավոր ես ինքնակամ հեռանալ։

Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ»։

 

Նա քննադատեց նաեւ տրանսպորտի թանկացումը՝ հայտարարելով. «Սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում։ Դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Եթե այդպես շարունակեք, ապա ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է… Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացման դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, թե այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը, ինչպես կարելի է թանկացնել, իսկ հիմա մենք շատ լավ տրանսպորտ ենք բերել, պետք է թանկանա, որովհետեւ դուք օգտվում եք շատ լավ տրանսպորտից։ Այն ժամանակ էլ մարդիկ խցկված, իրար վրա դարսված երթեւեկում էին, հիմա էլ նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Փոխվել է ընդամենը ինչ-որ մի գեղեցիկ, պուպուշ տրանսպորտ, որտեղ մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին եւ խցկված հասնում են տեղ»:

Լալա Մնացականյանը մահացավ 2024 թվականի հունիսի 22-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930