«Այն, ինչ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել… Ամսի 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են եւ փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարցը չէ, Արցախի մնացորդների վերացման հարց է: Այն ժամանակ, երբ փորձել են մեքենան տանել, հասկացել են, որ դա անօրինական է, եւ դրա համար պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացել են:
Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ, եւ մեր խոսակցության վերջնական արդյունքը եղել է այն, որ ինքը ասել է, թե իրեն սխալ են զեկուցել, այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու մասին, ու ինքը չի իմացել, որ այդ մեքենան պատկանում է Արցախի նախագահին, եւ եթե իմանար, նման բան չէր լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հատուկ ջոկատայինների կողմից Արցախի ներկայացուցչության դռները ջարդելուն ու մեքենան առգրավելուն:
«Ես իրեն փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ իրականացնելու համար պատրաստ եմ այդ մեքենան որտեղ ասեն՝ ուղարկեմ: Եվ այսօր, որ այս իրավիճակը ստեղծվել է ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում եւ դատապարտում եմ, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում: Այդ մեքենան որտեղ ասեին՝ մենք կուղարկեինք, մեր պայմանավորվածությունն այդպիսին է եղել: Իսկ դռները ջարդելով, մեքենան բռնի տանելը ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-ասաց նախագահը: Հավելեց, որ մնացած հարցերին կանդրադառնա առաջիկայում:
Սամվել Շահրամանյանը նաեւ ասաց, որ իրեն հունիսի 21-ին հրավիրել էին քննչական կոմիտե՝ որպես վկա ցուցմունք տալու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի գործով. «Ինձ որպես վկա հարցաքննել են, տվել եմ այն տեղեկությունները, ինչ ունեի…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ի՞նչ գործով են քննիչն ու հատուկ ջոկատայիններն այցելել Արցախի ներկայացուցչություն։ Քննչական կոմիտեից ուղիղ չեն ասել, նշել են փետրվարին հարուցված մի քրեական գործի մասին: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։
Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց գործի քննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել է՝ մեքենան առգրավել են էական նշանակության հանգամանքներ պարզելու համար։
«Թեև դրանով մենք քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք, բայց քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, և այդ վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է տվյալ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում», – «Ազատությանն» ասել է Աբրահամյանը: