-Արցախի Հադրութի շրջանը 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով բռնազավթվել էր թշնամու կողմից։ Շրջանի 13719 բնակիչ մահվան սպառնալիքի տակ բռնագաղթել և բնակություն էր հաստատել Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը։
-Ունենք բնակիչներ, ովքեր Հայաստանում ևս շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ, և բավականին հաջողության են հասել։ Ցավալի է արձանագրել, բայց կապը բնակիչների հետ աստիճանաբար թուլանում է, քանի որ այդ հարցում ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից չկա որևէ աջակցություն կամ միջնորդություն։ Համայնքների ղեկավարներն անհրաժեշտության դեպքում կարողանում են կապ հաստատել այս կամ այն բնակչի հետ, սակայն դա բավարար չէ, մենք որևէ լիազորություն կամ միջոցներ չունենք մեր բնակիչներին որևէ հարցում աջակցելու համար։ Այսօր յուրաքանչյուր արցախցի՝ անկախ Արցախում զբաղեցրած պաշտոնից՝ զբաղված է օրահացի խնդրով։ Խնդիրները շատ են, մանավանդ բնակարանայինը։ Ունենք այնպիսի բնակիչներ, ովքեր չեն կարողացել սահմանված ժամկետներում օգտագործել բնակարանով ապահովվելու համար ստացած սերտիֆիկատները,- մտահոգություն է հայտնում բռնազավթված շրջանի ղեկավարը։
ՀՀ-ում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների 58 ընտանիք ապահովվել է բնակարանով։ 241 ընտանիք բնակարան ձեռքբերելու վկայագիր է ստացել։ Այն բնակիչները, ովքեր բնակարանով չեն ապահովվել՝ շարունակում են օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ ասում է զրուցակիցը։
-Արտագաղթը կանխելու միակ տարբերակը ոչ թե բնակարան, այլև կայուն եկամտի աղբյուր ունենալն է։ Աշխատանքն ու զբաղվածությունն է բոլորիս մտահոգող խնդիրը։ Աշխատանքի անցնելու համար տարիքային սահմանափակումը ևս իր բացասական ազդեցությունն է ունենում։ Դրա համար էլ բազմաթիվ ընտանիքներ ավելի նպատակահարմար են համարում զբաղվել ընտանեկան բիզնեսով, եթե լինեին արտոնյալ պայմաններ։
Կարդացեք նաև
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում