Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք բացառում, որ Ադրբեջանից է ուղերձը եղել. Բագրատ Սրբազանը՝ Արցախի ներկայացուցչության դարպասները ջարդելու մասին

Հունիս 22,2024 00:44

«Ոչ միայն իրավական, այլեւ բարոյական չեմ համարում կատարվածը, որեւէ քաղաքացու դարպասի անգամ իրենք իրավունք չունեն մոտենալու, ուր մնաց՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հատուկ ջոկատայինների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները ջարդելուն:

Սրբազանի խոսքով. «Եկել են ու փորձել են դիմակահանդես սարքել, դարպասները ջարդել են, որի կարիքը չկար, մինչդեռ կարող էին հանգիստ դռները բացել, մտնել ներս: Ինչպես ամեն ինչի մեջ սուտ կա, սա էլ է այս իշխանության ստի արտահայտությունը՝ բառիս ամենախորքային իմաստով: Սա անթույլատրելի է:

Ես դիմում եմ Հայաստանում գործող քաղաքական ուժերին, որ այս երեւույթի վերաբերյալ գնահատական հայտնեն, իրենք կհանդուրժե՞ն, որ որեւէ մեկը գա ու իրենց դարպասները ջարդի, անկախ նրանից, թե խնդիրն ինչ է: Քաղաքակիրթ ճանապարհ կա հարցերը լուծելու, դիմակավորված դարպաս ջարդելը ո՞րն է: Մարդիկ պատրաստ են եղել դարպաս բացելու… Այստեղ ամենամեծ հանցանքն է գործվել, մարդիկ ներսում չեն եղել, դարպաս բացելու հնարավորություն չեն ունեցել»:

Հարցին՝ այս ամենը ի՞նչ նպատակ է հետապնդում, Բագրատ Սրբազանն այսպես արձագանքեց. «Փորձել ամեն գնով նվաստացնել, ամեն գնով ճնշել, հավանաբար նաեւ Ադրբեջանից է ուղերձ եղել, չենք բացառում դա էլ…Կամ ընկել են ինչ-որ մեքենայի հետեւից, այդ մեքենա՞ն է ձեզ երջանկացնելու: Սրանք կյանքում երեւի ոչինչ չեն տեսել, հիմա ինչ-որ բաներ են տեսել եւ որոշել են, որ դրանցով կարելի է մարդկանց պատժել…Հսկա երկիրը տապալել, կործանել եք, հայրենիքը հանձնել եք, հիմա ինչ-որ մեքենաների հետեւից եք ընկել»:

Բագրատ Սրբազանն ասաց նաեւ, որ խոսել է Արցախի Հանրապետության նախագահ Շահրամանյանի հետ, որն ասել է, թե կարող է անձամբ բերել ու հանձնել իր ծառայողական մեքենան. «Իսկ սրանք այնքան ճղճիմ ու ստոր աստիճանի են հասել, որ նույնիսկ կարծում են, թե դա բան է նշանակում: Նյութականը արժեք չունի հայրենիք կորցրած մարդու համար, որի պատճառը հենց դու ես»:

Սրբազանը նաեւ ընդգծեց. « Ինչո՞ւ չեն ասում, թե Արցախից որքան գույք, մեքենաներ, այդ թվում որքա՞ն թանկարժեք շտապօգնության մեքենաներ են բերել հանձնել այստեղ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։ Բացի այդ, մարդիկ մի կերպ պե՞տք է հասնեին Հայաստան, ի՞նչ են արել իրենք, ուղղաթի՞ռ են ուղարկել, բացի երկիրը հանձնելուց, բացի ասելուց, որ մեր ձեռքերը Պիղատոսի պես լվացել ենք։ Թող մեքենաների մասին չմտածի, թող ասի ո՞ւր է Գանձասարը, ո՞ւր է Ամարասը, ո՞ւր է Ղազանչեցոցը, ո՞ւր են մեր տղերքի շիրիմները։ Դրանք ինքը լրիվ գողացել է, կողոպտել է, էն մեծախոսիկներն էլ իր հետ։ Դադիվանքը որտե՞ղ է այսօր, ո՞վ է գողացել այդ բոլորը։ Ինքն է գողացել իր մի քանի զինվորիկների հետ։ Սրա մասին թող խոսի, ոչ թե, որ մարդիկ մեքենայով եկել են, դու բնավեր ես արել այդ մարդկանց, ա՛յ մեքենա չտեսած մարդ։ Դու խոսի թե այդ սրբությունները, մարդկանց շիրիմներն ի՞նչ ես արել…»։

Սրբազանի ձեւակերպմամբ, բոլորը խոսում են արցախցիների իրավունքներից, բացի Հայաստանից. «Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի մասին, պայմանավորված մեր ժողովրդի տուն վերադառնալու իրավունքով։ Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ողջ աշխարհից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանի Հանրապետությունից։ Բոլորը խոսում են նաև մեր ռազմագերիների մասին, բոլորը խոսում են այդ թեմայով, միայն Հայաստանը չի խոսում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930