Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլշեւիկների «եվրոպամետ» կեղծավորությունը

Հունիս 22,2024 10:00

Կան հստակ չափանիշներ՝ որոշելու համար՝ արդյոք իշխանությունների գործողություններն ուղղված են այս կամ այն հարցի լուծմա՞նը, թե՞ ցուցադրվող ջանքերը զուտ դերասանություն են, եւ ամբողջ նպատակն աթոռները պահելն է:

Բերեմ մի քանի օրինակ: Ենթադրենք, մենք խնդիր ունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու: Ի՞նչն է խանգարում համապատասխան ընթացակարգով սկսել այդ գործընթացը: Բայց իրականում ոչ մի գործընթաց չկա: Ասվում է՝ «մենք մտադիր ենք դուրս գալ», բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Ինչո՞ւ: Մի կողմից՝ արեւմտյան գործընկերներին սիրաշահելու նպատակով («կիսում ենք նույն արժեքները» եւ այլն), մյուս կողմից՝ Ռուսաստանին առանձնապես չբարկացնելու համար:

Չէի ասի, որ այդ պարզունակ գեղջկական խորամանկությունը դիվանագիտության «բարձրագույն պիլոտաժ» է: Ավելին՝ նման խաղեր տալը կարող է շատ վատ վերջանալ:

Կամ՝ Փաշինյանը խոստացել է Ալիեւին նոր տարածքներ հանձնել՝ «սահմանազատման» անվան տակ: Կարող է հենց հիմա հրաման տալ՝ հետ քաշելու մեր ստորաբաժանումները: Բայց փորձը ցույց է տալիս, որ դա գուցե որոշակի հուզումներ առաջացնի (ինչպես տեսանք, իշխանության համար ոչ այնքան վտանգավոր): Դրա համար էլ ակնարկներ են արվում հանրաքվեի մասին: Ինչ խոսք, շատ «ժողովրդավարական» ձեւ է՝ «դու կո՞ղմ ես, սիրելի ժողովուրդ, Հայաստանի մասնատմանը»: Ենթադրում եմ, որ «սիրելի ժողովուրդը» (ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը) կողմ կլինի նոր տարածքների հանձնմանը: Միայն թե «նախկինները» չվերադառնան:

Հիմա էլ ԵՄ անդամակցությունը, որին իբր «ձգտում են» ՀՀ ներկայիս իշխանությունները: Եթե ձգտում են, ապա ոչինչ չի խանգարում նրանց նախ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից (առանց դրա չի լինի) եւ հետո հայտ ներկայացնել՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

Բայց՝ ոչ: Փաշինյանը հրահանգում է մի շարք իշխանամետ կուսակցությունների՝ տեղեկատվական աղմուկ բարձրացնել ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով:

Դա արվում է երկու նպատակով: Առաջինը նույնն է՝ հաճոյանալ Արեւմուտքին, բայց ոչ մի գործնական քայլ չձեռնարկել: Իսկ երկրորդը դարձյալ Փաշինյանի ոճի մեջ է՝ է՛լ ավելի պառակտել առանց այդ էլ պառակտված հասարակությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս իշխանության «արեւմտամետ» քարոզիչներին «հայտնաբերել» եւ պիտակավորել նրանց, ում կարելի է անվանել «bad guys»: «Դու դե՞մ ես, որ հանրաքվե անցկացվի: Ուրեմն ռսաստրուկ ես, կղերական ես եւ ծառայում ես «նախկիններին»: «Դեպի ԵՄ ձգտումների» շղարշի տակ գրեթե չքողարկված բոլշեւիկյան պարանոյան եւ «ներքին թշնամիների» փնտրտուքը, մեղմ ասած, կասկածներ է առաջացնում այդ «եվրոպական» ձգտումների անկեղծության վերաբերյալ:

…Իսկ եթե ես կողմ եմ ԵՄ-ին անդամակցելուն, բայց դեմ եմ հանրաքվեի շուրջ իշխանության արհեստականորեն բորբոքած քարոզչական աղմուկի՞ն…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930