Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ Արթուր Հովհաննիսյանը, թե՛ Անդրանիկ Քոչարյանը եւ թե՛ առհասարակ ՔՊ-ական բոլոր պատգամավորները ստում են»

Հունիս 22,2024 12:30

«Նիկոլ Փաշինյանի հեռացում, ընդդիմության կողմից նոր կառավարության ձեւավորում, Ազգային ժողովի ընտրություններ. հերթականության խախտումը, եթե նույնիսկ այն խախտվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենասուր հայհոյանքներով, ծառայում է ու գուցե պատվիրված է հենց վերջինիս կողմից»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

– Հունիսի 12-ին ոստիկանության բիրտ գործողությունները, հատուկ միջոցների՝ ակնհայտորեն ոչ համաչափ կիրառումը արդարացնում է Անդրանիկ Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործով համազեկուցողը, 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ շենքի վրա գրոհած ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն էլ ասում է, որ աննախադեպ բան է եղել՝ ԱԺ շենքի վրա գրոհի կոչ, ինչը, ի դեպ, միայն իշխանական պատգամավորներն ու լրատվամիջոցներն են լսել. որքան էլ զավեշտալի է այս ամենը, բայց մեր իրականությունն է: Ասելիք ունե՞ք այս մասով:

– Նախ սկսենք նրանից, որ թե՛ Արթուր Հովհաննիսյանը, թե՛ Անդրանիկ Քոչարյանը եւ թե՛ առհասարակ ՔՊ-ական բոլոր պատգամավորները, ներառյալ ԱԺ նախագահը, ստում են, երբ ասում են՝ իբր կոչ է արվել գրոհելու ԱԺ շենքը։ Կոչ է արվել ընդամենն արգելափակել ԱԺ շենքի մուտքերը, որպեսզի նախ այս մարդիկ չկարողանան աշխատանքի գնալ, իսկ ներսում գտնվող Նիկոլ Փաշինյանը չկարողանա դուրս գալ շենքից։ Բոլոր ողջախոհ մարդիկ էլ հասկանում են, որ շենքի մուտքերն արգելափակելն ու շենքի վրա գրոհելը տարբեր բաներ են։ ՔՊ-ականները, ըստ երեւույթին, առաջնորդվում են իրենց փորձով, այդ իրենք էին ժամանակին սպառնում գրոհել ԱԺ շենքը, դատարանները, այդ իրենք բառիս բուն իմաստով ներխուժեցին Հանրային ռադիո, սակայն այդ օրվա իշխանությունները, ի տարբերություն իրենց, ոստիկանական վայրագ բռնաճնշումների չդիմեցին։ Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ես, ապա ակամա մտածում ես, որ հունիսի 12-ին ոստիկանության կողմից ժողովրդի վրա նետված նռնակների կեսը, եթե 2018-ին թափվեր ՔՊ-ականների գլխին, ու կանխվեր այդ անհայրենիք, անկենսագիր, գաղափարներից ու ազգային արժեքներից զուրկ խմբակի կողմից իշխանազավթումը, այսօր հնարավոր է՝ չունենայինք կորսված Արցախ, չունենայինք 5000 զոհ, այսօր Հայաստանը գուցե նման աղետի առջեւ կանգնած չլիներ։

Սակայն եկեք նաեւ փաստենք, որ առաջին անգամը չէ, որ այս իշխանությունը նռնակներ է նետում ժողովրդի վրա, առաջին անգամը չէ, որ դիմում է ոստիկանական վայրագությունների ու առաջին անգամը չէ, որ իր գործողությունները քողարկում է ստով։ Կեղծիքն է այս մարդկանց միակ հենարանը, նրանք կեղծիքով 2018-ին իրականացրին իշխանազավթում, կեղծիքով էլ վերարտադրվեցին 2021-ին։ Օրերս նշել եմ, որ այս մարդիկ, միաբերան՝ հղում անելով ժողովրդավարական մեխանիզմներին, իրենց համարում են լեգիտիմ իշխանություն, քանի որ ստացել են ժողովրդի քվեն։ Սակայն նրանց սահմանափակ մտահորիզոնը, ոմանց դեպքում էլ պետությունից վեր կանգնած նեղանձնային շահերը, թույլ չեն տալիս պատկերացնելու, որ ընտրություններն ընդամենը ժողովրդավարական ինստիտուտի մի մասնիկն են ու չեն արտացոլում ամբողջական համակարգը։ Եթե դու ընտրարշավի ժամանակ հանդես ես գալիս մի ծրագրով, որի համար ստանում ես այդ քվեները, հետո ամբողջ պաշտոնավարման ընթացքում չես իրականացնում խոստացվածդ ծրագրի դրույթները կամ անում ես լրիվ հակառակը, ապա զրկվում ես քաղաքական լեգիտիմությունից, իսկ եթե դրան զուգահեռ էլ շարունակում ես կառչած մնալ իշխանությունից ոստիկանական բռնաճնշումների օգնությամբ, զրոյացնում ես նաեւ ժողովրդավարության նույնիսկ մնացորդները։

Այնպես որ, ՔՊ-ի հղումները թե՛ 2018 թվականի իրադարձություններին, թե՛ 2021 թվականի ընտրություններին քաղաքական առումով հիմնազուրկ են, ու պետք է փաստել, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն գոյություն չունի։

– Ուշագրավ էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արձագանքն այս ամենին՝ ցուցարարներին զսպվածության կոչ արվեց: Եվրոպական դիվանագիտական հաստատություններն ընդհանրապես լռեցին:

– ԱՄՆ դեսպանատունը, ըստ էության, ցուցարարներին մեղադրեց այն արարքների մեջ, որում պետք է մեղադրեր ոստիկանությանը, եթե դրան էլ գումարենք հունիսի 12-ին նախորդած ու հաջորդած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, պատկերը դառնում է ամբողջական։ Թե՛ հայտարարություններով, թե՛ այցելություններով եւ թե՛ եվրոպական դիվանագիտական հաստատությունների լռությամբ, նրանք այս փուլում իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին։ Ու պատահական չէ, որ հատկապես այդ այցելությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական սրացումը մտցրեց Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։ Ու այստեղ խնդիրը ոչ թե արտաքին ուժերի անձնական համակրանքներն ու հակակրանքներն են, այլ աշխարհաքաղաքական շահերը։ Այնպես չէ, որ այդ կառույցները չեն արձանագրում Հայաստանում իշխանությունների կողմից թմբկահարված ժողովրդավարական բաստիոնի ամբողջական փլուզումը, այնպես չէ, որ նրանք չեն արձանագրում ոստիկանության վայրագությունները։ Լռելն այլ բան է, իրականությունը աղավաղող հայտարարությունն այլ բան է, արձանագրելը միանգամայն այլ բան։ Նրանք այդ ամենն արձանագրում են ու հարկ եղած դեպքում իրենց արձանագրություններով կապտակեն Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս փորձի դուրս գալ իրեն թելադրված քաղաքական գծից։

Եկեք ուշադրություն դարձնենք այն գործընթացներին, որոնք այս օրերին կատարվում են տարածաշրջանում։ Հարեւան Վրաստանում ոչ միայն կրքերը չեն հանդարտվում, այլ նրանք սահուն քայլերով փոխում են իրենց աշխարհագրական վեկտորը։ Վրաստանը կրկին վերադառնում է ռուսական ազդեցության գոտի, ինչն արդեն տեւական ժամանակ է՝ նշմարվում էր, թեպետ օրինակները բազմաթիվ են, բայց բերենք թեկուզ մեկը, երբ Վրաստանը հրաժարվեց միանալ արեւմտյան պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ չի ուզում ռուսական տանկերը տեսնել Թբիլիսիում։ Այս օրերին ակնհայտ է, որ Արեւմուտքը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում, ու որպես հակակշիռ, ցանկանում է հաստատվել Հայաստանում, որպեսզի չկորցնի տարածաշրջանը։ Բնականաբար, Արեւմուտքին չի հուզում ո՛չ Հայաստանում ժողովրդավարությունը, ո՛չ էլ մեր պետական շահը, ու նա հանուն դրա այս փուլում պատրաստ է աչք փակել թե՛ Հայաստանում ներքին արյունահեղության, թե՛ տարածքային կորուստների վրա։ Դա բնական է, եւ չպետք է նեղանալ որեւէ տերությունից կամ աշխարհաքաղաքական միավորից, յուրաքանչյուրն առաջնորդվում է իր քաղաքական շահով։ Այդ մեր ողբերգությունն է, որ ունենք քաղաքականապես տհաս իշխանություն, որը ազգայինs արժեքները ստորադասելն ու ուրանալը, թուրք-ադրբեջանական միավորին ստրկաբար ծառայելը նույնացնում է պետական շահի հետ։ Քծնանքը երբեք չի կարող լինել պետական շահ, այն միայն կարող է առաջացնել արհամարհանք ու դուռ բացել հետագա աղետների համար։

Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա։ Այս իշխանության քաղաքական անգրագիտությունն ու կուրությունը թույլ չեն տալիս հասկանալու, որ նախկին աշխարհակարգը փլուզվել է, այժմ ձեւավորվում է նորը ու այս իրավիճակում ինքնամոռաց նետվելը դեպի ՆԱՏՕ, որն արդեն բացահայտ հայտարարում է, որ ունակ չէ պաշտպանել իր դաշնակիցներին ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին ու ԵՄ, որը կորցրել է իր նախկին կարեւորությունն ու այժմ ինքն է փորձում գտնել անվտանգության նոր համակարգեր, վտանգում է մնալ փլատակների տակ, ընդհուպ պետականության կորուստ։ Խելամիտ իշխանությունն այս փուլում չէր գնա արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության, կփորձեր ճկուն դիվանագիտության շնորհիվ խուսանավել ու սպասել՝ ընթացքում քաղելով իր օգուտները, սակայն խելամտությունն ու ներկայիս ՀՀ իշխանությունները հակադիր հասկացություններ են։

– Իշխանությունը շատ է շահագրգռված, որ ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, վերջիններս էլ, անգամ անձնական վիրավորանքների ու նվաստացումների գնով, չեն հրաժարվում դրանցից. ի՞նչ ինտրիգ կա այստեղ թաքնված, ընտրական հանձնաժողովներում տեղերը չկորցնելու՝ ընդդիմադիրների պատճառաբանությունները արժանահավա՞տ են։

– Ինչո՞ւ միայն իշխանությունը, որոշ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարող գործիչներ նույնպես շահագրգռված են, որպեսզի ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները վայր դնեն մանդատները։ Եկեք պատկերացնենք այն հնարավոր սցենարները, որոնք կհաջորդեն ընդդդիմության մանդատներից հրաժարմանն այս փուլում. նախ, որեւէ երաշխիք չկա, որ կառաջանա քաղաքական այնպիսի ճգնաժամ, որ իշխանությունները ստիպված գնան արտահերթ ընտրությունների, հատկապես երբ իրենք են հայտարարում, որ այդ ճգնաժամը չի առաջանալու։ Նրանք կարող են փորձել խորհրդարան բերել այն ուժերին, որոնք 2020 թվականին չեն հաղթահարել պահանջվող շեմը։ Երկրորդը, եկեք այնուամենայնիվ չկտրվենք իրականությունից ու չմոռանանք, որ ապրում ենք Հայաստանում։ Մանդատներից ամբողջական հրաժարումը բարդ գործընթաց է, մանդատներից պետք է հրաժարվեն ոչ միայն նրանք, որոնք այս պահին խորհրդարանում են, այլ ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր մարդիկ։ Ո՞րն է այն երաշխիքը, որ իշխանությունները չեն գնա ռեպրեսիվ մեթոդների ու տարբեր միջոցներով չեն ճնշի մարդկանց, որպեսզի ոմանք վերցնեն այդ մանդատները, հատկապես որ, Հայաստանում արդեն եղել է նման նախադեպ, հիշենք 2010 թվականի Երեւանի ավագանու ընտրությունները։ Այդ դեպքում խմբակցություններն իրենց անվանումներով կմնան, ֆորմալ առումով ընդդիմությունը ներկայացված կլինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ փոխված կլինի ամբողջ պատկերը։ Եվ երրորդ սցենարը, եթե այնուամենայնիվ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ու Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա ամենայն հավանականությամբ կլինի ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն։

Նիկոլ Փաշինյանը վերարտադրման համար գործի է դնելու ողջ վարչական ու ֆինանսական ռեսուրսներն ու ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը։ Վերջերս նաեւ ապացուցեց, որ չի խորշում անգամ ոստիկանական բռնաճնշումներից։

Նման սցենարի դեպքում ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ ոչխարները՝ ապահով։ Նիկոլ Փաշինյանը միանգամից կլուծի չորս խնդիր։ Առաջինը՝ իր համար կապահովի լեգիտիմություն, իսկ ընդդիմությունը, զրկված լինելով որեւէ լծակից, չի կարողանալու ընտրակեղծիքների մեքենայի պտույտը կանգնեցնել, հատկապես, որ որոշ «ընդդիմադիր» ուժեր այդ ցանկությունը չեն էլ ունենա։ Երկրորդը՝ կհետաձգի խորհրդարանական հերթական ընտրությունների ժամկետը, երրորդը՝ կապահովի ժողովրդավարության շղարշ. ցանկանո՞ւմ էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ստացան այն։ Վերջապես չորրորդը՝ կազատվի իրական ընդդիմությունից՝ փորձելով նրան ամբողջովին մղել մարգինալ դաշտ ու խորհրդարանում կունենա իր իսկ կողմից ձեւավորված ու իր իսկ հրահանգները կատարող ընդդիմություն, որին կտրվի քննադատության որոշակի չափաբաժին՝ դեմքը փրկելու համար։

Այնպես որ, այս փուլում բոլոր նրանք, որոնք պահանջում են մանդատներից հրաժարում ու Նիկոլ Փաշինյանի հսկողության ներքո արտահերթ ընտրություններ, կամա թե ակամա պայքարում են ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ։ Ասվածից չի նշանակում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք չեն, իհարկե, պետք են, սակայն միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո, ու այդ ընտրությունները պետք է կազմակերպեն ոչ թե ներկայիս իշխանությունները, այլ այն կառավարությունը, որը հաջորդելու է նրան։ Այլ խոսքով՝ հերթականությունը պետք է լինի հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի հեռացում, ընդդիմության կողմից նոր կառավարության ձեւավորում, Ազգային ժողովի ընտրություններ։ Հերթականության խախտումը, եթե նույնիսկ այն խախտվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենասուր հայհոյանքներով, ծառայում է ու գուցե պատվիրված է հենց վերջինիս կողմից։

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930