«Քննչական կոմիտեի խոսնակն ասում է՝ Արցախի նախագահի մեքենայի առգրավումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, այն հետապնդում է այլ քրեական գործով վարույթի շահերը հետապնդելու նպատակ: Եթե նախագահին սպասարկող մեքենան առգրավելը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի եւ այն իրոք այդպիսի նպատակ է հետապնդում, ապա հարց է առաջանում՝ ամիսներ առաջ, երբ որ այս նույն ավտոմեքենան ՀՀ դատարանի որոշման հիման վրա առգրավվել ու խուզարկվել է, ինչո՞ւ են կրկին վերադարձրել Աշոտ Դանիելյանին: Ոչինչ չի հայտնաբերվել ու կայացվել է որոշում այն վերադարձնելու մասին»,- այսօր Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա հարցադրումներ հնչեցրեց, թե ի՞նչ կապ ունի նախագահի մեքենան քրեական այն հետապնդման հետ, որը մատնանշում է ՔԿ-ն՝ Աշոտ Դանիելյանի գործով. «Այդ գործով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել եւ մինչեւ հիմա նա գտնվում է վկայի կարգավիճակում: Եթե քաղաքական ենթատեքստ չունի, ապա ինչո՞ւ չեն ներկայացնում դատարանի որոշում, որ կարող են առգրավել բնակարան համարվող տարածքից: Այս հարցի պատասխանը ՔԿ խոսնակը տալու փոխարեն ընդամենը հայտարարում է առանց որեւէ պատճառաբանության, որ սա քաղաքական ենթատեքստ չունի: Եթե քաղաքական ենթատեքստ չունի, էդ ե՞րբ եք տեսել թմրանյութերի իրացման կասկածանքով մեքենան առգրավեն դիվանագիտական ներկայացուցչության տարածքից՝ ոստիկանական հատուկ ջոկատայինների կողմից բռնի ուժ կիրառելու միջոցով, պարեկային ծառայության միջոցով ճանապարհները փակելով»:
Քննիչին ասել են, որ պատրաստ են բացել դարպասները ու մեքենան կարող են խուզարկել, բայց նրանք շտապել են. «Օգտվել են նրանից, որ նախագահին հարցաքննում են, ժամը 2-ին նախագահին հրավիրում են հարցաքննության, միաժամանակ ժամը 2-ին կատարում առգրավման գործողություն»:
Հիշեցենք, որ այսօր Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են ու առգրավել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ