Այսօր Գետահովիտում Բագրատ սրբազանը լրագրողներին ցույց տվեց, թե քաղցկեղով հիվանդ երեխաների ու ծնողների համար ինչ վերականգնողական կենտրոն են սարքել, որը շուտով շահագործման կհանձնվի: Սրբազանը ուշագրավ հայտարարություն արեց: Իշխանականները այս շենքի հետ կապված տարաբնույթ լուրեր էին տարածում, թե գումարները մսխվել են եւ այլն: Սրբազանը ասուլիսում նախ մանրամասն ներկայացրել էր, թե որքան գումար է ծախսվել, ինչի վրա:
Այսօր նա ասաց. «Այստեղ Կոմունիստական ժամանակաշրջանում եղել է հանգստյան գոտի, հետո անցել է ՊՆ-ին, հետո զորքը տեղափոխվեց, այս 4 տարի է դիմում, բան, խնդրանք, ծրագիր ներկայացրեցի, ի վերջո 2018-ի ապրիլին կառավարության որոշմամբ տրվեց մեզ՝ Տավուշի թեմին: Հետո իշխանափոխություն եղավ, ինչ եղավ, մեկուկես տարի ինձ չարչարել են տարբեր թղթերով, տարբեր մարդիկ, ովքեր շահեր ունեին…»:
Ճշտեցինք՝ հյուրանո՞ց էին ուզում դարձնել, ռեստորան, քյաբաբանոց՝ սրբազանը պատասխանեց. «Այդպիսի բաներ: Նույնիսկ այդ մարդը՝ այսօրվա կառավարության ղեկավարը աչք էր դրել, որ իր բարեկամներից մեկին տրվեր երեւի թե, որովհետեւ հանձնարարություն էր տվել Տիգրան Ավինյանին, որ զբաղվեր: Դրա մասին տեղյակ է Հայկ Չոբանյանը մարզպետ, տեղյակ էին շատ պատգամավորներ, որոնց ես տեղեկացրել եմ: Մի խոսքով, ուզում էին խլել»:
Կարդացեք նաև
Թե ո՞ր բարեկամի համար էր ուզում տարածքը վերցնել Փաշինյանը՝ Բագրատ սրբազանը չասաց. «Չեմ կարող ասել, ասում էին՝ 20 մլն-ի ներդրում կանեն, սա անեն, նա անեն, դա պիտի վերցնենք, տանք համայնքի զարգացման, բան…բայց պարզ էր պատկերը: Ես հստակ կերպով դրել եմ, որ դա չի կարող լինել: Ես ասել եմ՝ երկրի վարչապետը չի կարող կադաստրային գործերով զբաղվել, թող իր գործով զբաղվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ