Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Լոնգանգեն անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին

Հունիս 21,2024 21:40

Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը Կառավարության անունից գոհունակություն է հայտնել ԵԽ-ին՝ սերտ և արդյունավետ գործընկերության համար։ Նախագծային լուծումների և Եվրոպական դատարանի վճիռների շրջանակում՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԵԽ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջև օրգանական կապը՝ ընդգծելով, որ վճիռների կատարումը Հայաստանի Հանրապետության համար միջոց է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու համար։

Ծրագրի աջակցությամբ մշակված և արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն ԵԽ կողմից ներգրավված բարձրակարգ միջազգային փորձագետի կողմից և ստացել դրական գնահատական։ Փորձագետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Ոստիկանության գործունեության էական բարելավման։ Հատկապես կարևորվել է նախագծով ապագա Գվարդիայի լիազորությունների հստակ շրջանակների սահմանումը և ուժի կիրառման իրավաչափության պայմանների և սկզբունքների նախատեսումը։

«Երբ մտովի հետ եմ գնում, կարծես թե երեկ էր, որ միասին պլանավորում էինք Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, բայց այսօր, կարելի է ասել, գետնի վրա քննարկում ենք արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, ընդ որում՝ բացառիկ տրամաբանության մեջ է օրենքի նախագիծը մշակվել, որովհետև ԵԽ հետ սկսել ենք հայեցակարգային դրույթներից։ Հայեցակարգը քննարկվել է մեր քաղհասարակության սիրելի գործընկերների հետ, ԱԺ գործընկերների հետ և միասին հայեցակարգային լուծումներից գնացել ենք դեպի օրենսդրական կարգավորումներ»,-նշել է Արփինե Սարգսյանը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Արփինե Սարգսյանը կարևորել է օրենսդրական և գործառնական դաշտում հասցեագրված մարտահրավերների ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով Գվարդիայի ստեղծման հայեցակարգային լուծումների և «Գվարդիայի մասին» օրենքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսային մոտեցումները։

Օրենսդրական կարգավորումները պրակտիկայում ճիշտ կիրառելու տեսանկյունից Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների վերապատրաստումները, մասնավորապես՝ տեսական և գործնական գիտելիքների զուգակցումը, ինչը թույլ կտա ի սկզբանե ձևավորել ճիշտ պրակտիկա։ Նա վստահություն է հայտնել, որ ԵԽ հետ համատեղ սերտ համագործակցության պայմաններում արդյունավետ շարունակական քայլերը թույլ կտան որակական նոր մակարդակ ապահովել։

Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև առաջիկա վեց ամիսների աշխատանքային ծրագիրը։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ Իր ելույթում նա անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին, ինչպես նաև դրանց նպաստող օրենսդրական փոփոխություններին ուղղված աջակցությանը։

ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր խոսքում անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին։

Նիստին մասնակցում էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, նախարարությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկում։ Պլանավորվել է Ծրագրի երկրորդ փուլը։

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930