Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում չենք կարողանալու մեր կոլեկտիվ վերադարձի հարցը լուծել․ պետք է մնանք համախմբված»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հունիս 21,2024 20:02

«Միջազգային հանրությունը չի ժխտում, որ մենք վերադարձի իրավունք ունենք, հարցն այն է, թե ինչպես ու ինչ պայմաններում։ Հենց դրա համար պետք է պայքարենք, որ մեր կոլեկտիվ վերադարձը լինի մեր ցանկացած ձևով, մեր պայմաններով ու միջազգային հանրության երաշխավորությամբ»,- Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա փաստմամբ՝ մյուսը Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն են․ «8-9-ը ամիս է՝ հիմնականում զբաղվում եմ դրանով․ նաև Արցախում էի այդ հարցերով զբաղվում առնվազն 2003-ից։ Այսօր միակ լեգիտիմ կառույցը, որը կարող է համախմբել արցախցիներին, հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն է, քանի որ գիտեք՝ Արցախի իշխանությունների նկատմամբ ինչպիսի ճնշումներ կան, նրանց գործունեության ոլորտը սահմանափակ է։ Այդ պատճառով Արցախի թեմն այդ առավելությունն ունի, որ կարողանում է ազատ գործել, կաշկանդված չէ որևէ այլ ճնշումներով և գործում է իր ժողովրդի հետ։ Չունենք տարածք, չկան եկեղեցիներ՝ մեր Աստծո տները, բայց համենայն դեպս, կառույցը կա, գործում է և գործելու է։ Գործելու է գրասենյակ, կունենանք նաև կոնտակտային տվյալներ, որ անմիջապես կապը լինի գրասենյակի հետ»։

Լեռնիկ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ կոլեկտիվ վերադարձի հարցը կարող է լուծվել, եթե արցախահայությունը համախմբված մնա Հայաստանում․ «ՀՀ-ն մեր հայրենիքի մի մասն է, և մենք պետք է այստեղ մնանք, որպեսզի կարողանանք կոլեկտիվ վերադարձի խնդիրը լուծել։ Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում չենք կարողանալու այդ հարցը լուծել․ այստեղ պետք է մնանք համախումբ։ Մենք քննարկել ենք արցախցիների՝ գոնե մի մասի կոմպակտ բնակեցման խնդիրը, որ 120-150 ընտանիք միասին ապրի, այդ դեպքում կարող են լուծվել ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրները՝ բարբառ, ավանդույթ և այլն։

Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ այսպիսի հանդիպումներ անցկացվել են ՀՀ տարբեր մարզերում՝ Արմավիրում, Կոտայքում, նախատեսվում են հանդիպումներ Չարենցավանում, Գյումրիում, Վեդիում և Արարատի մարզի մյուս բնակավայրերում․ «Սա ընդհանուր ծրագիր է՝ հանդիպումների շարք արցախահայության հետ, որ նախ սրբազանը շփվի ժողովրդի հետ, կապը չկտրվի, ներկայացնի այն ծրագրերը, որոնք իրականացնում է ՀՀ-ում Արցախի թեմը։ Թեմը պահպանվել է, ինչն ուրախալի է։ Միասին աշխատում ենք, որ կարողանանք համակարգել այն բոլոր նախաձեռնությունները, որոնք միտված են արցախահայության իրավունքների պաշտպանությանը, մշակութային ժառանգության պահպանությունը»։

Նա նաև հայտնեց, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ հանդիպել են նաև օտարերկրյա դեսպանների՝ ներկայացնելու իրենց խնդիրները։

Aravot.am-ի հարցին՝ արցախահայությունն ինչպե՞ս կարող է վերադառնալ իրենց բնակավայրերը, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դա պիտի լինի միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո։ Եթե կան պայմաններ, որ կունենանք այն ներքին ինքնուրույնությունը, և մեր անվտանգությունը կապահովի միջազգային հանրությունը, ապա վերադարձի իրավունքն անպայման իրականություն կդառնա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930