Լրահոս
Օրվա լրահոսը

Քարի, մետաղի և կտավի միջոցով մարդասիրության քարոզչի՝ Երվանդ Քոչարի 125-ամյակը կմեկնարկի «Քոչար ֆեստ» ծրագրով

Հունիս 21,2024 18:08

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

Հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման արարողությունը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թ. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, և ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261 հազար դրամ՝ իրականացնելու  տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են մեծ վարպետի ժառանգության հանրահռչակմանը:

«Երվանդ Քոչարի հսկայական ժառանգությունը հանրահռչակման կարիք ունի և՛ Հայաստանում, և՛ միջազգային հարթակներում, և այս առումով բազմաթիվ անելիքներ ունենք: Ուզում եմ ընդգծել, որ հոբելյանական միջոցառումներն արդեն շատ վաղուց ձեռք են բերել ռազմավարական նշանակություն: Սա հնարավորություն է կենտրոնացված ուժերով և համատեղ ջանքերով իրականացնելու տարբեր  ծրագրեր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ նախատեսված ծրագրերը ներառում են ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, հեռուստատեսային ֆիլմաշար Երվանդ Քոչարի մասին, հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ նրա ժառանգության վերաբերյալ, գովազդային արշավներ, միջոցառումներ միջազգային հարթակներում և այլն:  Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է, որ հոբելյանական միջոցառումների օրակարգը մեկնարկելու է վաղվանից՝ «Քոչար ֆեստ» ծրագրով:

«Առանձին հետաքրքիր ծրագրեր են նախատեսված նաև՝ նվիրված Քոչարի քանդակներին: Հնարավոր է հետաքրքիր անակնկալ մատուցենք մեր քաղաքացիներին»,- փակագծերը չի բացել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա նաև Կենտրոնական բանկի թողարկած ոսկեդրամի շնորհանդեսը: ԿԳՄՍ փոխնախարարն առանձնակի ընդգծել է մարզային ծրագրերի առկայությունը, ինչին հատուկ կարևորություն է տրվել՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով:

Եզրափակելով խոսքը՝ նա հույս է հայտնել, որ հոբելյանական տարին արդյունավետ կօգտագործվի իրական հաջողությունների հասնելու և հնարավորինս հանրահռչակելու Երվանդ Քոչար արվեստագետին, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նաև թանգարանի այցելությունների թվի աճի վրա:

Աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ  նախարարությանն աջակցության և լայնածավալ միջոցառումներով Քոչարին հանրահռչակելու ջանքերի համար:

«Երվանդ Քոչարն այն արվեստագետն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ: Նրա ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երևույթներից է. Քոչարը 1923-1930 թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել եվրոպական ավանգարդի ստեղծման գործում: Հայաստան վերադառնալով՝ նա իր հետ բերել է ժամանակակից արվեստը՝ կոտրելով սոցիալիստական ռեալիզմի կաղապարները և հաստատել արվեստագետի ազատ և անկաշկանդ ստեղծագործելու իրավունքը: Կարծում եմ՝ մեր պետության և թանգարանի համատեղ ջանքերով աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին, որը Հայաստանին և աշխարհին նվիրել է քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- ասել է Կարինե Քոչարը:

Միջազգային հոբելյանական ծրագրեր

Նրա խոսքով՝ հոբելյանական տարվան նվիրած միջոցառումները մեկնարկել էին դեռ տարեսկզբին: Նա, մասնավորապես, ընդգծել է Ֆրանսիայի «Պիկասո» թանգարանում Ե. Քոչարի տարածանկարի ցուցադրությունը. «Մեզ համար շատ կարևոր մեկնարկ էր մաեստրոյի տարածանկարի ցուցադրությունը «Պիկասո» թանգարանում, որին հաջորդեց ևս մեկ հոբելյանական միջոցառում Ֆրանսիայի ՀԲԸՄ-ում, որին աջակցել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը»:

Խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին՝ բանախոսն ընդգծել է, որ դեռ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր. «Բարեհաջող ընթացքի մեջ են Թիֆլիսում և Փարիզում Քոչարի ապրած տների վրա ցուցանակների ամրացման աշխատանքները: Սեպտեմբերին կբացվի «Սրճարանում» խորագրով ցուցադրությունը, որին կհաջորդի  «Քոչարի իրական անիրականը» խորագրով ցուցահանդեսը՝ Քոչարի մարդ-քաղաք շարքի ստեղծագործությունների անիմացիաներով»:

«Քոչար ֆեստի» մասին

Հունիսի 22-ին կայանալիք «Քոչար ֆեստի» մասին խոսելիս Կարինե Քոչարը նշել է. «Հրավիրում ենք մեր համաքաղաքացիներին գեղեցիկ օր ունենալու և հաղորդակից լինելու Քոչարի արվեստին «Քոչար ֆեստի» միջոցով»: Նա տեղեկացրել է, որ օրվա ընթացքում լինելու է փազլի մրցաշար, որի շրջանակում 125 երեխա կհավաքի Քոչարի հեղինակած էսքիզներով պատկերներ:

«Կցուցադրվի արհեստական բանականությամբ նկարիչ ռոբոտ սարք, լինելու է ֆիլմերի, արտ օբյեկտների, Քոչարի գործերի լուսային ցուցադրություն,  իսկ ահա երեկոն կավարտվի ջազ համերգով՝ Վահագն Հայրապետյանի և Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ»,- ասել է Կարինե Քոչարը: 

Ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսված միջոցառումները ներկայացրել է տնօրեն Մարինա Հակոբյանը:

«Մշակութային ժառանգության տարածումն ու հանրահռչակումը մեր առաջնային խնդիրներից պետք է լինեն, ինչին էլ միտված են հոբելյանական տարիներին անդրադառնալը: Սա հնարավորություն է բացահայտելու Երվանդ Քոչարին՝ որպես խորքային և բազմապլան արվեստագետի: Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի առաջին կեսին նախատեսված է ցուցադրություն, որտեղ կներկայացվի  Քոչարի ամբողջ ստեղծագործական ուղին. մեր շեշտադրումը լինելու է Քոչար գյուտարարին, նորարարին, համաշխարհային մասշտաբով տարածական գեղանկարչության հիմնադրին ներկայացնելը: Միայն փարիզյան շրջանին տրամադրվելու է երկու սրահ, որտեղ անիմացիոն լուծումներով ներկայացվելու է գեղանկարչի արվեստը: Հոբելյանական տարում մենք խնդիր ունենք ցույց տալու, որ Երվանդ Քոչարը ոչ թե կղզիացած արվեստագետ է, այլ միջազգային արժեհամակարգ կրող: Ուստի մաղթում եմ, որ մեր մշակույթն ու ժառանգությունը զբաղեցնեն իրենց արժանի տեղն ամբողջ աշխարհում»,- ասել է ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ  քայլով ցուցահանդեսը դուրս կգա Հայաստանի սահմաններից և կշրջի  աշխարհում:

Հոբելյանական տարվա ծրագրերին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930