Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանափակել ջրառը Սևանից». պետական կառույցներին ներկայացվել են առաջարկություններ լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ

Հունիս 21,2024 18:04
Sevan lake

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։

Այն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին։

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տվել են հետևյալ առաջարկությունները․

1.Սահմանափակել ջրառը Սևանա լճից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված քանակով։ Արագացնել ջրամբարների կառուցումը՝ ջրառը կարգավորելու համար։

2.Միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի կորուստը կրճատելու համար։

3.Կրճատել կամ կանխել ջրահավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումների միջոցով կենսածին նյութերի ներթափանցումը լիճ, որը հնարավոր է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցմամբ և շահագործմամբ՝ առնվազն խոշոր բնակավայրերում։

4.Սահմանափակել հանգստյան գոտիներից կենսածին նյութերի ներթափանցումը լիճ՝ խիստ հսկողություն սահմանելով վերոնշյալ աղբյուրներից արտանետումների նկատմամբ։

5.Աստիճանաբար նվազեցնել հատակային նստվածքներից կենսածին նյութերի ջրային միջավայր անցումը՝ ապահովելով ջրի մակարդակի կայուն բարձրացում և հիպոլիմնիոնային պաշտպանիչ շերտի վերականգնում։

6.Աջակցել ՀԷԿ-երի ուսումնասիրություններին.փոքր ՀԷԿ-երը, համարվելով էկոլոգիապես մաքուր, կարող են տեղային մակարդակով վնաս հասցնել։ Կառուցված լինելով ձկների ձվադրավայր հանդիսացող գետի վրա՝ փոքր ՀԷԿ-ը նպաստում է այդ շրջանում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, հոսքի արագացմանը, ինչը խաթարում է և՛ ձվադրման գործընթացը, և՛ ձկների կերային բազան։

7.Կանխել կամ նվազեցնել ներլճային կենսաբանական գործընթացները, մասնավորապես՝ սննդային շղթայի խախտմամբ պայմանավորված աղտոտումները՝ վերականգնելով խեցգետնային և ձկնային պաշարները։

8.Արգելել օտար ձկնատեսակների բուծումը Սևանա լճի ավազանում։

9.Խստացնել որսի թույլտվության պայմանները, քանի որ ոչ կանոնավոր որսի պատճառով արդյունագործական նշանակության սիգը և հատկապես խեցգետինը պակասել են։

10․Կազմել Սևանա լճի հետագա զարգացման ռազմավարություն, որում պետք է գիտականորեն հիմնավորված լինի տարբեր ուղղությունների հարաբերակցությունը՝ Սևանա լիճը որպես յուրօրինակ քաղցրահամ ջրի աղբյուր, ռեկրեացիոն գոտի և ձկնարդյունաբերության վայր։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930