Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության վերաբերյալ

Հունիս 21,2024 17:57

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր:

Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ նախարարությունը կարևորում է հայկական մշակույթի հանրահռչակման և միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը, ուստի պատրաստ է աջակցել Նարեկացու գլուխգործոցի գերմաներեն թարգմանությանը: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Արմենուհի Դրոստ Աբգարյանի հայագիտական գործունեության համար. 100-ից ավելի գիտահետազոտական հրատարակությունների (մենագրություններ և հոդվածներ տարբեր լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն) հեղինակը երկար տարիներ ղեկավարել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնը:
Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ հանդիպմանը քննարկվել է հնարավոր համագործակցությունը՝ միտված հայագիտության զարգացմանը, տարբեր համատեղ հետազոտությունների հնարավորությանը, այդ թվում՝ արխիվավարության, արխիվային գործի շրջանակում՝ կարողությունների զարգացման և համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:
Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է նաև ընդունելություն, որին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարը, հայ համայնքի կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը:
Գերմանիա այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև «Հումբոլդ ֆորում» հիմնադրամի նախագահ Հարթմութ Դորգերլոհի հետ: Ներկայացնելով ֆորումի գործունեությունը՝ հիմնադրամի նախագահը նշել է, որ այն համախմբում է մի շարք կրթամշակութային նախաձեռնություններ և ընկերություններ՝ պրուսական մշակույթի ժառանգություն, Էթնոլոգիական թանգարան, Բեռլինի մի քանի պետական թանգարաններ, Հումբոլդի համալսարան և այլն:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930