«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Ոսկեպար այցի ընթացքում ոստիկանները հետեւում էին նրան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր այցելել են Կիրանց եւ Ոսկեպար։
Ոսկեպարում սրբազանին հետեւում էր ոստիկանական երեք մեքենա, մի խումբ ոստիկաններ էլ տեսադաշտից նրան բաց չէին թողնում։
Կարդացեք նաև
Սրբազանը, ինչպես խոստացել էր, այցելել էր Կիրանց եւ Ոսկեպար, որպեսզի պարզեր՝ իսկապե՞ս սահմանին տեղադրվել է այն ցանկապատը, որը Նիկոլ Փաշինյանը նկարով ցույց էր տալիս Շուռնուխի բնակիչներին։
Կիրանցում բնակիչներից ոմանք քանդում են այն տները, որոնք սահմանազատմամբ անցնելու են Ադրբեջանին։
Իսկ Լենա տատը, որը շարժման բողոքի ցույցերի ակտիվ մասնակից է, Aravot.am-ին ասաց, որ չի կարող ինքն իր ձեռքով իր տունը քանդել։
Տանը լքելու մասին էլ ասաց․«Եթե կարան ինձ տանից հանեն, թող հանեն, իրանց լինի, ես կգնամ, բա իմ էրեխե՞քը»։
Դիտարկմանը՝ ադրբեջանցիներն այսքան մոտ են եկել գյուղին, Լենա տատը խորհրդային ժամանակները հիշեց, ասաց՝ էլի ենք ապրել հետները, միասին աշխատել ենք, նույն գումարն ենք ստացել․ «Բայց դե որ շունն ու կատուն դարձավ, ի՞նչ անենք։ Հիմա հնարավոր չի միասին ապրել, անգամ ջուր խմել էլ պետք չի»։
Տարեց կինը հենց սկզբից էլ հետեւել է շարժմանը, թե ինչ զարգացումներ են եղել, Սուրեն Պետրոսյանի ու շարժման միջեւ ծագած խնդիրներից էլ է խաբար։ «Չվախենաս, թիկունք լեն պահի»,-Պետրոսյանին խորհուրդ տվեց Լենա տատը։