Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում իշխող մեծամասնությունը լրջորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելու հարցը»․ Արման Եղոյան

Հունիս 21,2024 17:18

ՀՀ կառավարությունը, իշխող մեծամասնությունը շատ լավ գիտի մեր ժողովրդի տրամադրվածությունը եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը ձեւավորվել է նաեւ մեր՝ իշխող ուժի ջանքերով․ խորհրդարանում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Եղոյանը՝ խորհրդարանում հրավիրված՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Արման Եղոյան

Նա հիշեցրեց՝ ՀՀ-ի եվրոպական ձգտումների մասին, պաշտոնական մակարդակով, առաջինը խոսել է ՀՀ վարչապետը՝ եվրոպական ամբիոնից՝ ասելով, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ում անհրաժեշտ կհամարեն՝ տարակուսելով՝ սրանից պարզ հրապարակում՝ Հայաստանի քաղաքական օրակարգի, բարդ է պատկերացնում։

Նա օրինակ բերեց նաեւ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, ինչն էլի ՀՀ կառավարության աշխատանքի արդյունք է եւ այդ առաքելությունը իր մեծությամբ երկրորդն է։ Վկայակոչեց իրավապայմանագրային բազայից բխող այլ քաղաքական հանձնառություններ էլ, որոնք շուտով հրապարակային կդառնան։

Իսկ հանրաքվե անցկացնելու մասով մեկ՝ կենսունակ եւ լեգիտիմ փաստարկ է լսել այսօրվա քննարկումներում, դա անվտանգայինն է։

«Միգուցե, բայց եթե այս քայլն է մեզ համար անվտանգության բարձիկ, մենք կարող ենք ավելի անվտանգ անվտանգության բարձիկ դնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ բացման խոսքում իր առաջարկի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, պատասխանը չլսեց։

Նա նաեւ հայտարարեց՝ ՀՀ-ում իշխող մեծամասնությունը լրջորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելու հարցը եւ պատեհ պահին կառավարությունը եւ իշխող մեծամասնությունը կգան եզրահանգման, դրա մասին կհայտարարեն։

Արման Եղոյանը լսումների մասնակիցներից դժգոհ մնաց, քանի որ մինչեւ 2026 թվականը ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ համագործակցության համաձայնագիրը պետք է իրականացված լինի, բայց կառավարությունը, խորհրդարանը դեռ ոչ մի առաջարկ չի ստացել՝ դրա դրույթների իրականացման գործնական քայլերի մասին․ օրինակ՝ առանց սոյայի թթվասեր արտադրելու կամ առանց ցորենի սպիրտի կոնյակ արտադրելու, սա է ԵՄ-ն։

Արման Եղոյանի այս եւ այլ դիտարկումներ դուր չեկան լսումների մասնակիցներին։ Դահլիճից ռեպլիկներ հնչեցին։

«Լռեք եւ մի խանգարեք»,- նախատեց Արման Եղոյանը՝ դիտողություն անելով նաեւ Տիգրան Խզմալյանին, որը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ով դեմ է ԵՄ-ին ինտեգրվելու հանրաքվեին, չի կարող տեղ ունենալ իր կողքին։ Տիգրան Խզմալյանը հակադարձեց․ «Դուք դեմ չեք, պարոն Եղոյան, դա ձեզ չի վերաբերվում»։ Արման Եղոյանն արձագանքեց՝ գեղեցիկ չի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք Ժողովրդավարական ուժերի հարթակը երեկ համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։

Այսօր խորհրդարանական լսումներ էին՝ նույն թեմայով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930