Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի կինոգործիչների միության միջեւ»

Հունիս 21,2024 16:50

Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի կիրառումը պատմական հնարավորություն է տալիս կինոյում ձևավորված արատավոր կլանային կառավարման մոդելը ապամոնտաժելու, հայ կինոյի հետընթացը կասեցնելու, մեծ կինոինդուստրիա վերադարձի նախադրյալներ ստեղծելու համար։ Այս գործում ձեր մասնակցությունը խիստ կարևոր է։ Շնորհակալ ենք, եթե տարածել եք Ֆեդերացիայի այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդը ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ ՖԱՀՖ նախագահ Հովհաննես Գալստյանը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հրավիրվել է մասնակցելու «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ ասուլիսների սրահում կայանալիք աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը:

ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը ուղղակիորեն առնչվում են ֆիլմերի ընտրության, գնահատման և ֆինանսավորման համակարգին։ Այդ առաջարկների հիմքում դրված են կինոյի պետական կառավարման համակարգում մասնագիտական ասոցիացիաների և շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների դերի ավելացումը համաչափության (պարիտետային) սկզբունքով՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում հավասար քվոտաների և հավասար թվով անդամներ ունենալու հնարավորությամբ։

Մեր առաջարկած փոփոխությունները նպատակ են ունեցել արմատախիլ անել հայկական կինոյում արմատացած տարածված երևույթները՝ կլանայնությունն ու հովանավորչությունը, պետական ֆինանսավորման ոչ թափանցիկությունը, խմբային շահերի վերադասումը, անհավասար պայմանների կիրառումը, և ապամոնտաժել այն համակարգը, որը հանգեցրել է հայկական նոր կինոյի հետընթացին ու միջազգային մեկուսացմանը։

Մենք առաջնորդվել ենք այն վարկածով, որ ոլորտը կարգավորող բարձրագույն պետական մարմինը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, պատվախնդիր է կինոյում արմատական բարեփոխումների հարցում և ընդառաջ ենք գնացել նախարարությանը՝ ներկայացնելով մանրակրկտորեն մշակված առաջարկներ, որոնք անհրաժեշտ են կինոլորտի առողջացման համար և որոնք, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հավաստիացումների, պետք է դրվեին շրջանառության մեջ։

Ցավոք, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը և առաջին հանդիպման համար ընտրված վայրը ստիպում է մեզ կասկածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության անկողմնակալությանը։

Մեզ համար անընդունելի է, որ աշխատանքային խմբում կինոոլորտի կառույցներից մեկը՝ «Հայաստանի Կինոգործիչների միություն» ՀԿ-ը, ներկայացված է 4 անդամով, երբ մյուս կառույցներն ունեն միայն մեկ ներկայացուցիչ, ինչը հակասում է համաչափության մեր առաջարկած սկզբունքին։ Տարակուսելի է նաև այն, որ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը անցկացվում է նույն այդ ՀԿ-ի ասուլիսների սրահում, երբ կինոյին տրվող պետական ֆինանսների կանոնակարգի ստեղծումը առնչվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի Կինոյի Հիմնադրամի գործառույթներին։

Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ աշխատանքային խմբում ներառված են մարդիկ, ովքեր հեղինակել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգը, որի կիրառման արդյունքն են հայկական կինոյի կուտակված անլուծելի խնդիրները՝ դատական գործընթացներ, մի քանի տասնյակ անավարտ ֆիլմեր, նույն արտադրողների բազմակի ֆինանսավորում և այլն։

Ս․թ․ հունիս 17-ին մենք նամակով դիմել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարին և հայտնել մեր մտահոգությունը վերոնշյալի կապակցությամբ։ Մեր նամակը մնացել է անպատասխան, ինչն ամրացրել է մեր կասկածները առ այն, որ առկա է ստվերային համաձայնություն ՀՀ ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջև՝ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի» պահանջներով պայմանավորված կինոյի բարեփոխումների ընթացքը վերահսկելու կամ տապալելու կապակցությամբ։

ՖԱՀՖ-ը հայտնում է իր անհամաձայնությունը ֆիլմերի ֆինանսավորման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմի և հանդիպման վայրի վերաբերյալ  ու տեղեկացնում է գործընկերներին հետևյալը․

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը մեզ համար ընդունելի չէ, քանի որ ցանկում ներգրավված մասնագիտական կառույցները չունեն հավասար մասնակցություն և ակնհայտ է կառույցներից մեկի դիրքի բացահայտ չարաշահումը։

2.Աշխատանքային խմբի համար աշխատանքի նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով առաջարկում ենք տեղափոխել աշխատանքների անցկացման վայրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կամ ներկայացված կազմակերպություններին չառնչվող որևէ չեզոք վայր։

Մեր առաջարկներն անտեսելու դեպքում, մենք հիմքեր կունենանք պնդելու, որ  «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ շարունակում է պայքարել կինոյի կառավարման ոլորտում գերակա, մոնոպոլ դիրքեր ունենալու համար և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը աջակցում է նրան այդ պայքարում։

Որպես դրա հետևանք, ՖԱՀՖ-ը կսառեցնի իր մասնակցությունը աշխատանքային խմբում, հետ կկանչի կինոյի բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և դատական կարգով կպաշտպանի ՖԱՀՖ-ի կողմից հեղինակած առաջարկների մասնակի կամ ամբողջական օգտագործման անթույլատրելիությունը ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգում։

Հովհաննես Գալստյան | Կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ Panarmenian Federation of Film Producers Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի Քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930