Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս մեկ դարդ ու նպատակ ունենք՝ անվտանգ վերադարձ»․ Արցախի թեմի առաջնորդ

Հունիս 21,2024 16:58

«Անկախ նրանից՝ ապրում ենք մայր Հայաստանում, թե օտար ափերում, միևնույն է, փախստականը և նրա կարգավիճակը մշտապես խոցելի են»,- Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա հիմնավորեց՝ չի կարող մարդն ավելի լավ պայմաններում ապրել, քան իր հայրենի տունը․ «Ինչ էլ, որ մեզ մատուցեն, ինչ ծառայություններ, ինչ սոցփաթեթներ էլ տրամադրեն, միևնույն է, չի կարող այն ավելին լինել, քան իր ներդաշնակությունն է, մեր ընտանիքն է, որ ապրում էինք։ Շնորհակալ ենք մեր հայրենի պետականությանն ու իշխանությանը, որ կարողանում են եղածի մեջ իրենց ներդրումը բերել արցախահայության հարցերը լուծելու համար»։

Վրթանես եպիսկոպոսը ցավով նշեց՝ արցախցին երբեք այս ձևաչափով չի թողել իր հայրենիքը․ «Տարբեր դարերում եղել է, որ արցախցիները պատմական կամ տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմական երևույթներով պայմանավորված դուրս են եկել և տեղափոխվել այլ երկրներ։ Բայց այնտեղ նրանք կարողացել են, թեև դժվարությունների մեջ, պահպանել իրենց համայնքային կյանքը։ Երբ շահ Աբասն ամբողջ Սյունիքն ու Արցախը տեղահանեց, մեր ժողովուրդը նաև Պարսկաստանում կառուցեց այդ համայնքների նման համայնքներ՝ չփոխելով իրենց ինքնությունը և անունը։ Ուզում եմ, որ հիմա էլ համախմբենք Արցախի համայնքների համայնքապետին, դպրոցի տնօրենին և համայնքի քահանային, որ նրանք կարողանան համապատասխան ծրագիր մշակել, տեսնեն՝ իրենց համայնքի բնակիչները որտեղ են գտնվում, եթե հնարավորություն լինի միասնական ապրելու՝ արդյոք համաձա՞յն են, թե՞ ոչ։ Եթե այս գործընթացը ստանա համապատասխան մարմին, կարող ենք նման ձևաչափով դիմել պետության մարմիններին՝ ասելու, որ օրինակ՝ այս համայնքի բնակիչների մոտ կեսը ցանկություն ունեն միասին ապրելու»։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փաստեց՝ միջազգայնորեն հաստատված է՝ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց ապրուստի միջավայրը, որտեղ իրենք ապրել են․ «Այդ ընթացքը, որը տեղի է ունեցել, բռնի տեղահանություն էր՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի, պատերազմի, Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված գործողություն, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ։ Վերադարձի գործընթաց նույնպես պետք է լինի՝ մեր ցանկությամբ ու պահանջներով՝ օրակարգ մտցնելով արցախցիների պահանջը։ Եթե մենք լուռ նստենք, չփորձենք մեր պահանջները բարձրացնել, հարցը լուռ կմնա և կդադարի։ Չկա արցախցի, չկա Արցախ։ Պիտի համապարփակ ծրագրեր մշակենք, ցույց տանք մեր՝ միահամուռ լինելու գաղափարը, որ արցախցիները՝ լինեն Սյունիքում, թե Երևանում, բոլորս կապված են միմյանց։ Բոլորս մեկ դարդ ու նպատակ ունենք՝ անվտանգ վերադարձ։ Այնպես արեք, որ մարդկանց մեջ չմարի Արցախի հարցը, միշտ արթուն ու զգոն պահեք մարդկանց»։

 

Վրթանես եպիսկոպոսը հանդիպման ժամանակ նաև կարևորեց Սփյուռքի արցախցիների ներուժն օգտագործելը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930