Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը։ Նա նավագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հայ հանդիսատեսին ներկայացրեց ամերիկացի կոմպոզիտոր Սամյուել Բարբերի Ջութակի կոնցերտը` 3 մասից։
Սոյունգ Յունը համագործակցության մեծ փորձ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ «Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթ ենք արդեն 20 տարի։ Նա ջերմ ու եռանդով լի երաժիշտ է։ Ինձ դուր է գալիս նրա հետ կիսվել երաժշտական գաղափարներով‚ երազանքներով և իհարկե ելույթ ունենալ նույն բեմում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունեցել 4 անգամ‚ և ամեն անգամ աշխատանքը դարձել է յուրահատուկ ու հիշարժան ճամփորդություն։ Մեզ համար միշտ թանկ են լինում այն պահերը‚ որոնք ստեղծվում են փորձերի ու համերգների ժամանակ»‚- ասում է Սոյունգ Յունը։
Համերգի ընթացքում հնչել են նաև անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» սյուիտը‚ հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների սյուիտներից‚ ինչպես նաև Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը։
Նշենք‚ որ «Օպերայի ուրվականը» շատերին ծանոթ է որպես մյուզիքլ կամ որպես ֆիլմ։ Ժամանակակից կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի հանրահայտ «Օպերայի ուրվականը» սյուիտը Հայաստանում ներկայացվեց առաջին անգամ։ Համերգային կատարմամբ ունկնդիրը վայելեց բոլոր այն մեղեդիները, որոնք հնչում են ֆիլմում ու մյուզիքլում, և որոնք կոմպոզիտորը խնամքով միավորել է «Օպերայի ուրվականը» նվագախմբային սյուիտում։
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ